• «Տարածե՛ք ձեր թևերը և թռչե՛ք…».Ֆրանցիսկոս Պապի ուղերձը՝ աշխարհի երիտասարդությանը

    Երբ Աստված հպվում է որևէ երիտասարդի սրտին, նա ունակ է դառնում կատարելու ահռելի գործեր:


     

     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ուղերձը՝ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ

     

    «Ամենակարող Տէրը մեծ գործեր է արել ինձ համար» (Ղկ. 1:49):

     

    Ներկայացնում ենք Հռոմի Սրբազան Քահանայապետի ուղերձն՝ այս տարվա ԵՀՕ-ի առթիվ, որը տեղի ունեցավ Ծաղկազարդի Կիրակի օրը՝ 2017թ. ապրիլի 9-ին, տարբեր թեմերում: Թեման է՝.  «Ամենակարող Տէրը մեծ գործեր է արել ինձ համար» (Ղկ. 1:49):

     

    Ամենակարող Տէրը մեծ գործեր է արել ինձ համար: (Ղկ. 1:49)

     

    Սիրելի՛ երիտասարդ բարեկամներ, ահա մենք  նորից ճանապարհ ենք ընկել՝ Կրակովի մեր մեծ հանդիպումից հետո, որտեղ տոնեցինք 31-րդ ԵՀՕ-ն և Երիտասարդների հոբելյանը՝ որպես Ողորմության Տրավա մի մաս: Որպես մեր առաջնորդներ՝ մենք ընտրեցինք Սբ. Հովհաննես Պողոս 2-րդին և Սբ. Ֆաուստինա Կովալսկային՝ աստվածային ողորմության առաքյալներին, որպեսզի որոշակի կերպով արձագանքենք մեր ժամանակների մարտահրավերներին: Մենք եղբայրության և ուրախության մի հզոր փորձառություն շահեցինք և աշխարհին տվեցինք հույսի մի նշան: Մեր բազմազան դրոշները և լեզուները պատճառ չդարձան մրցակցության և բաժանման, այլ դարձան հնարավորություն՝ բացելու մեր սրտի դռները և կառուցելու կամուրջներ:

     

    Կրակովում կայացած ԵՀՕ-ի ավարտին ես հայտարարեցի մեր ուխտագնացության հաջորդ կանգառը, որն Աստծո օգնությամբ 2019թ.-ին մեզ տանելու է Պանամա: Այս ճամփորդության ժամանակ մեզ հովանավորելու է բոլոր սերունդների կողմից ամենօրհնյալ Սուրբ Կույս Մարիամը (Ղկ., 1:48): Մեր ճամփորդության այս նոր ուղին հաջորդում է նախորդ ճամփորդությանը և կենտրոնացած է Երանիների վրա, կոչ է անում մեզ գնալ դեպի առաջ:

     

    Մեծ հույս ունեմ, որ դու՛ք՝ երիտասարդներդ, շարունակելու եք գնալ դեպի առաջ՝ ոչ միայն փայփայելով անցյալի հուշերը, այլ նաև ներկայի քաջությամբ և ապագայի հույսով: Այս առաքինությունները, անշուշտ, կային երիտասարդ Մարիամ Նազովրեցու մեջ և հստակորեն արտահայտված են այս երեք ԵՀՕ-ների թեմաների մեջ: Այս տարի (2017թ) մենք խորհրդածելու ենք Մարիամի հավատքի մասին, ով «Մեծացուսցէ»-ում ասում է. «Ամենակարող Տէրը մեծամեծ գործեր արեց ինձ համար» (Ղկ. 1:49): Հաջորդ տարվա (2018թ) թեման՝ «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար» (Ղկ. 1, 30) առաջնորդելու է մեզ խորհելու այն քաջարի ողորմության մասին, որով Մարիամն ընդունեց հրեշտակի հաղորդագրությունը: 2019-ի ԵՀՕ-ն ոգեշնչված է լինելու հետևյալ խոսքերով. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ» (Ղկ. 1:38), սա Մարիամի հույսով լի պատասխանն էր հրեշտակին:

     

    2018թ. հոկտեմբերին Եկեղեցում տեղի է ունենալու հետևյալ թեմայով Եպիսկոպոսների Սինոդը. «Երիտասարդություն, հավատք և կոչման ընկալում»: Մենք խոսելու ենք,  թե ինչպես եք դուք՝ որպես երիտասարդներ, հավատքով ապրում կյանքը՝ մեր ժամանակի մարտահրավերների պայմաններում: Մենք նաև քննարկելու ենք այն հարցը, թե ինչպես դուք կարող եք մշակել ձեր կյանքի ծրագիրը՝ ձեր կոչումն ընկալելու միջոցով, լինի դա ամուսնանալով և ընտանիք կազմելով՝ աշխարհիկ և արհեստավարժ աշխարհում, կամ էլ նվիրյալ կյանքով և քահանայությամբ: Իմ հույսն է, որ այս ճամփորդությունն՝ ընդառաջ Պանամայում կայանալիք ԵՀՕ-ի և Սինոդի նախապատրաստական աշխատանքների, առաջ կգնա մեծ տեմպերով:

     

    Մեր ժամանակներում մենք կարիք չունենք այնպիսի երիտասարդների, ովքեր ծույլ են և ոչինչ չեն անում:

     

    Ըստ Ղուկասի Ավետարանի, մեկ անգամ Մարիամը ուղերձ ստացավ հրեշտակից և պատասխանեց «այո՛»՝ Փրկության Մայրը դառնալու կոչին, նա աճապարեց այցելեցու իր զարմուհի Եղիսաբեթին, ով գտնվում էր իր հղիության 6-րդ ամսում: Մարիամը շատ երիտասարդ է: Այն, ինչ նրան ասել էին, մեծ պարգև էր, սակայն դա նաև ենթադրում էր մեծ մարտահրավերներ: Տերը նրան վստահություն էր ներշնչել՝ իր ներկայությամբ և աջակցությամբ, բայց նրա մտքում և սրտում շատ բաներ մնացին անհասկանալի: Մարիամն, այնուամենայնիվ, տանը չփակվեց, ոչ էլ թողեց, որ վախը և հպարտությունը կոտրեն իրեն: Մարիամն այն անձանցից չէ, ով ցանկանում է հարմարավետ զգալ, ով այնպիսի մի լավ բազմոցի կարիք ունի, որտեղ նա կարող է իրեն ապահով և հուսալի զգալ: Նա ծույլ չէ:  Եթե նրա ավագ զարմուհին օգնության կարիք ունի, ապա նա չի մերժում, այլ անմիջապես գնում է նրա մոտ:

     

    Եղիսաբեթի տան ճանապարհը բավականին երկար էր՝ մոտ 150կմ: Սակայն, Նազովրեցի երիտասարդ կինն, առաջնորդվելով Սուրբ Հոգով՝ կանգ չի առնում ոչ մի խոչընդոտի առաջ: Անշուշտ, ճամփորդության այդ օրերը օգնեցին նրան խորհելու այն սքանչելի իրադարձության մասին, որին նա մասնակցում էր: Այսպիսով այդ իրադարձությունը մեզ հետ է ամեն անգամ, երբ մենք սկսում ենք մեր ուխտագնացությունը: Մինչդեռ ճանապարհին ենք, հիշում ենք այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեր կյանքում, սովորում ենք գնահատել դրանց նշանակությունը և ընկալում ենք մեր կոչումը, որն այնուհետև պարզ է դառնում՝ Աստծո հետ հանդիպման և մյուսներին ծառայելու մեջ:

     

    Ամենակարող Տերը մեծ գործեր է արել ինձ համար:

     

    Երկու կանանց հանդիպումը, մեկը երիտասարդ իսկ մյուսն ավելի տարեց, լցված է Սուրբ Հոգու ներկայությամբ և լի է ուրախությամբ ու հրաշքով (Ղկ., 1, 40-45): Երկու մայրերը, այն երեխաների նման, որոնց նրանք կրում էին, պարզապես պարում էին ուրախությունից: Եղիսաբեթը՝ տպավորված Մարիամի հավատքից, բղավեց. «երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն» (Ղկ. 1, 45): Հավատքն, անշուշտ, այն մեծագույն պարգևներից էր, որ Մարիամը ստացավ: Աստծո հանդեպ հավատքն անգին մի պարգև է, բայց այն պետք է ընդունել:  Եղիսաբեթն օրհնում է Մարիամին՝ այս ամենի համար, իսկ Մարիամն իր հերթին պատասխանում է Մեծացուսցէի օրհներգով, որի մեջ մենք գտնում ենք հետևյալ բառերը. «Ամենակարող Տէրը մեծամեծ գործեր արեց ինձ համար»(Ղկ. 1:49):

     

    Մարիամի երգը մի հեղափոխական աղոթք է, այն հավատքով լի մի երիտասարդ կնոջ երգ է, ով գիտակցում է իր սահմանները, և վստահում է Աստծո ողորմությանը: Նա շնորհակալություն է հայտնում Աստծուն` իր խոնարհությանը ուշադրություն դարձնելու և փրկության գործի համար, որը Տերը կատարեց աղքատների և խոնարհների համար: Հավատքը Մարիամի ամբողջ պատմության սրտում է: Մարիամի երգն օգնում է մեզ հասկանալ Տիրոջ ողորմությունը՝ որպես պատմության՝ մեզանից յուրաքանչյուրի և ամբողջ մարդկության պատմության, առաջ տանող մի ուժ:

     

    Երբ Աստված հպվում է որևէ երիտասարդի սրտին, նա ունակ է դառնում կատարելու ահռելի գործեր: Այն մեծ գործերը, որոնք Ամենակարող Տերը կատարեց Մարիամի կյանքում, խոսում է նաև կյանքում մեր սեփական ճամփորդության մասին, որը անիմաստ դեգերում չէ, այլ՝ մի ուխտագնացություն, որն, իր բոլոր անորոշություններով և տառապանքերով, իր լրումը կարող է գտնել Աստծո մեջ: Դուք կարող եք ասել ինձ. «Բայց, Հա՛յր ես ունեմ իմ սահմանները, ես մեղավոր եմ, ի՞նչ կարող եմ անել»: Երբ Տերը կանչում է մեզ, նա ուշադրություն չի դարձնում այն բանին, թե ով ենք մենք, կամ թե ինչ ենք մենք արել: Ընդհակառակն, այն պահին, երբ նա կանչում է մեզ, նա նայում է այն ամենին, թե ինչ կարող ենք մենք անել, այն ամբողջ սիրուն, որը մենք կարող ենք տալ: Երիտասարդ Մարիամի նման, դուք կարող եք թույլ տալ, որ ձեր կյանքը դառնա մի միջոց՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Հիսուս կոչ է անում ձեր և շատ այլ մարդկանց նշանը թողնել կյանքում, պատմության մեջ:

     

    Երիտասարդ լինել՝ չի նշանակում լինել կտրված անցյալից:

     

    Մարիամը ձեզնից շատերի նման պատանուց էլ ավելի փոքր էր: Սակայն Մեծացուսցէում նա արձագանքում է իր ժողովրդի և նրանց պատմության գովասանքներին: Սա մեզ ցույց է տալիս, որ երիտասարդ լինել՝ չի նշանակում կտրված լինել անցյալից: Մեր անձնական պատմությունը երկար արահետի մի մաս է, համայնքային ճամփորդություն, որը տարիներով նախորդել է մեզ: Մարիամի նման մենք պատկանում ենք ժողովրդին: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Եկեղեցին ստիպված է նավարկել փոթորկոտ ծովերով, Աստծո ձեռքը առաջնորդում է նրան և օգնում է հաղթահարել դժվարության պահերը: Եկեղեցու ճշմարիտ փորձառությունը ֆլեշ-մոբ չէ, որտեղ մարդիկ համաձայնում են հանդիպել, կատարել իրենց գործը, այնուհետև գնալ իրենց առանձին ճանապարհներով: Եկեղեցին մի երկար ավանդույթի ժառանգորդ է, որն, անցելով սերնդե սերունդ, յուրաքանչյուր անհատի փորձառության շնորհիվ ավելի ու ավելի է հարստացվել:  Ձեր անձնական պատմությունը տեղ ունի Եկեղեցու ավելի ընդհանրական պատմության մեջ:

     

    Անցյալի մասին խորհելը նաև օգնում է մեզ պատրաստ լինել այն անսպասելի գործերին, որոնք  Աստված իրագործում է մեր մեջ և մեր միջոցով:  Այն նաև օգնում է մեզ պատրաստ լինել Աստծո կողմից ընտրված լինել որպես մի միջոց՝ փրկության գործի համար: Որպես երիտասարդներ, դուք ևս կարող եք մեծ գործեր կատարել և հանձն առնել ավելի շատ պարտականություններ, եթե միայն գիտակցեք Աստծո ողորմությունն ու իշխանությունը, որ գործում են ձեր կյանքում:

     

    Ես ուզում եմ ձեզ մի քանի հարց տալ: Ինչպե՞ս եք դուք մտապահում ձեր կյանքում տեղ ունեցած իրադարձություններն ու փորձությունները: Ի՞նչ եք անում ձեր մտքում առկա իրողությունների և պատկերների հետ: Ձեզնից շատերը, հատկապես նրանք, ովքեր տուժել են կյանքի իրավիճակներից, կարող են ցանկանալ «վերականգնել» իրենց սեփական անցյալը, պահանջել այդ ամենը մոռանալու իրավունք: Սակայն, ես ցանկանում եմ հիշեցնել ձեզ, որ չկա սուրբ՝ առանց անցյալի, ոչ էլ մեղավոր՝ առանց ապագայի: Մարգարիտը ծնունդ է առել ոստրեի վերքից: Հիսուս Իր սիրո միջոցով կարող է բուժել մեր սրտերը և մեր կյանքը դարձնել մի իսկական մարգարիտ: Ինչպես Սբ. Պողոսն է ասել, Տերը կարող է ցույց տալ Իր իշխանությունը մեր տկարության միջոցով:

     

    Սակայն մեր հիշողությունները չպետք է իրար հետ կուտակված մնան, ինչպես կոշտ սկավառակի վրա: Ոչ էլ կարող ենք այն արխիվացնել այսպես ասած վիրտուալ «ամպի» մեջ: Մենք պետք է սովորենք՝ ինչպես անցյալի իրողությունները դարձնել զարգացող իրականություն, որի մասին պետք է խորհրդածենք և դասեր քաղենք՝ ներկայի ու ապագայի համար: Սա հեշտ խնդիր չէ, այլ այնպիսի մի խնդիր է, որի համար անհրաժեշտ է բացահայտել Աստծո սիրո թելը, որը հոսում է մեր ամբողջ կյանքի միջով:

     

    Շատ մարդիկ ասում են, որ երիտասարդները խենթ են և թեթևամիտ: Նրանք սխալվում են: Այդուհանդերձ, մենք պետք է ընդունենք մեր կյանքի մասին խորհրդածելու և այն դեպի ապագան ուղղելու կարիքը: Ապագա ունենալն այն չէ, ինչ պատմություն ունենալը: Կյանքում կարող ենք ունենալ բազմաթիվ հիշողություններ, սակայն դրանցից քանի՞սն են իսկապես մեր հիշողության մասը կազմում: Դրանցից քանի՞սն են կարևոր են մեր սրտերի համար և օգնում իմաստ տալ մեր կյանքին: Հասարակական ԶԼՄ-ներում մենք տեսնում ենք այնպիսի երիտասարդ դեմքերի, ովքեր հայտնվում են լուսանկարներում, մասնակցում քիչ թե շատ իրական իրադարձությունների, սակայն չգիտենք, թե դրանցից քանիսն են իսկապես «պատմություն», փորձառություն, որը կարող է հաղորդվել՝ որոշ նպատակով և իմաստով: Հեռուստատեսությունը լի է «ռեալիթի շոուներով», որոնք իրական պատմություններ չեն, այլ միայն որոշակի պահեր են, որոնք անցնում են հեռուստախցիկի առջև՝ ամեն օր ապրող այն մարդկանց կողմից, ովքեր չունեն ավելի մեծ ծրագիր: Թույլ մի՛ տվեք, որ իրականության այս կեղծ պատկերը մոլորեցնի ձեզ: Եղե՛ք ձեր պատմության առաջամարտիկները, վճռե՛ք ձեր սեփական ապագան:

     

    Ինչպե՞ս մնալ կապված՝ հետևելով Մարիամի օրինակին

     

    Ասում են, որ Մարիամն այս ամենը գանձի պես պահել է իր սրտում և խորհրդածել: Այս նազովրեցի համեստ երիտասարդ կինը իր օրինակով սովորեցնում է մեզ պահպանել մեր կյանքի իրադարձությունների հուշերը, սակայն նաև դրանք միացնել և վերակառուցել այս բոլոր բեկորների միասնությունը, որոնք միացնելով, կարելի է  կազմել խճանկար: Ինչպե՞ս կարող ենք սովորել անել սա գործնականում: Թու՛յլ տվեք ձեզ մի քանի առաջարկ անել:

     

    Յուրաքանչյուր օրվա ավարտին մենք կարող ենք մի քանի րոպե կանգ առնել, որպեսզի հիշենք լավ ժամանակներն ու մարտահրավերները, այն գործերը, որոնք հաջողությամբ են ավարտվել և նրանք, որոնք անհաջող են եղել: Այս կերպ Աստծո և մեր առջև մենք կարող ենք արտահայտել մեր երախտագիտությունը, մեր ափսոսանքն ու վստահությունը: Եթե ցանկանաք, կարող եք նաև գրի առնել դրանք տետրի մեջ՝ հոգևոր ամսագրի նման: Սա նշանակում է աղոթել կյանքում, կյանքի հետ և կյանքի մասին և այն անշուշտ կօգնի ձեզ հասկանալ բոլոր այն մեծ գործերը, որոնք Աստված կատարում է յուրաքանչյուրիդ համար: Ինչպես ասել է Սբ. Օգոստինոսը, մենք կարող ենք Աստծուն գտնել մեր հուշերի ընդարձակ դաշտերում:

     

    Կարդալով «Մեծացուսցէ»ն՝ գիտակցում ենք թե Մարիամը որքա՛ն լավ գիտեր Աստծո խոսքը: Նրա երգի յուրաքանչյուր հատված զուգահեռ ունի Հին Կտակարանում: Հիսուսի երիտասարդ մայրն անգիր գիտեր իր ժողովրդի աղոթքները: Անշուշտ, նրա ծնողները, պապիկներն ու տատիկները սովորեցրել են նրան այդ աղոթքները: Շատ կարևոր է, որ հավատքն անցնի սերնդե սերունդ: Անցած սերունդների  սովորեցրած աղոթքների, այն հասարակ մարդկանց հոգևոր կյանքի մեջ, որոնց մենք կոչում ենք ժողովրդական բարեպաշտություն, գոյություն ունի մի թաքնված գանձ: Մարիամը ժառանգում է իր ժողովրդի հավատքը և ձևավորում է այն մի երգի մեջ, որն ամբողջությամբ իրենն է, սակայն միևնույն ժամանակ՝ ողջ Եկեղեցունը, որը երգում է այդ երգը նրա հետ միասին: Եթե դուք՝ որպես երիտասարդներ, ցանկանում եք ինքնուրույն  երգել «Մեծացուսցէ»ն և ձեր կյանքը պարգև դարձնել ողջ մարդկության համար, ապա անհրաժեշտ է միաձուլվել պատմական ավանդույթին և այն մարդկանց աղոթքին, ովքեր ձեզնից առաջ են հեռացել: Այս ամենն անելու համար կարևոր է ծանոթ լինել Ավետարանին, Աստծո խոսքին, կարդալով այն ամեն օր և թույլ տալով, որ այն խոսի ձեր կյանքի հետ և մեկնաբանելով ամենօրյա իրադարձությունները այն խոսքերի լույսի ներքո, որոնք Տերն ասում է ձեզ Սուրբ Գրքում: Աղոթքի մեջ և աղոթքով Ավետարանի ընթերցման միջոցով Հիսուս կջերմացնի ձեր սրտերը և կլուսավորի ձեր քայլերը՝ նույնիսկ ձեր կյանքի մութ պահերին:

     

    Մարիամը նաև սովորեցնում է մեզ ապրել «Սբ. Հաղորդությամբ», այսինքն, սովորել, թե ինչպես շնորհակալություն հայտնել և գովաբանել և միայնակ չկենտրոնանալ մեր խնդիրների և դժվարությունների վրա: Ապրելու գործընթացում այսօրվա աղոթքները դառնում են վաղվա երախտագիտության պատճառները: Այս կերպ ձեր մասնակցությունը Սուրբ Պատարագին  և այն իրադարձություններին, երբ դուք ընդունում եք  Ապաշխարության խորհուրդը, կլինի և՛ բարձր կետ, և՛ նոր սկիզբ: Ձեր կյանքը ներման շնորհիվ յուրաքանչյուր օր կերկարի և կդառնա Ամենակարողին գովաբանելու տևական մի գործողություն: «Վստահե՛ք Աստծո հիշողությանը, Նրա հիշողությունը մի սիրտ է, որը լցված է խոր կարեկցանքով, որը ուրախանում է մեր միջից չարի յուրաքանչյուր հետք ոչնչացնելիս»:

     

    Մենք տեսանք, որ «Մեծացուսցէ»-ն արմատավորվեց Մարիամի սրտում այն պահին, երբ նա հանդիպեց իր ավագ զարմիկ Եղիսաբեթին: Իր հավատքով, իր խորաթափանց հայացքով և իր խոսքով Եղիսաբեթն օգնում է Մարիամին ավելի լավ հասկանալ այն ամենի մեծությունը, որ Աստված իրագործում է նրա մեջ և այն առաքելությունը, որը Նա վստահել է նրան: Իսկ ի՞նչ կասեք ձեր մասին: Արդյո՞ք դուք գիտակցում եք թե ինչ անհավանական հարստություն  կարող է լինել երիտասարդների և տարեցների միջև հանդիպումը: Ինչքա՞ն եք դուք ուշադրություն դարձնում տարեցներին, ձեր տատիկներին և պապիկներին: Լավ նկատառումով դուք ցանկանում եք «ճախրել», ձեր սիրտը լի է մեծ երազանքներով, սակայն ձեզ անհրաժեշտ է իմաստություն և տարեցների տեսակետը: Տարածե՛ք ձեր թևերը և թռչե՛ք, սակայն նաև գիտակցեք, որ ձեզ անհրաժեշտ է վերաբացահայտել ձեր արմատները և վերցնել ջահն այն մարդկանցից, ովքեր ձեզանից առաջ են հեռացել: Իմաստալից ապագա կառուցելու համար ձեզ անհրաժեշտ է իմանալ և գնահատել անցյալը: Երիտասարդներն ուժ ունեն, մինչդեռ տարեցներն ունեն հիշողություն և իմաստություն: Ինչպես Մարիամը վարվեց Եղիսաբեթի հետ, այնպես էլ դուք հոգ տարեք տարեցների, ձեր տատիկների և պապիկների մասին: Նրանք ձեզ հետ կխոսեն այնպիսի բաների մասին, որոնք կարող են հուզել ձեր մտքերն ու լցնել ձեր սրտերը:

     

    Ստեղծագործական հավատարմություն՝ապագա կերտելու համար:

     

    Ճշմարիտ է, որ դուք դեռ երիտասարդ եք և այդ պատճառով ձեզ համար կարող է դժվար լինել սովորույթի կարևորության գնահատումը: Սակայն իմացե՛ք, որ սա ավանդապաշտ լինելը  չէ: Ո՛չ: Երբ Մարիամն Ավետարանում ասում է. «Ամենակարող Տերը մեծամեծ գործեր է արել ինձ համար», նա ցանկանում է ասել, որ այդ «մեծամեծ գործերը» չեն ավարտվում, այլ դեռևս կատարվում են ներկայում: Սա հեռավոր անցյալ չէ: Անցյալի մասին խորհել՝ չի նշանակում կարոտել կամ կապված մնալ պատմության որոշակի ժամանակաշրջանի հետ, այլ ավելի շատ կարողանալ իմանալ մեր ծագման վայրը, որպեսզի կարողանանք վերադառնալ կարևորներին և ստեղծագործական նվիրվածության շնորհիվ կառուցենք ապագա: Բացարձակապես անօգուտ և խնդրահարույց է պարալիզացնող հիշողության զարգացումը, որը մեզ ստիպում է անդադար անել նույն բանը նույն կերպ: Աստծո մի պարգև է տեսնելը, թե ինչպես են ձեզնից շատերը իրենց հարցերով, երազանքներով և անորոշություններով հրաժարվում լսել այն մարդկանց, ովքեր ասում են, որ ոչինչ չի կարող փոխվել:

     

    Հասարակությունը, որն արժևորում է միայն ներկան, հակված է վանելու այն ամենն, ինչ ժառանգել է անցյալից, ինչպես օրինակ, ամուսնական հաստատությունները, նվիրյալ կյանքը և քահանայական առաքելությունը:  Հետևանքում այդ ամենը համարվում է անիմաստ և հնացած:  Մարդիկ կարծում են, որ ավելի լավ է ապրել «բաց» իրավիճակներում, կյանքն ապրել այնպես, կարծես այն reality show է, առանց նպատակի: Մի՛ թողեք, որ ձեզ խաբեն: Աստված գալիս է ընդարձակելու մեր կյանքի հորիզոնները` ամեն ուղղությամբ: Նա օգնում է մեզ  պատշաճորեն արժևորել անցյալը, որպեսզի ավելի լավ կառուցենք երջանկության ապագան: Սակայն, սա միայն հնարավոր է այն դեպքում, եթե մենք ունենք երջանկության ճշմարիտ փորձառությունը, որն օգնում է մեզ որոշակիորեն տարբերել Տիրոջ  կոչը և արձագանքել դրան: Քանի որ միայն դա կարող է մեզ իրական երջանկություն բերել:

     

    Սիրելի՛ երիտասարդներ, ես մեր ճամփորդությունը դեպի Պանամա, Եպիսկոպոսների հաջորդ Սինոդի նախապատրաստական գործընթացի հետ միասին վստահում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի մայրական բարեխոսությանը: Խնդրում եմ, ձեր մտքում պահեք 2017թ.-ի երկու կարևոր հոբելյանները՝ Բրազիլիայի Ապարեչիդայի Տիրամոր պատկերի հայտնաբերման 300-ամյակը և Պորտուգալիայի Ֆաթիմա քաղաքում հայտնված Աստվածամոր երևումների հարյուրամյակը, որտեղ, Աստծո կամոք, ես ծրագրում եմ ուխտագնացություն կազմակերպել գալիք մայիս ամսին: Փորրեսի Սբ. Մարտինը՝ Լատինական Ամերիկայի և ԵՀՕ 2019-ի հովանավոր սրբերից մեկը, իր ամենօրյա խոնարհ պարտավորությունները կատարելիս սովորություն ուներ Մարիամին ամենալավ ծաղիկներն առաջարկելու՝ որպես որդիական սիրո մի նշան: Դուք էլ զարգացրեք ձեր ծանոթության և բարեկամական հարաբերությունները Տիրամոր հետ՝ վստահելով նրան ձեր ուրախությունները, ձեր խնդիրներն ու մտահոգությունները: Վստահեցնում եմ ձեզ, որ դուք չեք զղջա:

     

    Թո՛ղ որ Նազովրեցի օրիորդը, ով ամբողջ աշխարհում ունի հազարավոր անուններ ու դեմքեր, որպեսզի մոտ լինի իր զավակներին, բարեխոսի մեզ բոլորիս համար և օգնի մեզ երգել այն մեծ գործերի մասին, որ Տերն իրագործում է մեր մեջ և մեր միջոցով:

     

    Վատիկան, 27 փետրվարի, 2017թ.

    Հիշատակ՝ Վշտերի Տիրամոր Սբ. Գաբրիելի

    Ֆրանցիսկոս

Օրացույց

Օրացույց