Յուրաքանչյուր մարդ պետք է արժևորվի ու գնահատվի իր արժանապատվությամբ:
Սրբազան Քահանայապետն ասում է, որ թմրամոլներն իրենց ազատությունը փոխանակել են կախվածության ստրկության հետ, սակայն սա չի ժխտում նրանց արժանապատվությունը՝ որպես մարդ և որպես Աստծո զավակներ:
Սրբազան Քահանայապետը խոսել է այս մասին Պիոս 6-րդի դահլիճում, հանդիպման մասնակիցներին ընդունելուց հետո, որը կազմակերպել էր Գիտությունների պապական ակադեմիան՝ «Թմրանյութեր, այս գլոբալ հարցի հիմնախնդիրներն ու լուծումները» թեմայով:
«Մեր հասարակության մեջ, թմրամոլությունը պատիժ է, որը շատ մարդկանց գցում է իր ցանցը». իր ուղերձում ասել է Սրբազան Քահանայապետը: «Նրանք զոհեր են, ովքեր կորցրել են իրենց ազատությունն՝ այս ստրկության համար, կախվածության ստրկության համար, որը մենք կարող ենք սահմանել որպես քիմիական: Սա, անշուշտ, ստրկության նոր ձև է, որը նման է մյուս ձևերին և այսօր առանձնապես տանջում է մարդուն և հասարակությանը»:
Քահանայապետն անդրադարձել է այն պատճառներին, որոնք մարդկանց մոտ առաջացնում են կախվածություն, ասելով, որ չպետք է միայն հարցի մի կողմին նայել, այլ հաշվի առնել մնացած այլ գործոնները, այդ թվում նաև ընտանիքի բացակայությունը, սոցիալական ճնշումը, թմրավաճառների քարոզները, նոր փորձությունների ցանկությունը և այլն:
«Յուրաքանչյուր կախյալ անձ ունի իր առանձին պատմությունը և նրան պետք է լսել, հասկանալ ու սիրել, և ինչքան հնարավոր է բուժել և մաքրել». ասել է Քահանայապետը: «Մենք չենք կարող տարվել՝ թմրամոլներին որպես օբյեկտներ կամ ձախողվածներ դասակարգելու անարդար սովորությամբ: Յուրաքանչյուր մարդ պետք է արժևորվի ու գնահատվի իր արժանապատվությամբ, որպեսզի կարողանա բուժվել: Անձի արժանապատվությունն այն է, ինչ մենք բացահայտել ենք: Նրանք շարունակում են որպես մարդիկ ու Աստծո զավակներ ունենալ այդ արժանապատվությունն ավելի քան երբևէ»:
«Զարմանալի չէ այն, որ շատ մարդիկ դառնում են թմրանյութի կախվածության զոհ, քանի որ աշխարհի ոգին մեզ առաջարկում է վաղանցիկ երջանկություն ձեռք բերելու լայն հնարավորություններ.սա ակնհայտորեն դառնում է թույն, որը կրծում, ավերում և սպանում է: Մարդը կործանվում է՝ իրեն շրջապատող անձանց հետ միասին: Խուսափելու, վայրկենական երջանկությանը ձգտելու առաջնային ցանկությունը դառնում է անձի ամբողջական կործանում, որը հետևանքներ է թողնում հասարակական բոլոր մակարդակներում»:
Սրբազան Քահանայապետն ասել է, որ կարևոր է հասկանալ թմրանյութի խնդրի շրջանակը, ցանցերը, որոնց հետևում է մարդու մահը: Հսկայական ու զորեղ ցանցերը, որոնք իրենց թակարդն են գցում հասարակության, կառավարության, ընտանիքի պատասխանատու մարդկանց: Մենք գիտենք, որ ոչ թե արտադրելու համակարգը, այլ տարածելու համակարգն է հանդիսանում կազմակերպված հանցագործությունների կարևոր մասը, սակայն խնդիրն այն է, թե ինչպես պետք է վերահսկել կոռուպցիայի և փողերի լվացման սխեմաներն՝ իրենց տարբեր ձևերում: Այս ամենն անելու միակ ճանապարհը այն շղթային հետևելն է, որը փոքր շրջանակ ունեցող թմրամիջոցների առևտրից տանում է դեպի փողերի լվացման առավել բարդ ձևերի՝ բույն դնելով ֆինանսական կապիտալում ու բանկերում, որոնք նախատեսված են կեղտոտ փողեր լվանալու համար:
Դժվար առաջադրանք
Սրբազան Քահանայապետը հիշեցրել է Արգենտինայի իրադրությունը, որը խոսում է այս ցանցերը չեզոքացնելու դժվարության մասին:
«Իմ երկրում մի դատավոր սկսեց լրջորեն աշխատել այս ամենի ուղղությամբ» ասել է Քահանայապետը: «Նա իր իրավասության տակ ուներ մի քանի հազար կիլոմետրերի սահմաններ և լրջորեն աշխատել է թմրանյութերի խնդիրների ուղղությամբ: Մի օր նա տեսավ իր ընտանիքի նկարը մի գրառման մեջ, որտեղ ասվում էր. «Ձեր տղան գնում է այս դպրոցը, և ձեր կինն անում է սա»… ոչ ավելին: Սա մաֆիայի կողմից մի նախազգուշացում էր: Երբ, մարդը սկսում է որոնել, թե ուր են տանում տարածման այս շղթաները, գտնում է այս երևույթը՝ մաֆիա: Քանի որ հենց տարածումն է, որ սպանում է նրանց, ովքեր ստրկանում են թմրանյութերի սպառմանը, և նրանք, ովքեր ցանկանում են վերջ դնել այդ ստրկությանը, ևս մահանում են:
Քահանայապետը հաստատել է, որ կրթությունն առանցքային տարր է՝ թմրանյութերի պահանջարկը սանձելու համար «լայնածավալ սոցիալական ծրագրերի հետ զուգահեռ՝ ուղղված են առողջապահությանն ու ընտանիքի աջակցությանը»:
«Մարդկային լիակատար ձևավորումն առաջնահերթություն է». ասել է Քահանայապետը: Այն մարդկանց առաջարկում է խորաթափանցության հնարավորություն՝ թույլ տալով նրանց հրաժարվել որոշ տարբերակներից և օգնել մյուսներին: Ուսուցումը պետք է նպատակաուղված լինի խոցելիներին, ինչպես օրինակ՝ երեխաներին ու երիտասարդներին, սակայն կարևոր է նաև ներառել ընտանիքներին և նրանց, ովքեր տառապում են նսեմացման տարբեր ձևերից: Սակայն, թմրամոլության կանխարգելումը՝ որպես ծրագիր, խոչընդոտվում է հազար ու մեկ գործոններով, որոնք կապված են կառավարությունների հերյուրանքների հետ. կառավարության ոլորտներն ամենուր են: Եվ թմրամոլության կանխարգելման հաջողված ծրագրեր գրեթե գոյություն չունեն: Երբ այս ամենն արդիականացվում է, այն արմատանում է հասարակության մեջ, իսկ դա շատ դժվար է: Ես մտածում եմ իմ երկրի մասին: 30 տարի առաջ այն տարանցիկ երկիր էր, այնուհետև դարձավ սպառման և նույնիսկ արտադրության երկիր: Սա առաջընթաց է, որը, ցավոք, կատարվել է մաֆիայի ներգրավվածության պատճառով»:
Քահանայապետն ընդգծեց, որ բացի կանխարգելման առաջնահերթությունից, անհրաժեշտ է նաև աշխատել հասարակությունում զոհերի լրիվ վերականգնման համար, վերականգնել նրանց ուրախությունը և օգնել նրանց վերադարձնել իրենց կորցրած արժանապատվությունը: Չնայած, որ այն երաշխավորված է պետության կողմից և օրենսդրական միջոցներով, այնուամենայնիվ, ապաքինումը դժվար է լինելու և զոհերը հայտնվում են մեկ կրկնակի զոհեր դառնալու վտանգի տակ:
«Մեր եղբայրներից ամենակարիքավորները, ովքեր ոչինչ չունեն տալու, մեզ համար գանձ ունեն.նրանք կրում են Աստծո դեմքը, Ով խոսում է մեզ հետ և դիմում է մեզ». եզրափակեց Քահանայապետը՝ քաջալերելով հանդիպման մասնակիցներին շարունակել իրենց գործը…
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը