Արդյո՞ք բոլորս գիտակից ենք, թե ինչ է ուզում մեզ սովորեցնել Եկեղեցին Քրիստոսի Հարության ավետաբեր լուրի հռչակումով:
«Դրանից յետոյ Յիսուս սկսեց յստակօրէն յայտնել աշակերտներին, թէ պէտք է, որ ինքը Երուսաղէմ գնայ, բազում չարչարանքներ կրի եւ անարգուի քահանայապետներից, օրէնսգէտներից, ժողովրդի ծերերից, սպանուի եւ երրորդ օրը յարութիւն առնի»: (Մատթ. 16,21)
Հայաստանյաց Եկեղեցու հինգ մեծ տոներից կամ տաղավարներից մեծագույնը կոչվում է Ս. Զատիկ կամ մեծ Զատիկ:
Հիսուս Քրիստոս միակ մարդն էր, ում երկրավոր կյանքը պսակվեց Հարությամբ: Նոր Կտակարանի բոլոր գրքերը վկայում են այս մասին: Բոլոր առաքյալները Հիսուս Քրիստոսի Հարությունը դարձրել են իրենց քարոզչության հիմնակետը: Բոլոր եկեղեցիները միշտ անվարան կերպով քարոզել են այս ճշմարտությունը և մինչև օրս էլ ոչ մի եկեղեցի չի կարող քրիստոնեական կոչվել և եկեղեցիների համամիութենական շարժմանը մասնակցել, եթե չի խոստովանել հարուցյալ Քրիստոսին:
Հետաքրքրական է նշել, որ 120 անձերի առջև երբ նորածին եկեղեցին հիմնադրվում էր, Պետրոսը խոսելով Հուդայի փոխարեն նոր առաքյալի ընտրության կարևորության մասին հաստատում էր հետևյալը.
«Արդ, մէկն այս մարդկանցից, որոնք մեզ ուղեկցում էին այն ամբողջ ժամանակ, երբ Յիսուս երկրի վրայ մեզ հետ էր սկսած Յովհաննէսի մկրտութիւնից մինչեւ այն օրը, երբ մեր միջից երկինք վերացաւ – պէտք է, որ նա մեզ հետ վկայ լինի նրա յարութեանը»: (Գ. Առ. 1,21-22)
Հիսուս Քրիստոսի հարությունը հանդիսանում է Նրա երկրավոր կյանքի գագաթնակետը, որը բացահայտում և իմաստավորում է Նրա խոսքերն ու գործերը: Աստվածորդու հարությունը օգնում է մեզ ըմբռնելու նրա մեղսաքավիչ մահվան ու աստվածային տնօրինության վսեմությունը:
Մարդիկ անարդար կերպով խաչել են Հիսուս Քրիստոսին, բայց Աստված նրան փառավորել է: Քրիստոսի հարությունը համայն մարդկության անսպառելի հույսի մի աղբյուր է, որովհետև ողորմած Փրկիչը մեզ բոլորիս խոստացել է նույն նորոգումը և հարության փառքը:
Սրա համար էլ Քրիստոսի հարության մեծ խորհուրդը միշտ առաջին տեղն է քրիստոնեական քարոզչության մեջ:
Բայց, արդյո՞ք բոլորս գիտակից ենք, թե ինչ է ուզում մեզ սովորեցնել Եկեղեցին Քրիստոսի Հարության ավետաբեր լուրի հռչակումով:
Եկեղեցին մեզ սովորեցնում է, որ մեր Տերը խաչի վրա մեռնելուց և նորափոր գերեզմանի մեջ թաղվելուց հետո, վերստին հրաշափառ կյանքին դարձավ և եղավ կենդանի՝ իր ողջ էությամբ՝ հոգով ու մարմնով:
Նա նորից կենդանի էր, բայց ոչ թե սոսկ իր կյանքն հետ առնելով:
Նա իր Հոր արքայության մեջ, Ադամից հետո առաջինը լինելով, Քրիստոսի Հարությունը խորապես տարբերվում է Իր իսկ կողմից կատարված՝ Հայրոսի աղջկան, ամուլ կնոջ միակ զավակին կամ իր բարեկամ Ղազարոսին տված հարությունից:
Քրիստոսը առաջին անձն էր, ով իր ողջ էությամբ մտավ ու մարդկության առջև բացեց մի նոր աշխարհ:
Նրա հարուցյալ մարմինը հատուկ խորհրդականություն էր վայելում: Փրկչի հարուցյալ մարմինը իր երկրավոր կյանքի ընթացքում չուներ իրեն հատուկ մի շարք հատկություններ:
Սուրբ Պողոսը խոսում է «հոգեղեն մարմնի» մասին: Նա ասում է «մարմին», որովհետև Նրա աշակերտները կարող էին տեսնել և դիպչել Նրան, իսկ հետո ավելացնում է «հոգեղեն», որովհետև այն ենթակա չէ այլևս ժամանակատարածքային սահմանափակումների:
Ավետարանից իմանում ենք, թե ինչպես հարուցյալ Տերը կարող է հանկարծակի հայտվել և ապա նույն հեշտությամբ անհետանալ: Կարդում ենք, թե ինչպես Նա հատուկ փակ դռներով մտնում է վերնատուն և դուրս գալիս:
Այս ամենը մղում է մարդուն ասելու, որ Հարուցյալը ոչ միայն պատմական, այլև անդրպատմական մի իրողություն է, որովհետև Նա չի ենթարկվում որևէ պարփակմանը և դուրս է գտնվում պատմության բնականոն ընթացքից, փառավոր մի վիճակի մեջ, ուր տանջանքն ու մահը հաղթահարված են մեկընդմիշտ:
Ուստի շատ իմաստալից են հնչում այս խոսքերը, թե «Հարության խորհուրդը, որքան էլ անըմբռնելի և աննկարագրելի լինի տկար ու սահմանափակ լեզվի ու արտահայտչական կարողությունների պատճառով, այն այնուամենայնիվ մնում է պատմական և առարկայական վավերականություն վայելող մի փաստարկություն»:
Աստվածորդու տնօրինության խորհուրդը իրականացավ պատմության սահմաններից ներս, սակայն միաժամանակ Այն իր անսահաման արժեքով ընդգրկում ու գերազանցում է ամբողջ պատմությունը: Ուստի մենք էլ կարող ենք ասել, որ Հարությունը որքան պատմական, այնքան էլ անդրպատմական ու գերապատմական մի երևույթ է: Քրիստոսի Հարությունը մարդու ապագան է:
Սիրելի՛ եղբայրներ, այսչափ մեծ խորհրդի առջև գտնվելով, հարկ է, որ սրտանց ընդունենք և մեր կյանքի անբաժանելի մասը դարձնենք մի շարք ճշմարտություններ: Նախ պետք է խոստովանենք, որ Քրիստոս իրապես Կենդանի է և ոչ թե փոխաբերական իմաստով, իբրև թե Նա միայն հոգեպես ապրում է իրեն սիրողների մեջ: Քրիստոս կենդանի է և ապրում է ճշմարտապես՝ մարմնով, հոգով և աստվածությամբ, այսինքն որպես անձ:
Այս ճշմարտությունը հաստատում է Գործք Առաքելոցի գիրքը, որտեղ գրված է, որ «Նա իր չարչարանքներից յետոյ իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով՝ քառասուն օրերի ընթացքում երեւալով նրանց եւ խօսելով Աստծոյ արքայութեան մասին:» (Գ. Առ. 1, 3):
Այնուհետև մենք իմանում ենք, որ Քրիստոս իր աշակերտներին հայտնվեց որպես կենդանի անձ, այլ ոչ ոգի կամ հրեշտակ: Քրիստոս նրանց հայտնվեց շոշափելի ու խաչի հետքերը թողած վերքերով և իսկական զգայական մարմնով:
Եվ հետո, պետք է նշենք, որ հարուցյալ Տիրոջ մարմինը գերեզմանի մեջ դրված մարմնի հետ շարունակության մեջ էր գտնվում և նրան էր նույնացվում:
«Հավատամք»ն արտասանելով մենք խոստովանում ենք այս ճշմարտությունը ասելով. «Խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ յերկինս նովին մարմնով, նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մարմնով ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան»:
«Նովին մարմնովն» արտահայտությունը գրաբարից թարգմանված՝ նշանակում է նույն մարմնով: Ուստի չի կարելի խոսել ամբողջապես երկնքից իջած մարմնի մասին:
Բոլոր Ավետարանները խոսում են դատարկ գերեզմանի մասին և այն իրականության, որ Տերը միշտ ուզել է ցույց տալ իր վերքերի հետքերը իր հարուցյալ մարմնի մեջ, անժխտելիորեն վկայում, որ տեղի է ունեցել խորհրդավոր և մարդկային անըմբռնելի անցում, ճշմարիտ անցում, մի հրաշալի ձևափոխություն գերեզմանի մեջ զետեղված մարմինը դեպի հարուցյալ և նորոգյալ մարմինը:
«Յարութիւն առաւ, այստեղ չէ»: (Մարկ.16,6), ասաց հրեշտակը կանանց: Այսինքն Տերը հարություն առավ և այդ իսկ պատճառով այստեղ չէր կարող գտնվել:
Այսչափ մեծ և ճշմարիտ եղելիությունների մասին խորհրդածելով, կարող ենք հասկանալ, թե ինչու եկեղեցին Զատկի շրջանում մեզ հրավիրում է խառնելու մեր ուրախության զգացումները, Փրկչի անարատ Մոր՝ Մարիամ Աստվածածնի ցնծության հետ ասելով. «Ուրախ լեր, Թագուհի՛ Երկնից, Ալելուիա: Քանզի զոր դու ի քեզ կրել արժանի եղեր, Ալելուիա. Յարեաւ ահա, որպէս ասացն, Ալելուիա»:
Մենք կանչված ենք խորապես ապրելու կյանքը Հարուցյալ Փրկչի՝ ճշմարիտ լույսի առաջնորդությամբ, որպեսզի ժառանգակից դառնանք նրա Արքայության լուսավոր առագաստներին ու փառքին:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւն Քրիստոսի
Հայր Գառնիկ վրդ. Հովսեփյան