• Մենք սիրում ենք ստեղծել կուռքեր և գնել կեղծ հույսեր…Սրբազան Քահանայապետի քարոզը

    «Եթե մարդն իր հույսը դնում է կուռքերի վրա, ապա դառնում է նրանց նման»:


    Ներկայացնում ենք Հռոմի Սրբազան Քահանայապետի 2017թ. հունվարի 11-ի ուղերձը ընդհանուր ունկնդրության ժամանակ, Վատիկանի Պողոս 6-րդի դահլիճում:

     

    Բարի՛ առավոտ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր:

     

    Դեկտեմբեր ամսվա վերջին և հունվարի սկզբին մենք տոնեցինք Հիսնակաց շրջանը և ապա Սուրբ Ծննդյան տոնը՝ ծիսական տարվա մի ընթացք, որը հույս է արթնացնում Աստծո Ժողովրդի մեջ: Հույսն առաջնային անհրաժեշտություն է մարդու համար. հուսալ ապագայի համար, հավատալ կյանքին, եթե այսպես ասենք, «դրական մտածելակերպին»:

     

    Սակայն, կարևոր է հույսը դնել այն ամենի վրա, ինչն իսկապես կօգնի ապրել և իմաստ հաղորդել մեր գոյությանը: Հենց այս ամենի պատճառով է, որ Սուրբ Ավետարանը մեզ պաշտպանում է կեղծ հույսերից, որոնք աշխարհն առաջարկում է մեզ՝ դիմակազերծ անելով դրանց անիմաստությունն ու ցույց տալով դրանց անմտությունը: Եվ Ավետարանն այդպես է անում տարբեր ճանապարհներով, սակայն հատկապես՝ դատապարտելով կուռքերի կեղծությունը, որին մարդը շարունակաբար ձգտում է վստահել՝ դարձնելով դրանք իր հույսի առարկան:

     

    Մարգարեները և իմաստունները պնդում են սա՝ մասնավորապես դիպչելով հավատացյալների հավատքի ճամփորդության դյուրազգաց կետին: Քանի որ հավատքը  Աստծուն վստահելն է. նա, ով հավատք ունի, վստահում է Աստծուն, այնուամենայնիվ, գալիս է այն պահը, երբ ընկնելով կյանքի դժվարությունների մեջ՝ մարդը զգում է այդ վստահության փխրունությունը և կարիք է զգում այլազան վստահելի, իրական, շոշափելի ապահովությունների: Ես ինքս ինձ վստահում եմ Աստծուն, սակայն իրադրությունը բավականին վատ է և ինձ անհրաժեշտ է վստահություն, որն ինչ-որ կերպ ավելի կոնկրետ է: Եվ վտանգը հենց այս ամենի մեջ է: Ապա մենք ձգտում ենք նույնիսկ վաղանցիկ մխիթարությանը, որը, թվում է, թե լցնում է մենության դատարկությունը և հանգստացնում հավատալու ջանքերից հոգնածությունը: Եվ մենք կարծում ենք, որ դա կարող ենք գտնել փողով գնված անվտանգության, հզորների հետ դաշինքի, աշխարհիկության և կեղծ գաղափարախոսությունների մեջ: Երբեմն մենք ձգտում ենք այն աստծուն, ով կարող է խոնարհվել մեր խնդրանքների առջև և հրաշքով միջամտել, որպեսզի փոխի իրականությունը և դարձնի այնպիսին, ինչպիսին որ մենք ենք ցանկանում, մենք ձգտում ենք մի կուռքի, որը ոչինչ չի կարող անել, իր էությամբ անզոր և ստախոս է: Սակայն մենք սիրում ենք կուռքեր, շատ ենք սիրում:

     

    Մի անգամ, Բուենոս Այրեսում ես պետք է գնայի մի եկեղեցուց մյուսը՝ հազար մետրից մի փոքր ավելի կամ պակաս: Եվ ես քայլելով գնացի: Եվ ճանապարհին մի այգի կար և այգում փոքրիկ սեղաններ կային, սակայն շատ, անչափ շատ բախտագուշակներ էին նստած: Այն լի էր մարդկանցով, ովքեր ևս հերթ էին առաջացրել: Մարդը նրանցից մեկին պետք է տար իր ձեռքը և «բախտագուշակը» պետք է խոսեր, սակայն խոսակցությունը միշտ նույնն էր՝ քո կյանքում կին կա, քեզ ստվեր է մոտենում, սակայն ամեն ինչ լավ է լինելու: Ապա հաճախորդը վճարում էր: Իսկ արդյո՞ք սա մարդուն անվտանգություն է տալիս: Սա, թույլ տվեք ասել, հիմար արարքի անվտանգություն է: Խաղաթղթեր կարդացող տղամարդ կամ կին բախտագուշակի մոտ գնալը կռապաշտություն է:  Սա կռապաշտություն է, և երբ մենք մենք շատ ենք կապվում դրանց, ապա մենք գնում ենք կեղծ հույսեր: Մինչդեռ, անհատույց կերպով տալու հույսին, որը մեզ Հիսուսն է տվել՝ Իր կյանքն անհատույց կերպով մեզ համար տալով, մենք երբեմն չենք վստահում այդքան շատ:

     

    Սաղմոս 115-ում, Սաղմոս, լի  այն իմաստությամբ, որը մեզ համար, հետաքրքրաշարժ ձևով պատկերում է այն կեղծ կուռքերը, որոնք աշխարհն առաջարկում է, որպեսզի հուսանք և որոնց բոլոր ժամանակների մարդիկ նախընտրել են վստահել իրենց կյանքը, ասվում է.

     

    «Հեթանոսների կուռքերը ոսկի եւ արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների։ Բերան ունեն՝ բայց չեն խօսում, աչքեր ունեն՝ բայց չեն տեսնում։ Ականջներ ունեն՝ բայց չեն լսում, քիթ ունեն՝ բայց չեն հոտոտում։ Ձեռքեր ունեն՝ բայց չեն շօշափում, ոտքեր ունեն՝ բայց չեն քայլում, եւ նրանց կոկորդում ձայն չկայ։ Նրանց նման կը լինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ իրենց յոյսը դնում են դրանց վրայ (Սաղ. 115:4:8)։

     

    Սաղմոսերգուն նաև մի փոքր հեգնական ձևով մեզ ներկայացնում է այս կուռքերի բացարձակ անհարատև իրականությունը: Եվ մենք պետք է հասկանանք, որ սրանք միայն պատկերներ չեն, որոնք պատրաստված են մետաղից կամ այլ նյութերից, այլ դրանք նաև կառուցված են մեր մտքում, երբ մենք վստահում ենք սահմանափակ իրողությունների, որոնք մենք վերածում ենք բացարձակության, կամ, երբ մենք Աստծուն իջեցնում ենք մեր սխեմաների և Աստծո մասին մեր գաղափարների աստիճանին՝ նրան դարձնելով մի Աստված, Ով ծանոթ, ըմբռնելի և կանխատեսելի  է մեզ համար, ըստ էության, նման այն կուռքերին, որոնց մասին խոսվում է Սաղմոսի մեջ:

     

    Մարդը՝ Աստծո պատկերը, ստեղծում է մի աստված՝ իր սեփական պատկերով, և այն վատ պատրաստված պատկեր է. այն չի զգում, չի գործում և ամենից առաջ այն չի կարող խոսել: Սակայն մենք ավելի ուրախ ենք գնալ կուռքերի մոտ, քան՝ Տիրոջ: Շատ անգամներ մենք ավելի ուրախ ենք այս կեղծ կուռքի տված վաղանցիկ հույսով, քան այն մեծ և վստահ հույսով, որը Տերն է տալիս մեզ:

     

    Հույսը դնելը կյանքի Տիրոջ վրա, Ով Իր խոսքով ստեղծեց աշխարհը և ուղղորդում է մեր գոյությունը, հակադրությունն է համր պատկերի վստահությանը: Երբ գաղափարախոսություններն՝ իրենց բացարձակության հանդեպ պահանջով, հարստությունները, որն անշուշտ մեծ կուռք է, իշխանությունը և հաջողությունը, փառասիրությունը՝ հավերժության և ամենազորության իրենց պատրանքներով, ֆիզիկական գեղեցկության ու առողջության մասին արժեքները դառնում են կուռքեր, որոնց համար զոհաբերում են ամեն ինչ, բոլորն էլ իրողություններ են, որոնք շփոթեցնում են միտքը և սիրտը, ու կյանքը զարգացնելու փոխարեն հանգեցնում են մահվան:

     

    Բուենոս Այրեսի թեմում տարիներ առաջ իմ լսածը հոգուս մեծ ցավ պատճառեց: Բարի և շատ գեղեցիկ մի կին, պարծեցավ իր գեղեցկությամբ և այն մեկնաբանեց այնպես, ասես դա բնական էր. «Այո՛, ես ստիպված էի ընդհատել հղիությունս, քանի որ իմ կազմվածքը շատ կարևոր է»: Սա կուռքի մի օրինակ է, և սա տանում է սխալ ճանապարհով ու երջանկություն չի բերում:

     

    Սաղմոսի ուղերձը շատ հստակ է՝ եթե մարդն իր հույսը դնում է կուռքերի վրա, ապա դառնում է նրանց նման. դատարկ պատկերներ՝ պատրաստված այն ձեռքերով, որոնք չեն դիպչում, ոտքեր, որոնք չեն քայլում, բերաններ, որոնք չեն կարողանում խոսել»: Ոչինչ ավելին չկա ասելու, մարդը դառնում է անկարող օգնելու, ինչ-որ բան փոխելու, անկարող ժպտալու, ինքն իրեն տալու այլոց, դառնում է անկարող սիրելու: Եվ մենք՝ եկեղեցականներս, ևս հայտվում ենք այս վտանգի մեջ, երբ դառնում ենք «աշխարհասեր»: Անհրաժեշտ է մնալ աշխարհում, սակայն պաշտպանվել աշխարհի պատրանքներից, որոնք այն կուռքերն են, որոնք ես նշեցի:

     

    Ինչպես շարունակում է Սաղմոսը, պետք է վստահել Աստծուն և հույսը դնել Նրա վրա և Տերը կօրհնի: Այսպիսով Սաղմոսն ասում է. «Իսրայէլի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ, որը նրա օգնականն ու ապաւէնն է։ Ահարոնի տու֊նը յոյսը դրեց Տիրոջ վրայ, որը նրա օգնականն ու ընկերակիցն է։ Տիրոջից երկիւղ կրողները յոյսը դրին Տիրոջ վրայ, որը նրանց օգնականն ու փրկիչն է։ Յիշեց մեզ Տէրն ու օրհնեց մեզ (Սաղ. 115-9,10,11,12)»:

     

    Աստված միշտ հիշում է մեզ: Նա մեր մասին հիշում է նաև սարսափելի պահերին, և սա մեր հույսն է և հույսը երբեք ու երբեք հուսախաբ չի անում: Կուռքերը միշտ հուսախաբ են անում: Դրանք երևակայություններ են, այլ ոչ թե՝ իրականություն: Ահա՛ հույսի զարմանալի իրականությունը. վստահելով Աստծուն՝ մարդը նմանվում է Նրան, Նրա օրհնությունը մեզ դարձնում է Նրա զավակները, ովքեր կիսում են Իր կյանքը: Հույսն Աստծո վրա դնելն օգնում է մեզ մտնել, այսպես ասած, Նրա հիշատակի գործող ճառագայթի, Նրա հիշողության  մեջ, որն օրհնում և փրկում է մեզ: Եվ ապա Ալելուիան, կենդանի և ճշմարիտ Աստծո փառաբանությունը, Ով մեզ համար ծնվեց Մարիամից, մահացավ խաչի վրա և համբարձվեց փառքով: Եվ մենք մեր հույսը դնում ենք այս Աստծո վրա, Ով կուռք չէ և երբեք  հուսախաբ չի անում:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց