• Կողմնակալ շահերի հետևանքները. Քահանայապետի ուղերձը՝ միջեկեղեցական աստվածաբանական երկխոսության հանձնաժողովին

    «Քանզի մէ՛կ Հոգով մէ՛կ մարմին լինելու համար մկրտուեցինք մենք ամէնքս» (1 Կոր. 12:13)


     2017թ. հունվարի 27-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ընդունեց Կաթողիկէ և Արևելյան Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային խառն հանձնաժողովի անդամներին, որոնց շարքում էին նաև Պոլսի հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ Արհ. Տ. Լևոն արքեպս. Զեքիյանը և Սիրիայի հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ Արհ. Տ. Պետրոս արքեպս. Միրիաթյանը:

     

    Ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի կոչն՝ ուղղված հանձնաժողովին:

     

    Սիրելի՛ եղբարք ի Քրիստոս,

    16252360_1442884529056480_5239549015913433258_o

    Ողջունելով ձեզ՝ շնորհակալություն եմ հայտնում՝ ձեր ներկայության և այն բարի խոսքերի համար, որ Մետրոպոլիտ Եպիսկոպոսը ձեր անունից ուղղեց ինձ: Ձեր միջոցով ես իմ ջերմ ողջույններն եմ հղում Արևելյան Ուղղափառ եկեղեցիների առաջնորդներին՝ իմ հարգարժան եղբայրներին:

     

    Շատ շնորհակալ եմ ձեր հանձնաժողովի աշխատանքի համար, որը սկսվել է 2003թ. և այժմ անցկացնում է իր 14-րդ հանդիպումը: Անցած տարի դուք սկսեցիք սբ. խորհուրդների բնույթի մասին ուսումնասիրությունը՝ հատկապես մկրտության խորհրդի: Հենց մկրտությամբ է, որ մենք վերաբացահայտեցինք քրիստոնյաների միջև միության հիմքը: Որպես կաթողիկէներ և արևելյան ուղղափառներ, մենք կարող ենք կրկնել Պողոս Առաքյալի խոսքերը. «քանզի մէ՛կ Հոգով մէ՛կ մարմին լինելու համար մկրտուեցինք մենք ամէնքս» (1 Կոր. 12:13): Այս շաբաթվա ընթացքում դուք այնուհետև անդրադարձել եք Սուրբ Հաղորդության պատմական, աստվածաբանական և եկեղեցական կողմերին՝ «ողջ քրիստոնեական կյանքի աղբյուրին և սահմանին», որը հիանալի կերպով արտահայտում և ցույց է տալիս Աստծո ժողովրդի միությունը: Ես կոչ եմ անում ձեզ հաստատակամ լինել ձեր ջանքերի մեջ և վստահ եմ, որ ձեր աշխատանքը ձեր առաջընթացի ճամփորդության համար կարող է մատնանշել օգտակար ուղիներ: Հետևաբար, այն կարող է հեշտացնել դեպի այդ բաղձալի օրվան հասնելու ճանապարհը, երբ մենք աստվածատուր շնորհը կունենանք՝ մատուցելու Տիրոջ Զոհը միևնույն Զոհասեղանին՝ որպես հիմնովին վերականգնված եկեղեցական հաղորդություն:

     

    Ձեզանից շատերը պատկանում են այն եկեղեցիներին, որոնք ականատես են լինում ամեն օր ծայրահեղականների կողմից տեղի ունեցող բռնությունների և դաժան գործողությունների տարածման: Մենք գիտենք, որ նման ողբերգական տառապանքների իրավիճակներն առավել հեշտությամբ արմատավորվում են մեծ աղքատության, անարդարության և սոցիալական բևեռացման համատեքստում՝ ի հետևանս այն անկայունության, որը ստեղծվում է կողմնակալ շահերի և ավելի վաղ հակամարտությունների պատճառով, որոնք հանգեցրել են խիստ կարիքի, մշակութային և հոգևոր լճացման իրավիճակների, որտեղ մարդկանց շահագործելն ու նրանց ատելության հրահրելը դառնում է շատ հեշտ: Յուրաքանչյուր օր ձեր եկեղեցիները՝ նեցուկ կանգնելով այն մարդկանց, ովքեր տառապում են, կոչված են սերմանել համերաշխություն և համբերատար կերպով աշխատել վերականգնել հույսն՝ առաջարկելով այն ամոքիչ խաղաղությունը, որը գալիս է Տիրոջից. խաղաղություն, որը մենք պարտավոր ենք  միասին բերել վիրավոր և ցավի մեջ գտնվող աշխարհին:

     

    Սբ. Պողոսը նաև գրում է. «Եւ եթէ մի որեւէ անդամ ցաւ է զգում, նրա հետ ցաւ են զգում բոլոր անդամները» (1 Կոր. 12-26): Ձեր տառապանքները մե՛ր տառապանքներն են: Ես միանում եմ ձեր աղոթքին՝ հանուն հակամարտությունների ավարտի և Աստծո մտերմության այն մարդկանց, ովքեր այդքան շատ բաների են դիմակայել, հատկապես, երեխաները, հիվանդներն ու ծերերը: Իմ սիրտը հատկապես ցավում է այն եպիսկոպոսների, քահանաների, հոգևոր հայրերի ու քույրերի, նաև աշխարհականների համար, ովքեր դաժանաբար առևանգվել, պատանդ են պահվել և ստրկացվել:

    16178957_1442884765723123_7857882132624362364_o

    Թո՛ղ, որ քրիստոնյա համայնքներն առաջնորդվեն մեր այն բազմաթիվ նահատակների բարեխոսությամբ և օրինակով, ովքեր եղան Քրիստոսի քաջարի վկաները: Նրանք մեզ ցույց են տալիս մեր հավատքի սիրտը, որը ոչ թե խաղաղության և հաշտեցման ընդհանուր ուղերձ է, այլ՝ խաչված և հարություն առած Քրիստոսի՛ մեջ է: Նա՛ է մեր խաղաղությունն ու հաշտությունը: Որպես նրա աշակերտներ, մենք կոչված ենք քրիստոնեական հզորությամբ ամենուր վկայելու Նրա խոնարհ սերը, որը հաշտեցնում է յուրաքանչյուր տարիքի տղամարդկանց և կանանց: Որտեղ բռնությունը ծնում է բռնություն և սերմանում է մահ, այնտեղ մեր պատասխանը պետք է լինի Ավետարանի մաքուր թթխմորը, որը խուսափելով իշխանության ռազմավարություններից, թույլ է տալիս կյանքի պտուղներին աճել չոր գետնից և հուսալ մի լուսաբաց՝ ահաբեկչական գիշերվա խավարից հետո:

     

    Քրիստոնեական կյանքի կենտրոնը՝ Հիսուսի Սուրբ Խորհուրդը, Ով մահացավ և սիրով համբարձվեց, նաև դեպի ամբողջական միություն մեր ճամփորդության վկայակոչման  կետն է: Մեկ անգամ ևս նահատակները մեզ ճանապարհ են  ցույց տալիս: Քանի՜ ու քանի՜ անգամ են նրանց կյանքի զոհաբերությունները առաջնորդել իրարից բաժանված քրիստոնյաներին դեպի միության: Ամբողջ եկեղեցական ավանդույթների նահատակներն ու սրբերը արդեն մեկ են՝ Քրիստոսի շնորհիվ, նրանց անունները գրված են Աստծո Եկեղեցու մեկ ընդհանուր նահատակության մեջ: Երկրի վրա, սիրուց դրդված, իրենք իրենց զոհելով՝ նրանք հաստատվեցին երկնային Երուսաղեմում՝ հավաքված Զենված Գառնուկի շուրջ: Նրանց կյանքը՝ մատուցված որպես պարգև, միասնության կոչ է անում մեզ. շտապել դեպի  ամբողջական  միության ճանապարհը: Ճիշտ այնպես, ինչպես վաղ Եկեղեցում էր նահատակների արյունը նոր քրիստոնյաների սերմը, այնպես էլ մեր օրերում բազմաթիվ նահատակների արյունը հավատացյալների միջև կարող է լինել միասնության սերմ, միության և խաղաղության ապագայի նշան ու գործիք:

     

    Սիրելի՛ եղբայրներ, ես շնորհակալ եմ ձեր ջանքերի համար, որոնք ուղղված են այս նպատակի իրականացմանը: Ձեր այցելության համար շնորհակալություն հայտնելով՝ ես ձեզ և ձեր ծառայության համար խնդրում եմ Տիրոջ օրհնությունը և Աստծո Սուրբ Մոր սիրառատ պաշտպանությունը:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց