• Հիսուս Մանկան Ծնունդը կենսատու հույսի աղբյուր է

    «Նա մտավ աշխարհ և մեզ ուժ տվեց Իր հետ միասին քայլելու համար»:


     

     

    Ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի 2016թ. դեկտեմբերի 21-ի  ընդհանուր ունկնդրության քարոզը՝ Սբ. Պողոս 6-րդի դահլիճում:

     

    «Բարի՛ առավոտ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր: Մենք դեռ նոր ենք սկսել հույսի թեմայով քրիստոնեականի շարքը, որն առավել հարմար թեման է Հիսնակաց շրջանում: Մինչ այժմ Եսայի մարգարեն առաջնորդել է մեզ: Այսօր, Սուրբ Ծննդից մի քանի օր առաջ, ես կցանկանայի անդրադառնալ հատկապես այն պահին, երբ, այսպես ասած, հույսը մտավ աշխարհ՝ Աստծո Որդու մարմնացմամբ: Եսային ինքն է  որոշ հատվածներում նախորոք հայտարարել Մեսիայի ծնունդը: «Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ» (Ես. 7:14) նաև «Յեսսէի արմատից գաւազան պիտի ընձիւղուի, ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից» (Ես. 11:1): Սուրբ Ծննդյան իմաստը շողշողում է այս հատվածների միջոցով: Աստված կատարում է Իր խոստումն՝ Ինքն իրեն մարդ դարձնելով: Նա չի լքում Իր ժողովրդին, Նա մոտենում է Իր ժողովրդին՝ Իր աստվածությունից ունայնանալու աստիճան: Այսպիսով Աստված ցույց է տալիս Իր հավատարմությունը և բացում է մի  նոր Թագավորություն, որը նոր հույս է տալիս մարդկությանը: Իսկ ի՞նչ է այս հույսը: Հավերժական կյանք:

     

    Երբ խոսում ենք հույսի մասին, այն հաճախ վերաբերում է այն ամենին, ինչը վեր է մարդու իշխանությունից և տեսանելի չէ: Ըստ էության, ինչի համար, որ մենք հույս ենք տածում, մեր ուժերից ու հայացքից անդին է: Սակայն, Քրիստոսի ծնունդը, սկսելով Փրկությունը, խոսում է մեզ հետ մեկ այլ հույսի մասին՝ վստահելի, տեսանելի և ըմբռնելի հույսի, քանի որ այն հիմնված է Աստծո վրա: Նա մտավ աշխարհ և մեզ ուժ տվեց Իր հետ քայլելու համար: Աստված մեզ հետ քայլում է Հիսուսի մեջ: Նրա հետ դեպի կյանքի լրումը քայլելը մեզ ուժ է տալիս նորովի ապրելու և ջանքեր գործադրելու: Հետևաբար, քրիստոնյայի համար հուսալ՝ նշանակում է վստահ լինել, որ քայլում ես Քրիստոսի հետ միասին՝ դեպի Հայր Աստված, Ով սպասում է մեզ: Հույսը երբեք կանգ չի առնում: Հույսը միշտ ճանապարհին է և օգնում է մեզ առաջ շարժվել: Այս հույսը, որը Բեթղեհեմի Մանուկը տալիս է մեզ, մեր ներկային նվիրում է մի նպատակ, մի ճակատագիր, մարդկության փրկությունը, երանություն՝ նրան, ով ինքն իրեն վստահում է Բազումողորմ Աստծուն: Սբ. Պողոսն այս բոլորը ընդհանրացնում է մեկ արտահայտությամբ. «Որովհետեւ այս յոյսով փրկուեցինք» (Հռ. 8:24): Այսինքն, այս ճանապարհով հույսով լի քայլելով՝ մենք փրկվում ենք: Եվ այստեղ մենք կարող ենք ինքներս մեզ տալ հետևյալ հարցը. Արդյո՞ք ես քայլում եմ հուսով, թե՞ իմ ներքին կյանքը կանգ է առել, փակված է:  Արդյո՞ք  իմ սիրտը փակված, թե՞ հույսի առջև բաց մի դարակ է, որն օգնում է ինձ քայլել Քրիստոսի հետ, այլ ոչ թե մենակ:

     

    Հիսնակաց շրջանի ընթացքում քրիստոնյաների տներում պատրաստվում  է Հիսուսի Մսուրը՝ համաձայն այն ավանդույթի, որը գալիս է  Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզեցուց: Իր պարզությամբ Մսուրը պարգևում է հույս: Մսուրի յուրաքանչյուր ֆիգուր սուզված է հույսի այդ մթնոլորտում:

     

    Ամենից առաջ մենք նշում ենք այն վայրը, որտեղ ծնվել է Հիսուս՝ Բեթղեհեմը: Հրեաստանի մի փոքր գյուղաքաղաք, որտեղ դրանից հազար տարի առաջ ծնվեց Դավիթը՝ այն հովիվն, ով ընտրված էր Աստծո կողմից՝ որպես Իսրայելի Արքա: Բեթղեհեմը մայրաքաղաք չէ, հետևաբար, այն նախընտրվեց Աստվածային նախախնամության համար, որը սիրում է գործել աննշաների և խոնարհների մեջ: Այս վայրում ծնվեց Դավթի երկար սպասված որդին՝ Հիսուսը, Ում մեջ հանդիպում են Աստծո հույսը և մարդու հույսը:

     

    Ապա նայում ենք Մարիամին՝ Հույսի Մորը: Իր «Այո»-ով, նա Աստծու առաջ բացեց մեր աշխարհի դռները, նրա սիրտը հույսով լի է, ամեն ինչում շարժվում է հավատքով և դրա համար էլ Աստված ընտրեց նրան, և Մարիամը հավատաց Նրա խոսքին: Նա, ով ինը ամիս շարունակ նոր և հավիտենական ուխտի տապանակն էր, ախոռում նայեց իր զավակին և Նրա մեջ տեսավ Աստծո սերը, Ով գալիս էր փրկելու Իր ժողովրդին և ամբողջ մարդկությանը:

     

    Մարիամի կողքին էր Հովսեփը՝ Հեսսեի և Դավթի հետևորդը: Նա ևս հավատաց Հրեշտակի խոսքին և, նայելով մսուրում գտվող Հիսուսին, մտածեց, որ այս Մանուկը եկել է Սուրբ Հոգուց և որ Աստված Ինքն է պատվիրել նրան այդպես կոչել Մանկանը՝ «Հիսուս»: Այս անվան մեջ է յուրաքանչյուր մարդու հույսը, քանի որ կնոջ այդ զավակի միջոցով Աստված փրկելու է մարդկությանը՝ մահից և մեղքից: Հետևաբար, շատ կարևոր է նայել Մսուրին:

     

    Մսուրի մոտ էին նաև հովիվները, ովքեր ներկայացնում են այն խոնարհներին ու աղքատներին, ովքեր սպասում էին Մեսիային՝ «Իսրայէլի մխիթարութեանը» (Ղկ. 2:25) և «Երուսաղէմի փրկութեանը» (Ղկ. 2:38): Այդ մանկան մեջ նրանք տեսան խոստումների կատարումը և նրանք հույսով լցվեցին, որ Աստծո փրկությունը վերջապես կհասնի իրենցից յուրաքանչյուրին:

     

    Մեկն, ով հույսը դրել է իր սեփական ապահովության վրա, հատկապես՝ նյութական, չի սպասում Աստծո փրկությանը: Եկե՛ք հասկանանք.ապահովությունը մեզ չի փրկի, միակ անվտանգությունը, որը կփրկի մեզ, դա հույսը դնելն է Աստծո վրա: Նա փրկում է մեզ, քանի որ ուժեղ է և մեզ օգնում է ուրախությամբ քայլել կյանքում, բարի գործ կատարելու ցանկությամբ, հավերժության մեջ երջանիկ դառնալու ցանկությամբ: Փոխարենը, աննշանները և հովիվները վստահում են Աստծուն, հույսով լի են Նրա հանդեպ և ուրախանում են, երբ նրանք այդ Մանկան մեջ ճանաչում են այն նշանը, որը ցույց են տալիս Հրեշտակները (Ղկ., 2:12):

     

    Եվ, ըստ էության, Հրեշտակների երգչախումբը բարձունքից հռչակում է այն մեծ ծրագիրը, որը Մանուկն իրականացնելու է. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ» (Ղկ. 2:14): Քրիստոնեական հույսն արտահայտվում է Աստծուն գովաբանելու և նրան գոհություն հայտնելու մեջ, Ով բացել է իր սիրո, արդարության և խաղաղության Արքայությունը:

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այս օրերին, նայելով Մսուրին, մենք պատրաստում ենք ինքներս մեզ Տիրոջ Ծննդյանը: Այն իսկապես մի տոն կլինի, եթե մենք ընդունենք Հիսուսին՝ հույսի սերմին, որը Աստված ցանում է մեր անձնական և համայնական պատմության ակոսներում: Յուրաքանչյուր ասված «Այո»՝ Հիսուսին, Ով գալիս է, դա հույսի սերմ է: Եկե՛ք վստահենք հույսի այս սերմին, այս «այո»ին: «Այո՛ Հիսուս, դու կարող ես փրկել ինձ, դու կարող ես փրկել ինձ»: Ուրախ Սուրբ Ծնունդ եմ մաղթում բոլորիդ:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց