Քո շնորհներով զօրացած պահի՛ր եւ պահպանի՛ր ամէնքիս գալիք տարում Քո սուրբ կամքի մէջ` առլցուած հաւատքով, յարատեւ սիրոյ ու յոյսի մէջ։
Գյումրիի Սրբոց Նահատակաց հայր կաթողիկէ աթոռանիստ եկեղեցում 2016 թվականին հրաժեշտ տվեցին գոհաբանական գեղեցիկ աղոթքներով և Սբ. Պատարագներով։ Տարեմուտի գիշերը միասին եկեղեցում ջերմեռանդական աղոթքներով և Սբ. Պատարագով դիմավորելը հայ կաթողիկէ շատ համայնքներում դառնում է ավանդույթ`որպես վերածնվող համայնքային բարեպաշտության և ոչ աշխարհիկ, ոչ հեշտասեր տրամաբանության զարգացման արտահայտություն։
Հավատացյալները քահանաների առաջնորդությամբ շնորհակալություն հայտնեցին Տիրոջը
և աղոթեցին ընդհանուր դիտավորությունների համար.
Գոհաբանական աղոթքը
Տարեմուտի այս պահին հաւաքուած Քո Սուրբ տան մէջ մեր գոհութիւնն ենք յայտնում Ամենասուրբ Երրորդութեան` Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, անցնող Ողորմութեան տարուայ համար, որը հռչակեց Հռումի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը, հնարաւորութիւն տալով ամէնքիս վերանայել մեր ընթացքը եւ նմանուել Ողորմութեան տարուայ խորհրդանիշ դարձած բարի սամարացուն: Այսպիսով եւս մէկ հրաւէր ունեցանք ապրելու Քո կամքի համաձայն` ի միտ ունենալով քրիստոնեայի կերպարը` խաղաղութեան, սիրոյ, նուիրուածութեան եւ երախտագիտութեան մէջ: Եւ սրա գերագոյն դրսեւորումը` մշտապէս փնտրել ու տեսնել դիմացինի մէջ Արարիչ Աստծոյ պատկերը:
Դու, ո՛վ Տէր, որ քննում ես բոլորի սրտերը եւ Քո ամենագութ ողորմութեամբ առաջնորդում ես ամէնքիս, աղաչում ենք տո՛ւր մեզ քրիստոնէավայել ապրելակերպ, որը ճանապարհ պիտի հարթի մեզ համար` Քո փրկչագործութեան ծրագրին համապատասխան:
Հայր Բարեխնամող, պարգեւի՛ր իմաստութիւն` հասկանալու համար Քո Սբ․ Ծննդեան պատգամը, որպէսզի աւելի լաւ ըմբռնենք այդ մեծ եւ սքանչելի խորհուրդը, որը Աստուածապարգեւ սիրոյ եւ յոյսի դռներ է բացում ամէնքիս առջեւ, քանզի մենք էլ փափագում ենք միանալ հրեշտակաց դասի փառաբանութեանը` երգելով նրանց հետ․
«Փառք Աստծուն բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութիւն եւ հաճութիւն մարդկանց մէջ» (Ղուկ․ 2.14):
Յիրաւի, Փրկչագործութեան կեանքի կոչումը պիտի սկսենք մեր սրտերից ծագող եւ աշխարհին Աւետիս տանող խաղաղութեամբ եւ այս խաղաղութիւնը պէտք է տիրի երկրի վրայ, ինչպէս երկնքում է, որովհետեւ Քեզ հետեւողները խաղաղութեան եւ սիրոյ որդիներ պիտի լինեն:
Հեռո՛ւ վանիր մեզանից, ո՛վ Տէր, նախանձը, չարութիւնը, ընչաքաղցութիւնը, նենգութիւնն ու ամէն տեսակի անմաքրութիւն, որոնք մեզանից վանում են Աստուածապարգեւ Քո խաղաղութիւնը եւ սէրը:
Տո՛ւր մեզ Տէր, կամք ապրելու այն աստուածային սէրը, որով դու ուրանալով քո Անձը` դարձար Գառն Աստծոյ եւ վերցրեցիր աշխարհի մեղքերը (Յովհ․ 1, 36):
Արարիչ ամէնքի եւ ամէն ինչի, շնորհիր խոհեմութիւն` հասկանալու համար Աւետարանական այն Խօսքը, որ պէտք է լինենք ողորմած, ինչպէս Հայրը երկնաւոր: Քանզի միայն կարեկցելով եւ դիմացինի մէջ Քրիստոսին տեսնելու փափագով է, որ կը կարողանանք անել հոգեւոր եւ մարմնաւոր ողորմութեան գործերը, որ կառաջնորդեն սրբութեան եւ Քեզ հետ լիակատար միութեան:
Փրկիչ աշխարհի, այսօր ամէնքս Քո Սբ․ Առաքեալների նման հայցում ենք աւելացնել եւ անսասան պահել մեր հաւատը, որ երբեք չերկնչենք, չկասկածենք եւ քայլենք փրկութեան ճանապարհով, որը կառաջնորդի միայն դէպի Քեզ:
Աղաչում ենք Քեզ, տո՛ւր մեզ անսպառ յոյս փորձութեան ժամին, որ չերկմտենք եւ ապրենք կամքիդ համաձայն` յիշելով, թէ ով համբերի իսպառ, նա կը փրկուի:
Բարեխօսութեամբ եւ աղաչանքով Սուրբ Աստուածածնի եւ Սրբոց նահատակաց, որոնց սուրբ անունով է կնքուած եւ օծուած տաճարն այս սուրբ աստուածատուր Քո շնորհներով զօրացած պահի՛ր եւ պահպանի՛ր ամէնքիս գալիք տարում Քո սուրբ կամքի մէջ
` առլցուած հաւատքով, յարատեւ սիրոյ ու յոյսի մէջ․
Ամէն:
Աղոթքի հեղինակ` Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյան, լրամշակմամբ Հ. Նարեկ վրդ. Մնոյանի և Հ. Վահան ծ. Վրդ. Օհանյանի։