• Համընթա՛ց քայլել ժամանակի mass media պահանջներին.Ֆրանցիսկոս Քահանայապետի ելույթը՝ Սուրբ Աթոռի նորաստեղծ քարտուղարության նիստին

    «Սուրբ Աթոռի հաղորդակցության համակարգը ավելի լավ կհամապատասխանի Եկեղեցու առաքելութեան պահանջին»:


     

    2017թ-ի մայիսի 4-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Քոնչիսթորո Սրահում ունկնդրություն շնորհեց Սուրբ Աթոռի Հաղորդակցության քարտուղարություն լիանիստ համագումարի 40 մասնակիցներին: Սրբազան Քահանայապետը գոհունակություն հայտնեց այս «լիանիստ անդրանիկ ժողովի առթիվ»: Նա իր խոսքում ասաց,  որ այդ հանդիպումով նրանք հնարավորություն ունեցան միմյանց ճանաչելու և խորացնելու իրենց շփումները, նաև քննարկելու վերոնշյալ բաժանմունքի գործընթացը, ինչպես նաև միասին խորհրդածելու ժամանակակից ու արդիական մի նյութի  մասին, որն է՝ «թվային մշակույթը»:

     

    Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնելով Հաղորդակցության քարտուղարության կառավարիչ գերապայծառ Վիկանոյին, ինչպես նաև՝ իր համագործակիցներին, նշեց որ  «Ժողովի ընթացքում քննարկված նյութը` իր համար սրտամոտ նյութ է՝ որոնել նոր ընթացակարգ և չափանիշներ՝ բոլոր ազգերին հաղորդելու համար Տիրոջ Ողորմության Ավետարանը ու այն հասցնելու տարբեր մշակույթների սրտերին, ժամանակակից ու նորաձև հաղորդակցության միջոցներով, որոնք տրամադրում է «թվային մշակույթը»:

     

    «Այս բաժանմունքը, որը շուտով՝  հունիսի 27-ին, կբոլորի երկրորդ տարին, մի նոր իրականություն է, որը բարեփոխումի ճանապարհով առաջ կընթանա անվերադարձ քայլերով»,- ասաց Քահանայապետը ու փաստեց. «Բարեփոխումը չի նշանակում գույն տալ….բարեփոխում՝ նշանակում է այլ ձև տալ իրականությանը և այն կազմակերպել տարբեր ձևերով։ Այդ մեկը մենք անելու ենք իմաստությամբ, հեզությամբ ու նաև, մի քիչ բռնությամբ «բարի բռնությամբ» ասաց Նորին Սրբությունը ու ակնարկեց, որ «արդարև այդ բարեփոխումը համադրում կամ միացումը չէ գոյություն ունեցող նախկին բաժանմունքների միջև, այլ՝ նոր կառույցի ստեղծումը, այնպես ինչպես գրել էի ինքնագիր նամակիս մեջ – ասաց Քահանայապետը ու մեջբերեց նամակի խոսքերը. «Արդիական հաղորդակցության միջոցների արագընթաց զարգացումները Ս. Աթոռից պահանջում են վերանայել հաղորդակցությունների միջոցների վերակազմավորումը, վերարժևորել Առաքելական Աթոռի հաղորդակցությունների միջոցների ցանցը, և այն միավորել՝ լավագույնս մատակարարման նպատակով։ Այս առնչությամբ հարմար նկատեցի, որ բոլոր այն բաժանմունքները, որոնք տարբեր ձևերով մինչև այսօր զբաղվում են հաղորդակցությամբ, միավորվեն Հռոմի Ծերակույտի ներքո գտնվող մի մարմնում, որը պետք է կոչվի «Հաղորդակցության քարտուղարություն»: Այսպիսով Սուրբ Աթոռի հաղորդակցության համակարգը ավելի լավ  կհամապատասխանի Եկեղեցու առաքելութեան պահանջին»։

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, ապա նշեց, որ հաղորդակցության համակարգը, անցյալի բաղդատությամբ, բոլորովին փոխված է և որ հարկ է համակերպվել այդ փոփոխությանը: Նա մատնանշեց, որ «L’Osservatore Romano» օրաթերթը պետք է լիիրավ մասը կազմի «Հաղորդակցության qարտուղարություն» և այն  պետք է նոր ու տարբեր ձևեր գտնի` ընթերցողներին ավելի հասանելի դառնալու համար, այնպես ինչպես Ռադիո Վատիկանը պետք է ավելիով օգտագործի արդիական արհեստավարժությունները։

     

    «Գործը մեծ է, մեծ է նաև մարտահրավերը, սակայն կարելի է և պետք է կատարել», ապա Նորին Սրբությունը ավելացրեց. «Պատմությունը փորձառությունների արժեքավոր ժառանգություն է, որ հարկավոր է պահպանել եւ օգտագործել՝ որպես դեպի ապագայի սլացք, ապա թե ոչ այն կվերածվի լոկ թանգարանի, այցելուների համար գեղեցիկ, սակայն անկարող՝ ուժ ու քաջություն ներշնչելու ուղևորության շարունակության համար»:

     

    Ելույթի ավարտին Սրբազան Քահանայապետը ընդգծելով, որ նորաստեղծ հաղորդակցության համակարգի կառուցման գծով հարկավոր է նաև աշխատավորների կազմավորումը և նրանց մասնագիտությունների թարմացումը, քաջալերեց ներկաներին քաջությամբ հարատևել իրենց աշխատանքում՝ որպես ուղեցույց ունենալով առաքելական չափանիշը, հատուկ ուշադրություն դարձնելով թշվառության, դժվարության և աղքատության երևույթներին՝ այն գիտակցությամբ, որ  հարկավոր է դրանց համար ևս գտնել պատշաճ լուծումներ։ Այսպիսով, հնարավոր կլինի Ավետարանը տանել ամենուրեք՝ արժևորելով մարդու ուժը, սակայն առանց տեղական Եկեղեցիների հաղորդակցության միջոցները փոխարինելու ու միաժամանակ թիկունք կանգնելով եկեղեցական կարիքավոր հասարակություններին:

     

    «Տեղի չտա՛նք փառավոր անցյալին կապվելու փորձությանը, այլ միասնական մեծ հանձնառությամբ համապատասխանե՛նք հաղորդակցության նոր մարտահրավերներին՝ առանց երկյուղի»,- ասաց Ֆրանցիսկոս Պապը և իր խոսքը եզրափակեց՝ երախտագիտություն հայտնելով բոլորին ու քաջալերելով նրանց շարունակել եղբայրական համագործակցությունը,  ապա բոլորի համար հայցեց Տիրոջ օրհնությունները` Եկեղեցու Սուրբ Մոր՝ Սուրբ Կույս Մարիամի բարեխօսությամբ, որպեսզի Մարիամն իր քնքշությամբ հսկի մեզ վրա։

     

    Ռադիո Վատիկանի հայկական բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց