«Այդպէս մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք» (Թես.4:17)
2017թ. փետրվարի 1-ին ընդհանուր ունկնդրության ժամանակ, շարունակելով քրիստոնեական հույսի թեմայով իր քրիստոնեականների շարքը, իր իտալերեն ուղերձում Սրբազան Քահանայապետը անդրադարձել է «փրկության հույսի սաղավարտը» թեմային, որի մասին խոսում է Սբ. Պողոսը (Թես. 5:4-11): Իտալերեն լեզվով տրված քրիստոնեականի ընթացքում Քահանայապետը հավատացյալներին հրավիրել է կրկնելու Սբ. Պողոսի խոսքերը. «Այդպէս մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք» (Թես.4:17): Նա կոչ է արել աղոթել սիրելի մարդկանց համար, ովքեր հեռացել են մեզանից, ովքեր ապրում են Քրիստոսի հետ և հաղորդությամբ մեզ հետ են:
Իր քրիստոնեականը մի քանի լեզուներով ամփոփելուց հետո, Սրբազան Քահանայապետը հատուկ ողջունել է այնտեղ ներկա հավատացյալների խմբերին: Հրապարակային ունկնդրությունն ավարտվել է «Հայր մեր» աղոթքի և առաքելական օրհնության երգեցողությամբ:
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի քրիստոնեականը
Բարի՛ առավոտ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր:
Անցած քրիստոնեականի ժամանակ մենք սկսեցինք հույսի թեմայով մեր քարոզը՝ այս տեսանկյունից վերընթերցելով Հին Կտակարանի որոշ էջեր: Այժմ մենք ցանկանում ենք լույս սփռել այն արտասովոր իմաստին, որ ունի հույսի առաքինությունը Նոր Կտակարանում՝ հասկացված Հիսուս Քրիստոսի բերած նորության և չարչարանաց համատեքստում: Մենք՝ քրիստոնյաներս, հույսի մարդիկ ենք:
Սա այն է, ինչ մեզ առաջարկում է առաջին տեքստը՝ Սբ. Պողոսի առաջին թուղթն՝ ուղղված թեսաղոնիկեցիներին: Մեր լսած հատվածում կարելի է ընկալել առաջին քրիստոնեական ազդարարության ամբողջ թարմությունն ու գեղեցկությունը: Թեսաղոնիկեի համայնքը նոր հիմադրված երիտասարդ համայնք էր, սակայն, չնայած դժվարություններին և բազմաթիվ փորձություններին, այն ամուր էր հավատքի մեջ և խանդավառությամբ և ուրախությամբ տոնում էր Տեր Հիսուսի Հարության տոնը: Այսպես, առաքյալը ի սրտե ուրախանում է բոլորի հետ և առավել նրանց հետ, ովքեր վերածնվում են Զատկի ժամանակ, ճշմարտապես դառնում «լուսոյ որդիներ եւ ցերեկուայ որդիներ» (Թես., 5:5)՝ Քրիստոսի հետ իրենց լիարժեք հաղորդության շնորհիվ:
Երբ Պողոսը գրում է նրանց, Թեսաղոնիկեի համայնքը դեռ նոր էր ստեղծվել և միայն մի քանի տարիներ էին անցել Քրիստոսի Զատկից: Հետևաբար, առաքյալը փորձում է հասկացնել նրանց այն բոլոր ազդեցություններն ու հետևանքները, որոնք այս եզակի և վճռորոշ իրադարձությունը՝ Տիրոջ Հարությունը, թողել է պատմության և յուրաքանչյուրի կյանքի համար: Համայնքի համար դժվարությունը հատկապես կայանում էր ոչ այնքան Հիսուսի Հարությունը ընդունելու մեջ, քանի որ բոլորն են հավատում դրան, այլ՝ մեռյալների հարությանը հավատալու մեջ: Այո՛, Հիսուս հարություն է առել, սակայն դժվար էր հավատալ, որ մեռյալները կրկին հարություն են առնելու: Հետևաբար, այս թուղթը ճիշտ ժամանակին է ի հայտ գալիս: Ամեն անգամ, երբ մենք հայտնվում են մահվան դիմաց կամ մեր սիրելի մարդկանց կորցնելու առջև, զգում ենք, որ մեր հավատքը քննության է առնվում: Առաջ են գալիս մեր բոլոր կասկածները, մեր բոլոր թուլությունները, և մեզ հետաքրքրում է. «Արդյո՞ք իսկապես կյանք կա մահից հետո, արդյո՞ք ես կկարողանամ նորից տեսնել և գրկել իմ սիրելի մարդկանց»: Մի քանի օր առաջ, ունկնդրության ժամանակ, մի կին երկմտությամբ ինձ տվեց այս հարցը. «Արդյո՞ք ես կհանդիպեմ ինքս ինձ»: Այս համատեքստում մենք նաև կարիք ունենք վերադառնալու մեր հավատքի արմատներին ու հիմքերին, որպեսզի քաջատեղյակ լինենք այն ամենին, ինչ Աստված արել է մեզ համար՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, և այն ամենին, թե ինչ է նշանակում մեր մահը: Մենք բոլորս ինչ-որ կերպ վախենում ենք մահվան այս անորոշությունից: Ես հիշում եմ մի բարի ծերունու, ով ասաց. «Ես չեմ վախենում մահից, ես մի քիչ վախենում եմ տեսնել, թե ինչպես է այն գալիս»: Նա սրանից էր վախենում:
Ի դեմս համայնքի մտավախություններին և շփոթմունքներին, Պողոսը կոչ է անում, հատկապես փորձությունների և կյանքի դժվարին պահերի ժամանակ, որպես սաղավարտ ունենալ «փրկության հույսը»: Դա սաղավարտ է: Տեսե՛ք, թե ինչ է քրիստոնեական հույսը: Հույսի մասին խոսելիս, մենք կարող ենք հասկանալ այն իր սովորական իմաստով, մասնավորապես, հղում անելով մի լավ բանի, որը մենք ցանկանում ենք, սակայն, որը կամ կարող է իրականանալ, կամ՝ ոչ: Մենք հույս ունենք, որ այն տեղի կունենա: Սա նման է ցանկության: Օրինակ, մարդն ասում է. «Հույս ունեմ, որ վաղը եղանակը լավ է լինելու», սակայն մենք գիտենք, որ, հակառակը, հաջորդ օրը եղանակը կարող է և վատը լինել: Քրիստոնեական հույսը այսպիսին չէ: Քրիստոնեական հույսը ինչ-որ մի բանի սպասում է, որն արդեն կատարվել է, դուռն այնտեղ է և ես հույս ունեմ մոտենալ դռանը: Ի՞նչ պետք է անեմ: Ես պետք է մոտենամ դռանը: Ես վստահ եմ, որ կմոտենամ դռանը: Քրիստոնեական հույսն այսպիսին է լինում՝ համոզված լինել, որ ես այն բանի ճանապարհին եմ, որը պարզապես մի երազանք չէ:
Սա է քրիստոնեական հույսը: Քրիստոնեական հույսը ինչ-որ բանի սպասումն է, որն արդեն կատարվել է և, որն անշուշտ կարող է կատարվել մեզանից յուրաքանչյուրի համար: Հետևաբար մեր, և մեր սիրելի մահացած մարդկանց հարությունը ևս, ինչ-որ մի բան չէ, որը կարող է պատահել, կամ ոչ, այլ այն մի հստակ իրականություն է այնքանով, որքանով այն արմատացած է Քրիստոսի Հարության փաստի մեջ: Հետևաբար, հուսալ՝ նշանակում է սովորել ապրել սպասումով, սովորել ապրել սպասումով և կյանք գտնել: Երբ կինը գիտակցում է, որ ինքը հղի է, սովորում է ամեն օր ապրել՝ իր ապագա երեխայի հայացքը տեսնելու սպասումով: Այսպիսով, մենք ևս պետք է ապրենք Տիրոջը տեսնելու, Նրան հանդիպելու սպասումով: Սա հեշտ չէ, սակայն կարելի է սովորել ապրել սպասումով: Հուսալ՝ նշանակում և ենթադրում է մի խոնարհ սիրտ, մի աղքատ սիրտ: Միայն աղքատ մարդը գիտի, թե ինչպես սպասել: Նա, ով արդեն ինքնին ապահովված է իր կարողություններով, իրենից բացի ոչ մի բանի չի վստահում:
Կրկին Սբ. Պողոսը գրում է. «Նա մեռաւ մեզ համար, որպէսզի արթուն լինենք թէ ննջենք, նրա հետ միասի՛ն ապրենք» (1 Թես.5:10 ): Այս խոսքերը մշտապես մեծ մխիթարության և խաղաղության խթանիչներ են: Հետևաբար, մենք նաև կոչված ենք աղոթելու մեր սիրելի մարդկանց համար, ովքեր հեռացել են մեզանից, որպեսզի նրանք լինեն Քրիստոսի հետ և հաղորդությամբ՝ նաև մեզ հետ: Այն ամենն, ինչ ինձ շատ է հուզում, դա Սբ. Պողոսի մի արտահայտությունն է, որը կրկին ուղղված է Թեսաղոնիկեցիներին: Այն լցնում է իմ հոգին հույսի հաստատականությամբ: Այսպիսով նա ասում է. «Այդպէս մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք» (Թես.4:17): Ամեն ինչ անցողիկ է, սակայն մահվանից հետո, մենք միշտ լինելու ենք Տիրոջ հետ: Սա հույսի ընդհանուր հաստատականությունն է: Նույնը, ինչ Հոբն ավելի վաղ արել է, ասում է. «քանի որ գիտեմ՝ յաւերժական է Նա, ով երկրի վրայ պիտի փրկի ինձ՝ ում տեսել եմ ես իմ աչքերով» (Յոբ. 19:25, 27): Եվ այսպես մենք միշտ կլինենք Տիրոջ հետ: Արդյո՞ք դուք հավատում եք սրան: Ես հարցնում եմ ձեզ, արդյո՞ք դուք հավատում եք սրան: Ես կոչ եմ անում ձեզ ինձ հետ միասին ասել այս ամենը երեք անգամ. «Այդպես մշտապես Տիրոջ հետ պետք է լինենք»: Եվ մենք այնտեղ հանդիպելու ենք Տիրոջ հետ:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը