Արմատական բարեփոխումների ճանապարհի սկիզբը:
2017թ. մարտի 13-ին լրացավ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի գահակալության չորրորդ տարին: Այս և նախորդ տարիները հագեցած էին իրադարձություններով և ուսուցողական փաստաթղթերով. «Amoris Laetitia» առաքելական հորդորի հրապարակումը, պատմական հանդիպումը Կուբայում՝ Մոսկվայի և Համայն Ռուսաստանի Պատրիարք Կիրիլի հետ, Կրակովում Երիտասարդաց համաշխարհային օրը և Օսվենցիմ այցելությունը, Մայր Թերեզայի սրբադասումը և էկումենիկ այցելությունը Լունդ՝ ի հիշատակ Մարտին Լյութերի բարոփոխումների 500-ամյակի: Այս բոլոր իրադարձությունները իրար հետ կապում է ողորմության կարմիր թելը, որի բարձրակետը հանդիսացավ Ողորմության Հոբելյանական տարին:
Ռադիո Վատիկանի հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ կարդինալ Պիետրո Պարոլինը խորհում է Քահայապետի հովվության անցած չորս տարիների «ուժեղ» կետերի ու հորիզոնների մասին, որոնք Ֆրանցիսկոս Պապը բացահայտում է Եկեղեցու կյանքում:
Սուրբ Աթոռի պետքարտուղարը իր հարցազրույցը սկսեց՝ հիշելով 2013թ. մարտի 13-ը, երբ արգենտինացի կարդինալը՝ Խորխե Մարիո Բերգելոն, Եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ, ընտրվեց Հռոմի Պապ՝ Ֆրանցիսկոս անունով:
«Մարտի 13-ի այդ օրը ես դեռ Կարակասում էի (որպես նվիրակ Վենեսուելայում): Այդ պատճառով էլ լուրը մեզ հասավ կեսօրին, իսկ Հռոմում արդեն երեկո էր: Անշուշտ, բոլորը զարմացած էին, որ ընտրվել է կարդինալ Բերգոլիոն, քանզի նրա անունը չկար «հավանական թեկնածուների» շարքում: Անսպասելի ու մեծ անակնկալ էր Պապի ընտրած Ֆրանցիսկոս անունը, որը միանգամից բնորոշում էր նոր Պապին»:
Սրբազան Քահանայապետն իր առաջին իսկ հրապարակային ելույթների ժամանակ ընդգծեց Եկեղեցու «տեղից հեշտությամբ շարժվելու», մարդկանց մոտ գնալու անհրաժեշտությունը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է տարբեր մակարդակներում դրսևորվում Եկեղեցու ժողովական լինելու կերպը, որն այդպես գնահատում է Ֆրանցիսկոս Պապը, կարդինալ Պարոլինը պատասխանեց, որ այդ երկար, առաջադեմ ճանապարհի սկիզբը դրվել է դեռ Վատիկանի Երկրորդ ժողովի ժամանակ, և, որ Ֆրանցիսկոս Պապը ցանկանում է շարունակել դա ժամանակակից Եկեղեցու կյանքում:
Ողորմության Հոբելյանական տարին ավարտվել է, սակայն ողորմությունը հանդիսանում է Ֆրանցիսկոսի քահանայապետության տարիների անկյունաքարը, ինչպես նաև հիշեցնում է Խորխե Մարիո Բերգելոյի եպիսկոպոսական նշանաբանը:
Կարդինալ Պարոլինը պարզաբանեց, որ գթության վրա կենտրոնացումը ոչ այնքան Սրբազան Քահանայապետի նախասիրությունն է, որքան ուշադրությունն է՝ Աստծո սիրո հիմնարար խորհրդի վրա. «Փրկության պատմությունը Աստծո սիրո ու գթության վկայությունն է ի դեմս մարդկության: Ֆրանցիսկոս Պապը մեզ տանում է դեպի այդ աղբյուրը»:
Նրա քահանայապետության չորրորդ տարում «Amoris Laetitia» (Սիրո երջանկությունը) հետժողովական առաքելական հորդորի հրապարակումից հետո որոշ կաթողիկէ շրջանակներում ի հայտ եկան քննադատություններ, Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ուսմունքի թյուրըմբռնում: «Ես Amoris Laetitia-ն համարում եմ Ֆրանցիսկոս Պապի մեծ ընծան,- ընդգծեց կարդինալ Պարոլինը: Հիշում եմ, թե ինչպես ընտանիքի մասին առաջին Սինոդի ժամանակ Սրբազան Քահանայապետն ասաց.«Այս Սինոդը կօգնի, որ շողշողա ընտանիքի մասին Ավետարանը»: Ենթադրում եմ, որ Amoris Laetitia-ն մեծ ազդակ է տալիս, ես դա շատ մարդկանցից եմ լսում: Ինչ վերաբերում է քննադատությանը, ապա Եկեղեցում այն միշտ եղել է և առաջին անգամ չէ: Իմ կարծիքով Ֆրանցիսկոս Պապն ինքն է մեզ տվել առարկություններին վերաբերվելու բանալին: Միայն թե քննադատությունը լինի անկեղծ ու կառուցողական, որպեսզի ծառայի ուղիների միասնական որոնմանը, Աստծո կամքն ավելի լավ ճանաչելու և կատարելու համար»:
Ֆրանցիսկոս Պապը սկսում է նաև Հռոմեական Կուրիայի հիմնարար բարեփոխումներ: Նա միշտ նշում է, որ մենք բոլորս «սրտի բարեփոխման» կարիք ունենք, իսկ «Evangelii Gaudium»-ը կոչ է անում «միսիոներական ոգով Եկեղեցու բարեփոխման»: Բարեփոխման գործընթացը – դա Եկեղեցու հիմնարար դրույթն է: «Դա ճիշտ է, այդպես էլ պետք է լինի»,- ընդգծեց կարդինալ Պարոլինը: Սրբազան Քահանայապետը համառորեն կոչ է անում, որ Եկեղեցին դառնա ավելի ու ավելի ինքնին, առավել անկեղծ՝ իրենից հեռացնելով այն նստվածքները, որոնք կուտակվում են պատմության ընթացքում, որպեսզի այն իսկապես փայլի Ավետարանի ամբողջ պարզությամբ:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է տալիս իրեն Սրբազան Քահանայապետի հետ անձնական շփումը՝ կարդինալ Պարոլինը ասաց.
«Ֆրանցիսկոս Պապի մեջ ինձ զարմացնում է իրերի ընկալումը, հավատի աչքերով իրավիճակի ըմբռնումը, որը նրան հոգևոր մեծ խաղաղություն է տալիս: Խոսքը գնում է խորը հանգստության մասին անգամ ամենադժվարին իրավիճակներում, պարզությամբ ու առանց ըմբոստանալու մարդկանց ու իրադարձություններին նայելու կարողության մասին, քաջությամբ առաջ ընթանալու ունակության մասին հասկանալով, որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Ես կասեի, որ դա ինձ շատ է օգնում իմ պարտականությունների իրականացման ժամանակ»,- եզրափակեց Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը:
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը