• Երիտասարդության օրերը կշարունակվեն ամեն տարի, նաև՝ Հայաստանում.հայտարարվել են թեմաները

    «Երիտասարդնե՛ր, դուք եք Եկեղեցու հույսը, դուք եք իմ հույսը».Սբ. Հովհաննես Պողոս Բ:


    Սուրբ Աթոռի «Աշխարհականների, ընտանիքի և կյանքի» վարչությունը  հայտարարել է, որ Հռոմի Սրբազան Քահանայապետն արդեն ընտրել է հաջորդ Երիտասարդության համաշխարհային օրերի (ԵՀՕ) թեմաները, այդ թվում նաև`Պանամա ԵՀՕ-2019-ինը:

     

    Երեք տարին մեկ աշխարհի մեկ երկրում համաշխարհային մակարդակով անցկացվող ընդհանրական ուխտագնացություն-հանդիպումներից բացի ԵՀՕ օրեր են կազմակերպվում նաև ամեն տարի տեղական մակարդակով՝ բոլոր կաթողիկէ համայնքներ ունեցող երկրներում: Այդ ԵՀՕ հանդիպումների համար թեմաները և դրանց նախապատսրատության համար հոգևոր կրթության թեմաները որոշում է Սուրբ Աթոռը:

     

    Թեմաներն են՝

    2017թ. 32-րդ ԵՀՕ. «Ամենազոր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, և Նրա անունը սուրբ է» (Ղկ. 1:49),  2018թ.,

     

    2018թ. 33-րդ ԵՀՕ. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար» (Ղկ. 1:30),  2019թ.,

     

    2019թ. 34-րդ ԵՀՕ. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի հա֊մաձայն լինի ինձ» (Ղկ. 1:38):

     

    Թեմաները դասավորված են եռամյա ԵՀՕ ճամփորդության գրաֆիկով, որը կեզրափակվի  2019թ. Պանամայում:

     

    Վերջին ընդհանրական ԵՀՕ-ն, ինչպես գիտեք, անցկացվեց Կրակովում, 2016թ. ամռանը: Այս իրադարձությանը մասնակցեց մոտ 1,5 մլն երիտասարդ՝ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ հայ 350 կաթողիկէներ՝ Հայաստանից և սփյուռքից: Սրբազան Քահանայապետը հայտարարեց, որ հաջորդ ԵՀՕ-ն կլինի Պանամայում՝ 2019թ.:

     

    Հոգևոր ուղին, որը մատնանշում է Սրբազան Քահանայապետը, շարունակում է այն խորհրդածությունը, որը սկսվել է վերջին երեք ԵՀՕ-ների ընթացքում (2014-2016), որոնց թեմաներն էին Ավետարանական Երանիները: Ինչպես գիտենք, Մարիամն այն միակն է, ում բոլոր սերունդները երանելի են անվանում: Կրակովում ԵՀՕ-ի կամավորների հետ հանդիպման ժամանակ, Սրբազան Քահանայապետն իր ուղերձում խոսել է Հիսուսի Մոր մասին և Նրան ներկայացրել որպես օրինակ, որին պետք է հետևել: Ոչինչ չնշելով այդ իրադարձութությունների վերաբերյալ՝ Քահանայապետը երիտասարդներին առաջարկեց ունենալ անցյալի հուշեր, ներկայի քաջություն և ապագայի հույս:

     

    Վերը նշված երեք թեմաները նախատեսված են հստակ Մարեմական հնչերանգ տալու առաջիկա երեք ԵՀՕ-ների հոգևոր ճամփորդությանը: Միաժամանակ դրանք պատկերացում են տալիս երիտասարդների՝ անցյալի, ներկայի և ապագայի միջև ընկած ճամփորդության մասին, ոգեշնչված երեք աստվածաբանական արժեքներով՝ հավատով, բարեգործությամբ և հույսով:

     

    Այս ուղին, որն առաջարկվել է երիտասարդներին, համահունչ է նաև այն խորհրդածության հետ, որը Սրբազան Քահանայապետը վստահել է Եպիսկոպոսների  հաջորդ Սինոդին՝ երիտասարդներ, հավատք և կոչման ընկալում:

     

    Հայաստան

     

    Հայաստանում ևս կազմակերպվելու են երիտասարդական հանդիպումներ, որոնց ընթացքում կլինի հոգևոր կրթություն Սուրբ Աթոռի կողմից առաջարկված վերոնշյալ թեմաներով, կձեռնարկվեն նաև երիտասարդների ստեղծարարական հմտությունները զարգացնող, միասնականությունը խթանող այլ միջոցառումներ: 2016թ. դեկտեմբերի 17-ին նախատեսվում է հանդիպում կազմակերպել Գյումրիում՝ ամփոփելու համար 2016թ. երիտասարդական միջոցառումները և ուղենշելու 2017թ.-ի ձեռնարկները: Տեղական Երիտասարդության օրը նախատեսվում է կազմակերպել 2017թ. հուլիսին՝ «Աղաջանյան կենտրոնում»: Երիտասարդական միջոցառումների համակարգողն է Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը, ով նաև նախագահեց 350 հայ երիտասարդների՝ դեպի Լեհաստան ուխտագնացության կազմակերպչական աշխատանքները՝ 2016թ. հուլիսին:

     

    Նարինե Գալոյան

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց


Recent Comments