Ավելի շատ կոնկրետություն և ավելի քիչ գաղափարախոսություն:
Ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի տեսահաղորդագրության տեքստը՝ ուղղված Վերոնայում կայացած Եկեղեցու սոցիալական վարդապետության 6-րդ փառատոնի մասնակիցներին:
Իտալիա, նոյեմբերի 24-27, 2016թ: Թեման՝ «Լինել մարդկանց մեջ» («In Mezzo alla Gente»):
«Ջերմ ողջույններ՝ բոլոր նրանց, ովքեր եկել են մասնակցելու Եկեղեցու սոցիալական վարդապետության 6-րդ փառատոնին: Այս տարվա թեման է՝ «Լինել մարդկանց մեջ»: Սա ցույց է տալիս այն մեծ ճշմարտությունը, որը ես կրկնեցի Հռոմի եպիսկոպոս ընտրվելուց հետո.մենք ստեղծված ենք՝ միմյանց հետ լինելու համար: Մեր մարդկությունը մեծապես կհարստանա այն ժամանակ, երբ մենք մյուս բոլոր մարդկանց հետ միասին լինենք` անկախ իրավիճակից: Մեկուսացումն է, չկիսելը, որը վնասում է: Մեկուսացումը զարգանում է վախի ու անվստահության մեջ, և մեզ հետ է պահում եղբայրությունը վայելելուց: Պետք է ասել, որ մենք ավելի մեծ ռիսկի ենք գնում, երբ մեկուսացնում ենք ինքներս մեզ, քան՝ այն ժամանակ, երբ բացում ենք մեզ մյուսների առջև: Ինքներս մեզ վնասելու հավանականությունը ոչ թե հանդիպելու մեջ է, այլ՝ նեղ մտածելակերպի ու մերժման մեջ: Մենք պետք է պատասխանատվություն կրենք այլոց համար: Ես մտածում եմ հիվանդների, ծերերի, ներգաղթյալների, աղքատների և գործազուրկների մասին: Երբ մենք հոգ ենք տանում մեկ այլ անձնավորության մասին, մենք ավելի քիչ ենք բարդացնում մեր կյանքը, քան՝ այն ժամանակ, երբ կենտրոնանում ենք ինքներս մեզ վրա:
Մարդկանց մեջ մնալը չի նշանակում միայն բաց լինել և հանդիպել մյուսներին, այլ նաև՝ թողնել, որ մեզ էլ հանդիպեն ուրիշները: Մեզ անհրաժեշտ է, որ նայեն մեզ, կանչեն մեզ, դիպչեն, մարտահրավեր նետեն, մենք մյուսների կարիքն ունենք, որպեսզի կարողանանք մասնակցություն ունենալ այն ամենին, ինչը միայն ուրիշները կարող են տալ մեզ: Հարաբերություններ ստեղծելը պահանջում է մարդկանց մեջ այս փոխանակումը: Փորձերը ցույց են տալիս, որ, սովորաբար, մենք ավելի շատ ստանում ենք ուրիշներից, քան տալիս ենք: Մեր ժողովրդի մեջ կա մարդկային մի իսկական հարստություն: Համերաշխության, օգնության, աջակցության անթիվ պատմություններ կան, որոնք տեղի են ունեցել մեր ընտանիքներում և մեր համայնքներում:
Տպավորիչ է տեսնել, թե ինչպես են որոշ մարդիկ արժանապատվորեն դիմանում տնտեսական դժվարությանը, ցավին, ծանր աշխատանքին ու դժվարություններին: Հանդիպելով այս մարդկանց՝ անմիջականորեն դիպչում ես նրանց մեծությանը և կարծես թե լույս ես ստանում, որի միջոցով ակնհայտ է դառնում այն, որ ապագայի հանդեպ հույսը կարելի է մշակել, կարելի է հավատալ, որ բարին ավելի ուժեղ է, քան՝ չարը, քանի որ այդ մարդիկ վկայում են այդ մասին: Մարդկանց մեջ լինելով՝ մենք կարող ենք սովորել փաստերից: Օրինակ՝ ինձ ասացին, որ վերջերս մի աղջիկ է մահացել, ով ընդամենը 19 տարեկան էր: Դա չափազանց ցավալի էր, և շատ մարդիկ էին գնացել նրա հուղարկավորությանը: Այն, ինչ զարմացրեց ներկաներին, ոչ միայն հուսահատության բացակայությունն էր, այլ նաև՝ որոշակի խաղաղության ընկալումը: Հուղարկավորությունից հետո, մի քանիսը զարմացած էին, որ հեռանում էին ինչ-որ բեռից ազատվելու զգացումով: Աղջկա մայրն ասաց. «Ես ստացել եմ խաղաղության շնորհը»:
Առօրյա կյանքը հյուսված է այսպիսի փաստերով, որոնք հատկանշում են մեր գոյությունը.դրանք երբեք չեն կորցնում իրենց ազդեցությունը, չնայած որ այդպես էլ չեն երևում թերթերի վերնագրերում: Այդպիսի բաները պարզապես կան.առանց խոսքերի կամ բացատրությունների մարդը հասկանում է, թե ինչն արժեք ունի կյանքում և ինչը՝ ոչ:
Մարդկանց մեջ լինելը նշանակում է նաև տեղյակ լինել, որ յուրաքանչյուրս մարդկության մի մասն է: Իրական կյանքը հնարավոր է, քանի որ այն բազում անհատականությունների հանրագումար չէ, այլ շատ մարդկանց միասնականություն է, ովքեր աշխատում են միասին՝ ընդհանուր բարօրություն ձևավորելու համար: Միասին լինելը մեզ օգնում է տեսնել ամբողջությունը: Երբ մենք տեսնում ենք ամբողջությունը, մեր մտահորիզոնը հարստանում է և ակնհայտ է դառնում, որ այն գործառույթները, որոնք յուրաքանչյուր անձ կատարում է հասարակական զարգացման ընթացքում, երբեք չեն մեկուսանա կամ չեն համարվի բացարձակ: Երբ մարդիկ առանձնանում են ղեկավարներից, երբ որոշումները կայացվում են իշխանությամբ, այլ ոչ թե համատեղ որոշմամբ, երբ այն մարդիկ, ովքեր հրամայում են, ավելի կարևոր են, քան այն մարդիկ ու որոշումները, որոնք կայացվել են շատ քիչ մարդկանց կողմից, կամ անանուն կերպով, կամ միշտ թելադրված են եղել իրական կամ ենթադրյալ արտակարգ իրավիճակներով, ապա այդ դեպքում սոցիալական ներդաշնակությունը վտանգված է՝ մարդկանց համար լուրջ հետևանքներով. աճում է աղքատությունը, վտանգվում է խաղաղությունը, իշխում է փողը և մարդիկ տառապում են: Հետևաբար, մարդկանց մեջ լինելը լավ է ոչ միայն անհատների կյանքի համար, այլ՝ բոլորի:
Մարդկանց մեջ լինելը ընդգծում է գույների, մշակույթների, ռասսաների ու կրոնների բազմազանությունը: Մարդիկ մեջ լինելը մեզ ունակ է դարձնում հպվելու բազմազանության հարստությանն ու գեղեցկությանը: Միայն մեծ վայրագությամբ կարելի է կրճատել միօրինակությունը, մտքերի ու գործողությունների բազմազանությամբ՝ անկախ գործելաոճն ու մտածելակերպը:
Երբ մարդկանց հետ ես, դիպչում ես մարդկությանը, այնտեղ երբեք միայն գլուխը չէ, այնտեղ միշտ կա նաև սիրտը, մարդկանց հետ միշտ ավելի շատ կոնկրետություն է և ավելի քիչ՝ գաղափարախոսություն:
Մարդկանց խնդիրները լուծելու համար, անհրաժեշտ է սկսել հիմքից, մաքրել մեր կեղտոտ ձեռքերը, լինել խիզախ, լսել դիմացինին: Կարծում եմ բնական է, որ հարցնենք, թե ինչպե՞ս կարող է մարդ անել այս ամենը: Մենք կարող ենք գտնել այս ամենի պատասխանները՝ նայելով Մարիամին: Նա խոնարհ ու ողորմած ծառա է, Նա ճամփորդում է մեզ հետ, Նա իրական է: Նա երբեք չի զբաղեցնում կենտրոնական տեղ, այլ, Նրանը մշտական ներկայությունն է: Եթե նայենք Նրան, ապա մենք կգտնենք մարդկանց մեջ լինելու ամենալավ ուղին: Նայելով Նրան, մենք բոլորս կարող ենք հետևել մարդկային ուղիներին՝ առանց վախի կամ նախապաշարմունքի, և Նրա հետ մենք կարող ենք դառնալ ունակ՝ չբացառելով որևէ մեկին: Սա իմ հույսն է՝ ձեզ բոլորիդ համար:
Հրաժեշտից առաջ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Վերոնայի եպիսկոպոսին՝ իր ջերմ ընդունելության համար, բոլոր կամավորներին՝ իրենց պատրաստակամության ու մեծահոգության համար և Պարոն Ադրիանո Վինչենզիին՝ Եկեղեցու սոցիալական վարդապետության ուսումնասիրության ու իրականացման աշխատանքի համար: Թու՛յլ տվեք հիշեցնել, որ չմոռանաք աղոթել ինձ համար: Շնորհակալություն:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը