• Չարին չարով մի՛ հատուցեք…Ընդհանուր ունկնդրություն, 8 փետրվարի, 2017թ.

    Մի՛ հանգցրէք Հոգին, Թես., 5:19


     

    2017թ. փետրվարի 8-ի Քահանայապետական ընդհանուր ունկնդրության ընթացքում, շարունակելով քրիստոնեական հույսի վերաբերյալ իր քրիստոնեականների շարքը, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հրավիրել է խորհրդածել հետևյալ թեմայի մասին. հույս՝ փոխադարձ սփոփանքի և խաղաղության աղբյուր (Տե՛ս՝ Թես., 5:12-22):

     

    Սրբազան Քահանայապետի քարոզը

     

    Բարի՛ առավոտ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր: Անցած չորեքշաբթի մենք տեսանք, որ Թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին թղթում Սբ. Պողոսը հորդորում է կառչած մնալ Հարության հույսին, այս գեղեցիկ խոսքերով «մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք» (Թես. 4:17): Նույն համատեքստում առաքյալը ցույց է տալիս, որ քրիստոնեական հույսն ունի ոչ միայն անձնական, անհատական խորություն, այլ նաև՝ համայնքային և եկեղեցական: Մենք բոլորս հուսով ենք, բոլորս հույս ունենք, նաև համայնապես:

     

    Պողոսի հայացքն անմիջապես սևեռվում է այն բոլոր իրողությունների վրա, որոնք կազմում են քրիստոնեական համայնք՝ խնդրելով նրանց աղոթել մեկմեկու համար և աջակցել միմյանց, օգնել միմյանց: Սակայն միմյանց օգնել ոչ միայն անհրաժեշտության ժամանակ, առօրյա բազմաթիվ կարիքների դեպքում, այլ   օգնել միմյանց հույսով, աջակցել միմյանց հույսով: Եվ պատահականություն չէ այն, որ նա, ըստ էության, սկսում է՝ հղում անելով նրանց, որոնց վստահված է պատասխանատվությունն ու հովվական առաջնորդությունը: Նրանք առաջինն են, ովքեր կոչված են սնուցելու հույս, և դա ոչ թե այն պատճառով, որ նրանք ավելի լավն են քան մյուսները, այլ՝ աստվածային ծառայության առաքինության, որը բխում է իրենց ուժից: Հետևաբար, նրանք բոլորն ավելի շատ հարգանքի, ըմբռնման և բոլորի մեծահոգի աջակցության կարիք ունեն:

     

    Այնուհետև, ուշադրությունը կենտրոնանում է եղբայրների վրա, ովքեր հույսը կորցնելու, հուսահատության մեջ ընկնելու մեծ վտանգի մեջ էին: Մենք բոլորս միշտ տեղեկություններ ունենք այն մարդկանց մասին, ովքեր հուսահատվում են և սարսափելի բաներ են կատարում: Հուսահատությունը տանում է նրանց բազմաթիվ սարսափելի արարքների, ովքեր հուսահատված են, տկար են և իրենք իրենց ծեծված են զգում կյանքի ծանրությունից և իր մեղքերից և անկարող ազատվելու այդ ամենից: Այսպիսի դեպքերում, ամբողջ Եկեղեցու մտերմությունն ու ջերմությունը պետք է լինի առավել ինտենսիվ և սիրառատ և պետք է ընդունի կարեկցանքի այն նուրբ ձևը, որը ոչ թե ցավում է, այլ ուրիշի հետ տառապելն է, մոտ լինելն այն մարդուն, ով  տառապում է. մի խոսք, մի փաղաքշանք, որը սակայն պետք է բխի սրտից, հենց սա՛ է սփոփանքն այն մարդու համար, ով սփոփանքի և մխիթարության կարիք ունի: Սա այն ամենն է, ինչն առավել կարևոր է: Քրիստոնեական հույսը կարող է լինել միայն անկեղծ և կոնկրետ բարեգործություն: Հռոմեացիներին ուղղված իր թղթում հեթանոսների առաքյալը հաստատում է.

    «Մենք, որ ուժեղ ենք հաւատի մէջ, պարտաւոր  ենք թոյլերի տկարութիւնը տանել եւ միայն մե՛զ համար հաճելի չլինել» (Հռ. 15:1): Տանե՛լ, կրե՛լ թույլերի տկարությունը: Այս վկայությունն այնուհետև փակված չի մնում քրիստոնեական համայնքի շրջանակներում, այն իր ամբողջ ուժով հնչում է նաև հասարակական և քաղաքական համատեքստում՝ որպես մի կոչ ստեղծելու ոչ թե պատեր, այլ՝ կամուրջներ, չարին չարությամբ չպատասխանել, չարիքը բարությա՛մբ հաղթահարել, իսկ վիրավորանքը՝ ներողամտությա՛մբ: Քրիստոնյան երբեք ու երբեք չպետք է ասի. «Նա կվճարի սրա համար»: Սա քրիստոնյաին վայել քայլ չէ, վիրավորանքը հաղթահարվում է ներողամտությամբ, բոլորի հետ խաղաղությամբ ապրելով: Սա՛ է Եկեղեցին: Եվ սա այն է, ինչն առաջ է բերում քրիստոնեական հույսը, երբ այն դառնում է ազդու ուղեցույց և, միևնույն ժամանակ, սիրո քնքշություն: Սերն ուժեղ է և քնքուշ. այն գեղեցիկ է:

     

    Այնուհետև, մենք հասկանում ենք, որ մարդն ինքնուրույն չի սովորում հուսալ: Ոչ ոք ինքնուրույն չի սովորում հուսալ: Դա հնարավոր չէ: Սնվելու համար հույսին անհրաժեշտ է «մարմին», որտեղ տարբեր անդամներ աջակցում և վերակենդանացնում են միմյանց: Սա նշանակում է, որ եթե մենք հույս ենք փայփայում, ապա դա մեր բազմաթիվ եղբայրների և քույրերի շնորհիվ է, ովքեր մեզ սովորեցրել են հուսալ և մեր հույսը կենդանի պահել: Եվ այս ամենի մեջ առանձնահատուկ են աննշանները, աղքատները և անտեսվածները: Այո՛, քանի որ նա չգիտի այնպիսի մի հույս, որը փակված է իր բարեկեցության մեջ: Նա միայն հույս է տածում իր բարեկեցության համար և սա հույս չէ, սա հարաբերական անվտանգություն է: Նա չգիտի այնպիսի մի հույս, որն ինքն իրեն փակում է իր գոհունակության մեջ, որը միշտ ճիշտ է համարում:

     

    Ընդհակառակն, հույս են փայփայում նրանք, ովքեր ամեն օր ենթարկվում են փորձությունների, վտանգների և իրենց իսկ սահմանափակումներին: Դրանք այն եղբայրներն են, ովքեր մեզ տալիս են ամենագեղեցիկ և ամենաուժեղ վկայությունը, քանի որ նրանք հաստատուն են մնում Տիրոջը վստահելիս՝ իմանալով, որ տխրությունից, ճնշումից և մահվան  անխուսափելիությունից անդին վերջին խոսքը լինելու է Նրա՛նը, և այն լինելու է ողորմության, կյանքի և խաղաղության խոսք: Այն մարդը ով հույս է փայփայում, հույս է հայտնում մի օր լսել այս խոսքերը. «Արի՛, արի ինձ մոտ, արի եղբայր, արի՛, ինձ մոտ արի քույր՝ ողջ հավերժության համար»:

     

    Սիրելի՛ ընկերներ…հույսի բնական հենարանը Եկեղեցին է, իսկ կենսատու շունչը, այս հույսի հոգին՝ Սուրբ Հոգին է: Այնուհետև տեսեք, թե ինչու է Պողոս Առաքյալը վերջում կոչ անում մեզ շարունակաբար վկայակոչել Տիրոջը: Եթե հեշտ չէ հավատալ, ապա ավելի դժվար է հուսալ: Ավելի դժվար է հուսալ, քան՝ հավատալ: Սա ավելի դժվար է: Սակայն, երբ Սուրբ Հոգին բնակվում է մեր սրտում, Նա ստիպում է մեզ հասկանալ, որ մենք չպետք է վախենանք, որովհետև Աստված մո՛տ է մեզ և հոգ է տանում մեր մասին: Եվ հենց Նա է ձևավորում մեր համայնքները հավիտենական Հոգեգալստյան միջոցով՝ որպես հույսի  կենդանի նշաններ՝ մարդկային ընտանիքի համար:

    Շնորհակալությու՛ն:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց