Անգնահատելի է Ռաֆայել Սրբազանի՝ Հայաստանում և Սփյուռքում ծավալած բազմաբնույթ գործունեությունը։
Աղբյուր` ՀՀ Սփյուռքի նախարարության Հայերն այսօր պարբերական։
2016թ. Դեկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին:
Սփյուռքի նախարարը շնորհավորեց Սրբազանին ծննդյան 70-ամյա հոբելյանի առիթով՝ նշելով. «Անգնահատելի է Ռաֆայել սրբազանի՝ Հայաստանում և Սփյուռքում ծավալած բազմաբնույթ գործունեությունը, որը բխում է համահայկական շահերից և ուղղված է հայապահպանությանը, սերունդների քրիստոնեական, հայեցի դաստիարակությանը, կարիքավորների սոցիալական խնդիրների լուծմանը: Շնորհակալություն եմ հայտնում նրան՝ Սփյուռքի նախարարության հետ իրականացրած երկարատև բազմաբեղուն աշխատանքների համար: Երբ 2012 թվականին սիրիական պատերազմի պատճառով դեպի Հայաստան սկսվեց սիրիահայերի հոսքը, Կաթողիկե եկեղեցին մեր ամենահուսալի և լավագույն գործընկերներից մեկը դարձավ և նեցուկ եղավ Հայաստան տեղափոխվող սիրիահայերին՝ նրանց կացարան տվեց իր հարկի տակ, օգնեց աշխատանքի տեղավորման, առողջապահական, սոցիալական և տարաբնույթ այլ հարցերում»:
Նախարարն անդրադարձավ նաև Ռաֆայել սրբազանի՝ Հայաստանի տարբեր վայրերում, հատկապես՝ Գյումրիում կաթոլիկ եկեղեցու կառուցման, հաշմանդամների համար կենտրոն ստեղծելու, և Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի՝ 2016 թվականի հունիսի 24-26-ը Հայաստան կատարած այցի կազմակերպմանը ակտիվ մասնակցելու համար:
Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, հայրենիքին և սփյուռքին մատուցած ծառայությունների, սփյուռքի համայնքների և հայրենիքի միջև կապերի ամրապնդման, հայապահպանության գործում նշանակալի ներդրում ունենալու, տարբեր բնագավառներում լայնածավալ ծրագրերի իրականացման, արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև բարեգործական և հասարակական ակտիվ գործունեության համար Սփյուռքի նախարարը Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով:
Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին բարձր պարգևի համար: Նա նշեց, որ շարունակելու է համագործակցել նախարարության հետ, նվիրումով աշխատել և տարբեր ծրագրեր իրականացել: Սրբազանը ներկայացրեց Արտաշատում կառուցվող «Երեխաների քաղաք» դպրոցի ստեղծման ծրագիրը: Դպրոցում մեկտեղելու են Հայաստանում ապրող անապահով ընտանիքների երեխաները, որոնք հիմնարար գիտելիքներ են ստանալու: Արդեն 300 երեխա ցանկություն է հայտնել սովորելու այդ դպրոցում:
«Հուսով եմ՝ դպրոցի կառուցմանը կաջակցի նաև Սփյուռքի նախարարությունը: Նպատակս է, որ մանուկները, երիտասարդները կարողանան ապրել զարգացած և ապահով Հայաստանում»,- եզրափակեց Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:
Ի նշան արդյունավետ համագործակցության՝ Ռաֆայել սրբազանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին փոխանցեց Հայ Կաթողիկե եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մեդալը։