Օտարերկրացի լրագրողները հետարքրված էին հայկական իրականության լայն համայնապատկերով:
2017թ. ապրիլի 25-ին Գյումրիի Հայ Կաթողիկէ առաջնորդարան այցելեցին Ավստրիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի կաթողիկէ և հասարակական ուղղվածության լրատվամիջոցների մոտ մեկ տասնյակ լրագրողներ, ովքեր ուսումնասիրություններ են անում և նյութեր պատրաստում Հայոց Ցեղասպանության, Ղարաբաղյան հիմնախնդրի, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, Հայ Առաքելական և Հայ Կաթողիկէ Եկեղեցիների մասին: Նրանց ուղեկցում էր Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի հայրապետական պատվիրակ Հ. Տիրան աբեղա Պետրոսյանը:
Նախքան Հայ Կաթողիկէ առաջնորդարան այցելելը, օտարերկրացի լրագրողները հանդիպել են նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարների, այլ պաշտոնյաների հետ, ապրիլի 24-ին Սուրբ Էջմիածնում մասնակցել են Սուրբ Պատարագի, ապա հարցազրույց ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հետ:
Օտարերկրյա լրագրողները ապրիլի 25-ին Գյումրիում նախ այցելեցին Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Տաճար, որտեղ նրանց դիմավորեցին Գյումրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը և Փանիկի ժողովրդապետ Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը:
Հայ կաթողիկէ առաջնորդարանը ճաշկերույթ կազմակերպեց լրագրողների համար, հայ կաթողիկէ հոգևորականների հետ միասին: Ապա հյուրասրահում տեղի ունեցավ հարցազրույց՝ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի հետ: Լրագրողների հարցերը վերաբերում էին Հայաստանի հայ կաթողիկէ համայնքներին, Հայ Առաքելական Եկեղեցու հետ հարաբերություններին, դավանանքային ընդհանրություններին և տարբերություններին և այլ հարցերի:
Տ. Գրիգորը մասնավորապես շեշտեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետ հարաբերությունները զարգանում են ամենադրական ուղղությամբ, ջերմ երկխոսությամբ՝ շեշտելով դավանքային ընդհանրությունը, համակարծությունը դավանանքի հիմնական ընկալման մեջ, ազգային պատմական միությունը և եղբայրությունը:
Լրագրողներն այցելեցին նաև Հայկական Կարիտասի կենտրոնական գրասենյակ, զրուցեցին տնօրինության հետ, ապա այցելեցին Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց, նաև՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարան: