Հիսուս մեզ կոչ է անում լինել Նրա լույսի արտացոլանքը` բարի գործերի վկայությամբ:
Բարև՜ ձեզ, սիրելի եղբայրներ ու քույրեր:
Մենք այս կիրակի խորհելու ենք Լեռան քարոզի մասին Մատթեոսի Ավետարանից: Նախորդ կիրակի Երանիները մեկնաբանելուց հետո՝ այսօր Սբ. Պատարագը մեր ուշադրությանն է հրավիրում Հիսուսի խոսքերը, որոնք նկարագրում են Նրա աշակերների առաքելությունն աշխարհում (Մտթ 5, 13-16): Նա կիրառում է «աղ» ու «լույս» փոխաբերությունները: Նրա խոսքերը ուղղված են բոլորին, այդ թվում նաև մեզ:
Հիսուս մեզ կոչ է անում լինել Նրա լույսի արտացոլանքը` բարի գործերի վկայությամբ: Նա ասում է «Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մտթ 5, 16): Այս խոսքերը նշանակում են, որ մեզանում հնարավոր կլինի ճանաչել Նրա ճշմարիտ աշակերտներին, Ով Աշխարհի լույսն է՝ ոչ թե խոսքով, այլ՝ գործով:
Արդարև, առաջին հերթին, մարդիկ հիշում են մեր վարքագիծը վատ և լավ իրավիճակներում: Դրա համար էլ մենք պատասխանատվություն ենք կրում մեր ստացած շնորհի համար. մենք չենք կարող հավատի լույսն ընդունել որպես մեր սեփականություն, որը մեր մեջ է` շնորհիվ Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու գործունեության, այլ կոչված ենք օգնելու, որ այդ լույսը փայլի այս աշխարհում` այն նվիրաբերելով մարդկանց բարի գործերի միջոցով: Որքա՜ն շատ է աշխարհը զգում Ավետարանի լույսի կարիքը, որը վերափոխում, ապաքինում և փրկում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այն:
Մեր հավատի լույսը չի նվաղում, այլ ավելի է պայծառանում, երբ մենք այն նվիրում ենք: Սակայն, այն կարող է անհետանալ, եթե այն չսնուցենք սիրով ու բարեգթությամբ: Այսպես է լույսի պատկերը հանդիպում աղի պատկերի հետ: Իրականում ավետարանում ասվում է, որ ինչպես Հիսուսի աշակերտները, այնպես էլ մենք հանդիսանում ենք «երկրի աղը»: «Դու´ք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի, այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի» (Մտթ 5, 13): Աղը – դա մի տարր է, որը համ է տալիս ուտելիքին, այն պահպանում է փչանալուց. Հիսուս Քրիստոսի ժամանակներում սառնարաններ չկային: Քրիստոնյաների առաքելությունն է «համ» տալ կյանքին հավատքի ու սիրո միջոցով, և, միևնույն ժամանակ, հեռացնել այնպիսի մոլախոտերի ծիլերը, ինչպիսիք են եսասիրությունը, նախանձը, չարախոսությունը և այլն: Այդ մոլախոտերը վնասում են մեր հասարակությանը, որը պետք է բարգավաճի որպես հյուրընկալության, համերաշխության ու հաշտության մի վայր: Այդ առաքելությունն իրականացնելու համար նախ մենք պետք է ձերբազատվենք նման կործանարար հատկանիշներից, որոնք հակասում են Հիսուս Քրիստոսին ու Ավետարանին, և դա պետք է լինի ամենօրյա մաքրում:
Մեզանից յուրաքանչյուրն իր առօրյա կյանքում կոչված է լինելու «լույս» ու «աղ», իր առաքելության իրագործման ճանապարհին՝ ոգեշնչված Ավետարանով, ցուցաբերի ջանասիրություն: Թող միշտ մեր հետ լինի Սուրբ Մարիամ Աստվածածնի՝ Հիսուսի առաջին աշակերտի բարեխոսությունը, որպես օրինակ հավատավորներին, ովքեր ամեն օր իրականացնում են իրենց առաքելությունը: Թող մեր Մայրը մեզ օգնի, որ Աստված միշտ մաքրի ու լուսավորի մեզ, որպեսզի մենք էլ դառնանք «երկրի աղն» ու «աշխարհի լույսը»:
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը