• «Ահաւասիկ ես, ի՛նձ ուղարկիր». Քահանայապետի ուղերձը՝ քահանայական կոչման մասին

    Առաջնորդվելով առաքելության ոգով


     

     

    Հռոմի Սրբազան Քահանայապետի ուղերձը՝ քահանայական կոչումների համար աղոթքի 54-րդ Համաշխարհային օրվա առթիվ

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

     

    Վերջին մի քանի տարիներին մենք խորհրդածել ենք քրիստոնեական կոչման երկու կողմերի մասին.

    կոչը` «ինքներս մեզնից դուրս գալու», որպեսզի լսենք Տիրոջ ձայնը և

    եկեղեցական համայնքի կարևորությունը՝ որպես մի արտոնյալ տեղ, որտեղ ծնունդ   է առնում, սնվում և արտահայտվում Աստծո կոչումը:

     

    Այժմ, այս Կոչումների համար աղոթքի 54-րդ համաշխարհային օրվա համար կցանկանայի խորհրդածել մեր քրիստոնեական կոչման առաքելական բնույթի մասին: Նրանք, ովքեր լսում են Աստծո ձայնը և որոշում են հետևել Հիսուսին, շուտով իրենց մեջ բացահայտում են եղբայրներին և քույրերին Բարի լուրը բերելու անզուսպ մի ցանկություն՝ ազդարարության և բարեգործության միջոցով: Բոլոր քրիստոնյաները կոչված են լինել Ավետարանի առաքյալներ (missionaries): Որպես աշակերտներ` մենք ընդունում ենք Աստծո սիրո պարգևը՝ ո´չ մեր անձնական մխիթարության համար, և ո´չ էլ կոչված ենք առաջ մղելու ինքներս մեզ կամ ինչ-որ գործարարություն: Պարզապես մեզ հպվել և վերափոխել է Աստծո սիրո ուրախությունը, և մենք չենք կարող այս փորձառությունը պահել միայն մեզ համար: <<Ավետարանի  ուրախությունը, որը կենդանացնում է աշակերտների համայնքը, առաքելության մղող ուրախություն է>>, Evangelii Gaudium, 21:

     

    Առաքելության հանձնառությունը պարզապես մի բան չէ, որը հավելվում է քրիստոնեական կյանքին` որպես մի զարդարանք, այլ այն ինքնին  հավատքի էական տարր է: Տիրոջ հետ հարաբերությունը ենթադրում է ուղարկված լինել աշխարհ` որպես Տիրոջ Խոսքի մարգարեներ և որպես նրա սիրո վկաներ:

     

    Նույնիսկ երբ մենք ժամանակ առ ժամանակ գիտակցում ենք մեր թուլությունները և ընկնում հուսահատության մեջ, մենք պետք է վստահությամբ դառնանք առ Աստված: Պետք է հաղթահարենք մեր սեփական տկարության զգացողությունը և չտրվենք հոռետեսությանը, որը մեզ վերածում է մռայլ և միապաղաղ կյանքի պարզապես անգործ դիտորդների: Վախը չպե՛տք է տեղ ունենա մեր կյանքում: Աստված Ի՛նքն է գալիս մաքրելու մեր «անմաքուր շուրթերը» և զինելու մեզ` առաքելության համար:

     

    «Ահա մօտեցրի քո շուրթերին. դա կը հանի քո անօրէնութիւնները, եւ քո մեղքերը կը սրբի քեզնից»։ Եւ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, եւ կամ ո՞վ կը գնայ այդ ժողովրդի մօտ»։ Ու ես ասացի. «Ահաւասիկ ես, ի՛նձ ուղարկիր» (Ես. 6:6-8)։

     

    Իրենց սրտի խորքում բոլոր միսիոներ աշակերտները լսում են այս աստվածային ձայնը, որը նրանց հրամայում է «գնալ», ինչպես որ Հիսուս արեց՝ բարի գործեր կատարելով և բոլորին բուժելով (Գրծք., 10, 38): Ես բազմիցս նշել եմ, որ մկրտության շնորհիվ յուրաքանչյուր քրիստոնյա Χριστοφορος` Քրիստոսակիր է`  իր եղբայրների և քույրերի համար (Catechesis, 30 հունվարի, 2016թ.): Սա, հատկապես, այն մարդկանց մասին է, ովքեր կոչված են հատուկ սրբագործված կյանքի համար, նաև հոգևորականների մասին է, ովքեր սիրով պատասխանել են.  «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր Տե՛ր:

     

    Նորոգված միսիոներական խանդավառությամբ հոգևորականները կոչված են դուրս գալ սրբազան տաճարներից և աշխատել, որ Աստծո քնքուշ սերը առատորեն հոսի` հանուն մարդկության (Հմմտ.` Ավագ Հինգշաբթի օրվա քարոզը, 24 մարտի, 2016թ.): Եկեղեցին կարիք ունի այդպիսի հոգևորականների, ովքեր խաղաղ են և վստահ, քանի որ  բացահայտել են ճշմարիտ գանձը և անհանգիստ են` դուրս գալու և ուրախությամբ բոլորին հայտնելու այդ մասին:

     

    Անշուշտ, շատ հարցեր են առաջանում, երբ մենք խոսում ենք քրիստոնեական առաքելության մասին: Ի՞նչ է նշանակում լինել Ավետարանի առաքյալ: Ո՞վ է մեզ տալիս քարոզելու ուժն ու քաջությունը: Ո՞րն է առաքելության ավետարանական հիմքն ու ոգեշնչման աղբյուրը: Մենք կարող ենք պատասխանել այս հարցերին` խորհրդածելով հետևյալ ավետարանական երեք տեսարանների շուրջ. Նազարեթի ժողովարանում Հիսուսի առաքելության մեկնարկը (Ղկ. 4:16-30), Հիսուսի ճամփորդությունը դեպի  Էմմավուս` իր աշակերտների հետ, իր Հարությունից հետո (Ղկ. 24, 13-35), և, վերջապես, սերմնացանի առակը (Մտթ. 4, 26-27):

     

    Հիսուս օծվում է Սուրբ Հոգով և ուղարկվում

     

     Լինել առաքված աշակերտ՝ նշանակում է ակտիվորեն կիսել Քրիստոսի առաքելությունը: Հիսուս ի՛նքն է հետևյալ բառերով նկարագրում այդ առաքելությունը՝  Նազարեթի ժողովարանում. «Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղկ. 4:18-19)։ Սա նաև մեր առաքելությունն է. օծվե՛նք Սուրբ Հոգով և գնանք մեր եղբայրների և քույրերի մոտ, որպեսզի քարոզենք Տիրոջ խոսքը և նրանց համար լինենք փրկության  միջոց:

     

    Հիսուս մեր կողքին է` մեր ճանապարհի յուրաքանչյուր քայլն անելիս

     

    Այս մարդկային սրտերը հուզող հարցերը և կյանքի իրական մարտահրավերները կարող են շփոթեցնել մեզ զգալ, ստիպել մեզ զգալ անպատրաստ և անհույս: Քրիստոնեական առաքելությունը կարող է թվալ պարզապես ուտոպիական մի պատրանք կամ, վերջապես, մի բան, որը մեզ հասանելի չէ: Սակայն, եթե մենք մտածենք, որ Հարուցյալ Քրիստոսը քայլում է Էմմավուսի աշակերտների հետ միասին, մենք կարող ենք լցվել նոր վստահությամբ: Ավետարանի այդ տեսարանում մենք ունենք մի ճշմարիտ «փողոցի պաշտամունք», որը նախորդում է խոսքին և հաց կտրելուն: Մենք տեսնում ենք, որ ճանապարհի յուրաքանչյուր քայլին Հիսուս մեր կողքին է: Երկու աշակերտներն, ովքեր ճնշված էին խաչի գայթակղությամբ, տուն են վերադառնում պարտության ճանապարհով: Նրանց սրտերը կոտրված են, նրանց հույսերը բեկված են, իսկ երազանքները՝ փշրված: Ավետարանի ուրախությունը տեղի է տվել տխրությանը: Ի՞նչ է անում Հիսուս:  Նա չի դատում նրանց, այլ քայլում է նրանց հետ: Պատ ստեղծելու փոխարեն, Նա բացում է ճեղքվածք: Նա աստիճանաբար  փոխակերպում է նրանց հուսահատությունը, ստիպում է նրանց սրտերին բաբախել և բացում է նրանց աչքերը՝ քարոզելով խոսքը և հաց կտրելով:  Նույն կերպ քրիստոնյան միայնակ չի կրում իր առաքելության բեռը, այլ նույնիսկ հոգնածություն և, չհասկացված լինելով, գիտակցում է, որ «Հիսուս քայլում է իր հետ, խոսում է իր հետ, շնչում իր հետ, աշխատում իր հետ: Նա զգում է, որ Հիսուս կենդանի է իր հետ՝ առաքելության բոլոր ձեռնարկներում», Evangelii Gaudium, 266:

     

    Հիսուս աճեցնում է սերմը

     

    Վերջապես, կարևոր է թույլ տալ, որ Ավետարանը սովորեցնի մեզ`ինչպես հռչակել: Ժամանակ առ ժամանակ, նույնիսկ ամենալավ մտադրություններով, մենք կարող ենք անձնատուր լինել իշխանության քաղցին, հարկադրական նորահավատությանը (proselytism) կամ անհանդուրժողության մոլեռանդությանը: Սակայն, Ավետարանը կոչ է անում մերժել իշխանության և հաջողության կռապաշտությունը, կառուցվածքայնության անիմաստ տենչը, մտահոգությունը՝ ավելի շատ նվաճելու, քան թե՝ ծառայելու: Թագավորության սերմը, որքան էլ փոքր, անտեսանելի և երբեմն աննշան, լռելյայն շարունակում է աճել՝ շնորհիվ Աստծո անխոնջ ներգործության: «Այսպէ՛ս է Աստծու արքայութիւնը. որպէս թէ մի մարդ հողի մէջ սերմեր ցանի. եւ նա ննջի թէ վեր կենայ, գիշեր եւ ցերեկ, սերմերը կը բուսնեն ու կաճեն, եւ նա չի իմանայ, թէ ինչպէս» (Մրկ. 4, 26-27):  Սա մեր վստահության առաջին պատճառն է: Աստված գերազանցում է մեր բոլոր սպասելիքները և իր առատաձեռնությամբ մշտապես զարմացնում մեզ: Աստված մեր ջանքերը դարձնում է արգասաբեր՝ անկախ մարդկային բոլոր հաշվարկներից:

     

    Ավետարանից ծնունդ առած այս վստահությամբ մենք բացվում ենք Սուրբ Հոգու լուռ աշխատանքի առջև, որն առաքելության հիմքն է: Չի կարող լինել կոչումների կամ քրիստոնեական առաքելության ոչ մի առաջխաղացում՝ առանց մշտական խորհրդածական աղոթքի:   Քրիստոնեական կյանքը պետք է սնվի՝ ուշադիր լսելով Աստծո խոսքը և, առաջին հերթին, Աստծո հետ անձնական հարաբերություններ մշակելով Սբ. Հաղորդության երկրպագության մեջ՝ Աստծո հետ մեր հանդիպման «արտոնյալ վայրում»:

     

    Ես ի սրտե ցանկանում եմ խրախուսել Տիրոջ հետ այսպիսի հիմնարար բարեկամությունը՝ առաջին հերթին աղաչելով Բարձրյալին՝ քահանայական և նվիրյալ կյանքի նոր կոչումների համար: Աստծո Ժողովուրդը պետք է առաջնորդվի հովիվների ձեռամբ, որոնց կյանքը նվիրվում է Ավետարանի ծառայությանը: Ես խնդրում եմ Եկեղեցու համայնքներին, միություններին և աղոթքի բազմաթիվ խմբերին տեղի չտալ հուսահատությանը, այլ շարունակել աղոթել, որպեսզի Տերը մշակներ հանի իր հնձի համար: Թո՛ղ Նա մեզ տա այնպիսի քահանաներ, որոնք սիրահար են Ավետարանին, մոտ են իրենց բոլոր եղբայրներին և քույրերին և Աստծո ողորմած սիրո կենդանի նշաններն են:

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այսօր ևս մենք կարող ենք վերագտնել Ավետարանը քարոզելու եռանդը և քաջալերել երիտասարդներին՝ բռնելու հատկապես քրիստոնեական աշակերտության ուղին: Չնայած լայն տարածում գտած այն զգացումին, թե հավատքը անեռանդ է կամ էլ ունի զուտ «պարտավորություններ կատարելու իմաստ», մեր երիտասարդները ցանկանում են բացահայտել Հիսուսի հարատև գրավչությունը, մտահոգվել Նրա խոսքերով և գործերով և փայփայել այն իդեալը, որը Հիսուս սովորեցնում է և որը կատարելապես մարդկային է և երջանիկ՝ սպառվելու հանուն սիրո:

     

    Ամենասրբուհի Մարիամը՝ մեր Փրկչի Մայրը, քաջություն ունեցավ՝ ընդունելու այս իդեալը՝ իր երիտասարդությունն ու խանդավառությունը դնելով Աստծո ձեռքերում: Նրա բարեխոսությամբ թո՛ղ որ մեզ շնորհվի այդ նույն սրտաբացությունը, արձագանքելու այդ նույն պատրաստակամությունը՝ պատասխանելու Տիրոջ կոչին. «Ես այստեղ եմ», և ճանապարհ սկսելու այդ նույն ուրախությունը՝ հռչակելու Տիրոջն ամբողջ աշխարհի առջև:

     

    Վատիկան, 27 նոյեմբերի, 2016թ.

    Առաջին կիրակի Հիսնակաց

    Ֆրանցիսկոս

Օրացույց

Օրացույց