«Ես վստա՛հ եմ, որ Աստված սիրում է ինձ»:
2017թ. փերտրվարի 15-ի ընդհանուր ունկնդրությանը, շարունակելով քրիստոնեական հույսի մասին իր քրիստոնեականը, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կենտրոնացել է հետևյալ թեմայի վերաբերյալ խորհրդածությանը՝
Հույսը չի հիասթափեցնում (Հռ. 5:1-5):
Սրբազան Քահանայապետի քրիստոնեականը
Բարի՛ առավոտ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր:
Մանուկ հասակում մեզ սովորեցրել են, որ պարծենալը լավ բան չէ: Իմ երկրում մենք պարծենկոտներին կոչում ենք «սիրամարգեր»: Եվ դա ճշմարիտ է, քանի որ ինքդ քեզնով, կամ քո ունեցածով պարծենալը, ի լրումն որոշակի հպարտության, նաև հանգեցնում է այլոց հանդեպ հարգանքի բացակայությանը, հատկապես՝ նրանց հանդեպ, ովքեր առավել դժբախտ են, քան մենք: Հռոմեացիներին ուղղված թղթի այս հատվածում Պողոս Առաքյալը զարմացնում է մեզ նրանով, որ երկու անգամ հորդորում է մեզ պարծենալ: Հետևաբար, ինչո՞վ պետք է պարծենալ, քանի որ եթե Սբ. Պողոսը հորդորում է մեզ պարծենալ, ապա ճիշտ է ինչ-որ բանով պարծենալը: Իսկ ինչպե՞ս է հնարավոր այս ամենն անել՝ առանց մյուսներին վիրավորելու, առանց որևէ մեկին բացառելու:
Առաջին դեպքում, մեզ կոչ է արվում հավատի միջոցով պարծենալ այն շնորհի առատությամբ, որը մենք վայելում ենք ի Հիսուս Քրիստոս: Պողոսը ցանկանում է, որ մենք հասկանանք, որ եթե սովորենք ամեն ինչ տեսնել Սուրբ Հոգու լույսի ներքո, ապա կգիտակցենք, որ ամեն ինչ շնորհ է: Ամեն ինչ պարգև է: Ի դեպ, եթե մենք ուշադրություն դարձնենք, պատմության մեջ, ինչպես նաև մեր կյանքում, ոչ միայն մենք, այլ ամենից առաջ Աստվա՛ծ է «գործում»: Նա բացարձակապես գլխավոր հերոս է, Ով ամեն ինչ ստեղծում է՝ որպես սիրո պարգև, Ով հյուսում է Իր փրկության ծրագրի սյուժեն և Ով իրականացնում է այն մեզ համար՝ Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Պետք է ընդունել այս ամենը, ընդունել երախտագիտությամբ և այնպես անել, որ այդ ամենը դառնա գովասանքի, օրհնության և մեծ ուրախության խթան: Եթե մենք անենք սա, ապա Աստծո հետ խաղաղության մեջ կլինենք և կունենանք ազատություն: Եվ ապա այս խաղաղությունը տարածվում է բոլոր միջավայրերում և մեր կյանքի բոլոր փոխհարաբերություններում. մենք ինքներս խաղաղ ենք, մենք խաղաղ ենք մեր ընտանիքների հետ, մեր համայնքների հետ, աշխատավայրում և այն անձանց հետ, ում ամեն օր հանդիպում ենք մեր ճանապարհին:
Սակայն, Պողոսը հորդորում է մեզ պարծենալ նաև փորձությունների մեջ: Հեշտ չէ սա հասկանալ: Սա ավելի բարդ է մեզ համար և կարող է թվալ, թե մենք ոչ մի կապ չունենք պարզապես նկարագրված այդ խաղաղության պայմանի հետ: Ընդհակառակն, այն հադիսանում է ամենաիրական, ամենաճշմարիտ նախադրյալը: Ըստ էության, այն խաղաղությունը, որը Տերն առաջարկում է մեզ և երաշխավորում է մեզ համար, չի ընկալվում որպես անհանգստությունների, հիասթափությունների, ձախողումների, տառապանքի դրդապատճառների բացակայություն: Եթե դա այդպես լիներ, ապա մենք կկարողանայինք խաղաղ լինել այն պահին, որը շուտով ավարտվելու է և անխուսափելիորեն կընկնեինք ընկճվածության մեջ: Ընդհակառակն, խաղաղությունը, որը բխում է հավատքից՝ պարգև է: Այն շնորհն է այն բանի, որ մենք զգում ենք, որ Աստված մեզ սիրում է և միշտ մեր կողքին է: Նա մեզ մենակ չի թողնում մեր կյանքի նույնիսկ մի ակնթարթում: Եվ ինչպես ասում է Առաքյալը, սա ծնում է համբերատարություն, քանի որ մենք գիտենք, որ նույնիսկ ամենադժվարին և առավել տխուր պահերին Տիրոջ ողորմությունը և բարությունն ավելի մեծ են, քան ցանկացած այլ բան, և որ ոչինչ մեզ չի պոկի Նրա հետ հաղորդությունից:
Ուրեմն, տեսե՛ք, թե ինչու է քրիստոնեական հույսն ամուր, տեսե՛ք, որ այն չի հիասթափեցնում: Այն երբե՛ք չի հիասթափեցնում: Հույսը չի հիասթափեցնում: Այն հիմնված չէ այն բանի վրա, թե ինչ կարող ենք մենք անել, կամ լինել, և նույնիսկ այն ամենի վրա, թե ինչին կարող ենք մենք հավատալ:
Քրիստոնեական հույսի հիմքն այն է, ինչն առավել հավատարիմ է ու հաստատ, այսինքն՝ այն սերը, որն Աստված Ինքը տածում է յուրաքանչյուրիս հանդեպ: Հեշտ է ասել. Աստված սիրում է մեզ: Մենք բոլորս ասում ենք դա: Սակայն մի վայրկյան մտածեք.արդյո՞ք մեզանից յուրաքանչյուրը ունակ է ասել. «Ես վստա՛հ եմ, որ Աստված սիրում է ինձ»: Սա ասելն այդքան էլ հեշտ չէ: Սա մեր անվտանգության, մեր հույսի արմատն է:
Եվ Տերն առատորեն տարածեց Իր Հոգին մեր սրտերում՝ որպես արարող և երաշխավորող, ճիշտ այնպես, որ այն կարողանա սնուցել մեր մեջ եղած հավատքը և կենդանի պահել այս հույսը: Եվ սա անտարակուսելի փաստ է. Աստված սիրու՛մ է ինձ: Բայց միթե՞ այս սարսափելի պահին Աստված սիրում է ինձ: Եվ արդյո՞ք Նա սիրում է ինձ, որ գործել եմ այդ վատ և չար արարքը: Աստված սիրում է ինձ: Ոչ ոք չի կարող հերքել այս փաստը: Եվ մենք պետք է կրկնենք սա որպես աղոթք՝ Աստված սիրում է ինձ: Ես համոզված եմ, որ Աստված սիրում է ինձ: Ես համոզված եմ, որ Աստված սիրում է ինձ: Հիմա մենք հասկանում ենք, թե ինչու է Պողոս Առաքյալը հորդորում մեզ միշտ պարծենալ այս ամենով: Ես պարծենում եմ Աստծո սիրով, քանի որ Նա սիրում է ինձ: Մեզ տրված հույսը մեզ չի առանձնացնում մյուսներից և ոչ էլ ստիպում է մեզ վարկաբեկել և նսեմացնել նրանց: Ընդհակառակը, այն մի յուրահատուկ պարգև է, որով մենք կոչված ենք մեզ «աղբյուրներ» դարձնել այլոց համար՝ խոնարհությամբ և պարզությամբ: Եվ ապա մեր ամենամեծ պարծանքը կլինի որպես Հայր՝ Աստծուն ունենալը, Ով չունի նախասիրություններ և չի բացառում որևէ մեկին, այլ բացում է Իր տունը բոլոր մարդկային արարածների համար՝ սկսած առավել աննշաններից և մեկուսացվածներից, որպեսզի, որպես Նրա զավակներ, մենք սովորենք մխիթարել և աջակցել միմյանց: Եվ չմոռանաք, որ հույսը չի հիասթափեցնում:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը