• Համբերատար լինել այլոց սխալների հանդեպ

    Հարկ է քննել սեփական խիղճը։


    «Այսօրվա քարոզը մենք նվիրում ենք ողորմության գործին, որին մենք բոլորս քաջատեղյակ ենք, սակայն հավանաբար չենք գործածում այնպես, ինչպես հարկն է. համբերատար դիմանալ նրանց, ովքեր սխալ են վարվում մեր հանդեպ». Քահանայապետն ասել է Սբ. Պետրոսի հրապարակում Հրապարակային ունկնդրության համար հավաքված հազարավոր մարդկանց, 2016թ-ի նոյեմբերի 16-ին:

     

    «Մենք բոլորս շատ լավ ենք բացահայտում այն անձնավորության ներկայությունը, ով ձանձրացնում է.օրինակ երբ ինչ-որ մեկին ենք հանդիպում փողոցում, կամ ինչ-որ մեկից հեռախոսազանգ ենք ստանում: Մենք անմիջապես մտածում ենք. «Դեռ ինչքա՞ն պետք է լսեմ այս անձնավորության բողոքը, բամբասանքը, հարցերը կամ էլ պոռոտախոսությունները: Ժամանակ առ ժամանակ այդ բարկացնող մարդիկ կարող են լինել մեր ամենամտերիմները. Մեր մերձավորների մեջ միշտ էլ կա այդպիսի մեկը, նրանք պակաս չեն նաև աշխատանքի վայրում, և նույնիսկ ազատ ժամանակ մենք զերծ չենք այդ մարդկանցից»:

     

    «Ի՞նչ պետք է մենք անենք այս մարդկանց հետ». հարցնում է Քահանայապետը` նշելով, որ մենք ևս կարող ենք ձանձրացնել այլոց: Նա շարունակեց բացատրել, թե ինչու է մեր հանդեպ սխալ վարվող մարդկանց համբերատարությամբ դիմանալը հայտնվել ողորմության հոգևոր գործերում:

     

    «Ավետարանում մենք տեսնում ենք, որ Աստված Ինքը պետք է հանդես բերի իր ողորմությունը՝ Իր ժողովրդի բողոքները տանելու համար». ասել է Սրբազան Քահանայապետը: Օրինակ Ելից Գրքում մարդիկ իսկապես անտանելի են, սկզբում նրանք ողբում են, քանի որ նրանք ստրկացվել են Եգիպտոսում և Աստված ազատել է նրանց, ապա անապատում նրանք բողոքում էին, քանի որ ոչինչ չունեին ուտելու և Աստված նրանց մանանա է ուղարկում, սակայն դժգոհությունները չեն դադարում: Մովսեսը միջնորդ է Աստծո և Իր ժողովրդի միջև, ով ևս բարկացրել է Տիրոջը: Սակայն Աստված համբերատար է և այսպիսով Նա Մովսեսին ու Իր ժողովրդին սովորեցրեց նաև հավատի այս էական կողմը»:

     

    «Ինքնաբերաբար, առաջին հարցն է ծագում մեր մեջ». ավելացրել է Քահանայապետը: «Արդյոք մենք երբևէ կատարե՞լ ենք խղճի քննություն` հարցնելով ինքներս մեզ` արդյոք ինչ-որ ժամանակ կարող ենք նեղացրած լինել այլոց»: Հեշտ է մատնանշել այլոց թերություններն ու բացթողումները, սակայն մենք պետք է սովորենք մեզ դնել մյուս մարդկանց տեղը: Եկե´ք ամենից առաջ նայենք Հիսուսին. Իր եռամյա երկրային կյանքի ընթացքում ինչքան համբերատար էր Նա: Մի անգամ, երբ Նա քայլում էր Իր աշակերտների հետ, Նրան կանգնեցրեց Հակոբոսի և Հովհաննեսի մայրը, ով ասաց Նրան. «Խոստացի´ր, որ Քո Թագավորությունում իմ այս երկու որդիները կնստեն Քո աջ ու ձախ կողմերում»: Նույնիսկ այդ իրադրությունում Հիսուս օգտագործեց հիմնարար ուսմունք տալու հնարավորությունը: Նրա Թագավորությունը երկրային թագավորությունների նման իշխանության ու փառքի թագավորություն չէ, այլ՝ այլոց տալու և ծառայելու: Հիսուս սովորեցնում է միշտ գնալ դեպի էականը և առաջ նայել, պատասխանատվությամբ հանձն առնել առաքելությունը»:

     

    Մատթեոսի Ավետարանում պատմվող այս իրավիճակը կապված է ողորմության երկու այլ հոգևոր գործերի հետ. Խրատել մեղավոր1`1ին և սովորեցնել տգետին: «Եկե´ք մտածենք այն մեծ ջանքի մասին, որն անհրաժեշտ է, երբ մենք մարդուն օգնում ենք աճել կյանքում և հավատքի մեջ: Ես, օրինակ մտածում եմ քրիստոնեական դասավանդողների մասին.նրանց մեջ կան շատ մայրեր ու միանձնուհիներ, ովքեր իրենց ժամանակը նվիրաբերում են հավատքի հիմնական տարրերը երեխաներին սովորեցնելուն: Շատ ջանք է պահանջվում հատկապես այն ժամանակ, երբ երեխան քրիստոնեական լսելու փոխարեն նախընտրում է խաղալ»:

     

    Էական բաներ որոնելով առաջնորդվելը լավ է և կարևոր, քանի որ այն թույլ է տալիս մեզ կիսվել ճաշակած կյանքի ուրախությամբ: Հաճախ մենք հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ովքեր կենտրոնանում են մակերեսային, անցողիկ ու անհետաքրքիր բաների վրա: Նրանք երբևէ չեն հանդիպել այնպիսի մեկին, ով կխրախուսի նրանց՝ նայելու այլ բաների, գնահատելու ճշմարիտ գանձերը: Էական բաներին ուշադրություն դարձնել սովորեցնելը հիմնարար օգնություն է, հատկապես մեր ժամանակներում, երբ կարճատև գոհացումներն ավելի կարևոր են մարդկանց համար: Սովորեցնել բացահայտել, թե ինչ է Աստված ուզում մեզանից և թե ինչպես կարող ենք մենք արձագանքել այդ ցանկությանը, նշանակում է ընթանալ մեր կոչման մեջ աճելու ճանապարհով, ճշմարիտ երջանկության ճանապարհով»:

     

    Այսպիսով, Հիսուսի խոսքերը Հակոբոսի և Հովհաննեսի մայրիկին, և ապա առաքյալների ողջ խմբին ցույց է տալիս, թե ինչպես կարելի է խուսափել նախանձի, փառասիրության, ստորաքարշության և գայթակղությունների թակարդն ընկնելուց, որոնք միշտ թաքնված են նույնիսկ մեր` քրիստոնյաներիս մեջ: Խորհուրդ տալու, խրատելու և սովորեցնելու անհրաժեշտությունը չպետք է մեզ ստիպի զգալ այնպես, որ մենք ուրիշներից լավն ենք, այլ պետք է պարտավորեցնի նախ և առաջ նայել ինքներս մեզ և ստուգելու, թե արդյոք մենք հետևողական ենք այն ամենին, ինչ մյուսներից ենք խնդրում: Եկե´ք չմոռանանք Հիսուսի խոսքերը. «Ինչու՞ եք դուք տեսնում այն բիծը, որը ձեր եղբոր աչքում է, բայց չեք նկատում այն գերանը, որը ձեր աչքում է»: Նա ամփոփել է քարոզն՝ ասելով.«Թո´ղ Սուրբ Հոգին օգնի մեզ համբերատար լինել այլոց հետ առնչվելիս, և խոնարհ ու պարզ լինել` խորհուրդ տալիս»:

     

    Թարգմանեց` Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց