«Սիրելի՛ երիտասարդներ, Սբ. Հովհաննես Պողոս 2-րդը սիրում էր ձեզ կոչել «առավոտի պահակներ»:
Հռոմում 2016թ. նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 2-ը տեղի ունեցավ միջազգային համալսարաններում սովորող ուսանողների հովվական խնամքին նվիրված 4-րդ համաշխարհամային համագումարը, որին մասնակցեցին տարբեր մարդիկ՝ 36 երկրների ուսանողներ: Համագումարը կազմակերպեց «Գաղթականների ու ճամփորդների հովվական խնամքի քահանայապետական խորհուրդը»: Թեման Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի «Ավետարանի ուրախություն» (Evangelii Gaudium) առաքելական հորդորն էր և միջազգային համալսարաններում սովորող ուսանողների ինտելեկտուալ աշխարհում բարոյական մարտահրավերներն՝ ուղված ավելի առողջ հասարակության կառուցմանը:
Ստորև ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի ուղերձի տեքստը, որը հնչել է առավոտյան ունկնդրության ժամանակ՝ մասնակիցներին ողջունելիս:
«…Ես երախտապարտ եմ տեսնել ձեզ այստեղ՝ Միջազգային ուսանողների հովվական խնամքին նվիրված 4-րդ համաշխարհամային համագումարում, որը կազմակերպել է «Գաղթական ու ճամփորդների հովվական խնամքի Քահանայապետական խորհուրդը»: Շնորհակալ եմ նախագահող Կարդինալին՝ մեր հանդիպումը ներկայացնելու համար, և ջերմորեն ողջունում եմ հոգևոր հովիվներին և այստեղ ներկա համալսարանական ուսանողներին:
Ձեր համագումարի թեման շատ հետաքրքիր է, այն խոսում է միջազգային ուսանողների աշխարհում բարոյական մարտահրավերների մասին՝ նկատի ունենալով ավելի առողջ հասարակության կառուցումը: Սա մի նպատակ է, որը միշտ պետք է առկա լինի՝ ստեղծել ավելի առողջ հասարակություն: Կարևոր է, որ նոր սերունդները շարժվեն այս ուղղությամբ, իրենց պատասխանատու զգան այն իրականության համար, որում նրանք ապրում են, և լինեն ապագայի ճարտարապետներ: Սբ. Պողոսի խոսքերը մի հզոր կոչ և ոգեշնչված խորհուրդ են նաև ներկայիս նոր սերունդների համար, երբ նա պատմում է, որ երիտասարդ առաքյալ Տիմոթեոսը հավատացյալներին օրինակ եղավ իր խոսքերով, իր վարքով, բարեգործությամբ, հավատով, մաքրությամբ, առանց վախենալու, որ ինչ-որ մեկը կարող է արհամարհել իր երիտասարդությունը (Ա Տիմ. 4:12):
Բարոյական մարտահրավերները, որոնք պետք է ուղղել մեր ժամանակներում, շատ են և միշտ չէ, որ հեշտ է պայքարել ճշմարտության ու արժեքների հաստատման համար, հատկապես, այն դեպքում, երբ անձը երիտասարդ է: Սակայն, Աստծո օգնությամբ, և բարի գործ կատարելու անկեղծ ցանկությամբ կարելի է հաղթահարել ամեն խոչընդոտ: Ես ուրախ եմ, քանզի եթե դուք այստեղ եք, ապա դա ցույց է տալիս, որ մարտահրավերները ձեզ չեն վախեցնում, այլ, խթանում են ձեզ ջանալ ստեղծել ավելի մարդկային աշխարհ: Երբեք կանգ մի՛ առեք և մի՛ հուսալքվեք, քանի որ Քրիստոսի Հոգին կառաջնորդի ձեզ, եթե դուք լսեք Նրա ձայնը:
Մտավորականի ժամանակակից այն ընկալմանը, որը ձգտում է ինքնարտահայտման ու անձնական ճանաչմանը՝ հաճախ հաշվի չառնելով իր մերձավորին, անհրաժեշտ է հակադրել ավելի համերաշխության վրա հիմնված մի մոդել, որն անում է հնարավոր ամեն բան՝ ընդհանուր բարօրության ու խաղաղության համար: Այն մարդը, ով օժտված է սովորելու կարողությամբ, պատասխանատու է ծառայելու նաև մարդկության բարօրության համար: Հասարակության լիարժեք զարգացման համար ուսումն առանձնահատուկ մի ձև է. մեկ այլ երկրում, մեկ այլ մշակութային հորիզոնում՝ ոչ քո սեփական երկրում ուսանող լինելը, հնարավորություն է տալիս մարդուն սովորել նոր լեզուներ, նոր վարվելակերպ ու սովորույթներ: Դա մարդուն հնարավորություն է տալիս աշխարհին այլ տեսանկյունից նայել և առանց վախի շփվել նաև տարբեր մարդկանց հետ: Սա օգնում է ուսանողներին ու նրանց ընդունողներին լինել ավելի համբերատար ու հյուրընկալ: Հարաբերություններ ստեղծելու կարողությունը բարձրացնելով՝ աճում է վստահությունը ինքներս մեր և այլոց հանդեպ, ընդլայնվում են մտահորիզոնները, ապագայի կանխատեսությունը մեծանում է և ծնվում է ցանկությունը՝ միասին ստեղծել ընդհանուր բարիք:
Դպրոցներն ու համալսարանները առանձնահատուկ իրականություն են համախմբելու զգայուն մարդկային խղճերը՝ դեպի ավելի համերաշխ զարգացում և «միջդիսցիպլինար և միասնական ձևով ավետարանացման հանձնառությունը առաջ տանելու համար» («Ավետարանի ուրախություն» առաքելական հորդոր, 134): Հետևաբար, հորդորում եմ ձեզ՝ ուսուցիչներիդ ու հովիվներիդ, երիտասարդների մեջ ներարկել Ավետարանի սերը, այն ճշգրտորեն ապրելու և մյուսներին հռչակելու կամքը: Կարևոր է, որ արտասահմանում անցկացրած ժամանակը ուսանողների համար դառնա մարդկային ու մշակութային զարգացման առիթ և նրանց համար լինի մեկնման կետ՝ իրենց հայրենիք վերադառնալու և իրենց որակյալ ավանդը ներդնելու, նաև ներքին վստահությամբ Ավետիսը հաղորդելու համար: Անհրաժեշտ է մի կրթությունը, որը սովորեցնում է քննադատաբար մտածել և առաջարկում է արժեքների մեջ հասունանալու մի ճանապարհ: Այսպիսով, երիտասարդները կրթվում են բացառապես ճշմարտության, այլ ոչ թե իշխանության ծարավով՝ պատրաստ լինելով պաշտպանել արժեքները, ապրել ողորմությամբ ու բարեգործությամբ, լինել ավելի առողջ հասարակության հիմնասյուներ:
Երիտասարդների անձնական ու մշակութային հարստացումը նրանց հնարավորություն է տալիս ավելի շատ հետաքրքրվել աշխատանքի ոլորտով՝ իրենց համար տեղ ապահովելով հասարակության մեջ և դառնալով հասարակության անբաժան մասը: Իր հերթին, հասարակությունը կոչված է նոր սերունդներին առաջարկել զբաղվածության գործուն հնարավորություններ՝ խուսափելով, այսպես կոչված, «ուղեղի արտահոսքից» (brain drain): Այն, որ մարդը կարող է ազատորեն գնալ արտերկրում մասնագիտանալ ու այնտեղ աշխատել, և՛ լավ է, և՛ արգասավոր, ցավալի է այն, որ մասնագիտացած երիտասարդները ստիպված են լքել իրենց երկիրը, քանի որ նրանք չունեն ներդրման համարժեք հնարավորություններ իրենց երկրներում:
Միջագային ուսանողների երևույթը նորույթ չէ, սակայն այն արդիական է դարձել այսպես կոչված գլոբալացման շնորհիվ, որը քանդել է դարավոր սահմաններն ու տարածքները՝ խթանելով մշակույթների միջև հանդիպումն ու փոխանակումը: Բայց այստեղ ևս մենք ականատես ենք դառնում բացասական հետևանքների, ինչպիսիք են որոշակի փակվածության տենդենցը, պաշտպանվելու մեխանիզմները՝ ի դեմս բազմազանության, ներքին պատնեշները, որոնք մարդուն հնարավորություն չեն տալիս նայել եղբոր կամ քրոջ աչքերի մեջ ու տեսնել նրանց իրական կարիքները: Երիտասարդների շրջանում, ցավոք, կարող է արմատանալ նաև «անտարբերության գլոբալացումը», որն «անկարոց է դարձնում մեզ՝ կարեկցելու ուրիշների ցավերի աղաղակներին»:
Այսպիսով, պատահում է այնպես, որ այս բացասական ազդեցություններն իրենց հետևանքն են թողնում անհատների ու համայնքների վրա: Հակառակը, սիրելի ընկերներ, մենք կարող ենք երաշխավորել, որ գլոբալացման ձեր ապրելակերպը կարող է տալ դրական հաջողություններ ու ակտիվացնել հսկա կարողություններ: Ըստ էության, դու՛ք՝ ուսանողներդ, ձեր երկրից հեռու՝ տարբեր ընտանիքներում ու համատեքստերում ժամանակ անցկացնելով, կարող եք զարգացնել հարմարվելու լուրջ կարողություններ՝ սովորելով լինել խնամակալները ուրիշների՝ որպես եղբայրների, և արարչագործության՝ որպես մեր ընդհանուր տան: Սա վճռորոշ է՝ աշխարհն ավելի մարդկային դարձնելու գործում:
Կազմավորող (formative) դասընթացները ձե՛զ, երիտասարդ ուսանողներիդ, կարող են ուղեկցել և կողմնորոշել այս ուղղությամբ՝ ընթացիկ թարմ իրադարձություններով և Ավետարանի խիզախությամբ՝ ձևավորելու համար նոր ավետարանիչներ, ովքեր պատրաստ կլինեն վարակել աշխարհը Քրիստոսի ուրախությամբ՝ մինչև երկրի ծայրերը:
Սիրելի՛ երիտասարդներ, Սբ. Հովհաննես Պողոս 2-րդը սիրում էր ձեզ կոչել «առավոտի պահակներ»: Ես խրախուսում եմ ձեզ այդպիսին լինել ամեն առավոտ՝ ձեր հայացքը դարձնելով Հիսուսին ու պատմությանը: Այսպիսով, դուք կկարողանաք հաջողությամբ հռչակել Հիսուսի փրկությունը և Նրա Լույսը բերել այն աշխարհին, որը հաճախ պարուրված է անտարբերության խավարով, եսասիրությամբ ու պատերազմով: Ես, ձե՛զ՝ բոլորիդ, վստահում եմ Մեր Տիրամոր՝ Սուրբ Մարիամի մայրական պաշտպանությանը: Օրհնում եմ ձեզ, ձեր ուսումը, ձեր բարեկամությունն ու միսիոներական հանձնառությունը:
Եվ խնդրում եմ, չմոռանաք աղոթել ինձ համար:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը