Մեր խիղճն անզգայացած է։
Սրբազան Քահանայապետը խոսել է ընդդեմ այն մարդկանց, ովքեր անզգայացրել են իրենց խիղճը, ովքեր աղքատներին ու կարիքավորներին տեսնում են որպես բեռ, փոխարենը տեսնելու նրանց որպես քույրեր ու եղբայրներ, ովքեր օգնության կարիք ունեն:
Սբ. Պետրոսի տաճարում Սբ. Պատարագ մատուցելով մոտ 6000 աղքատ ու անտուն մարդկանց համար, ովքեր եկել էին Եվրոպայի ու Աֆրիկայի տարբեր երկրներից, Քահանայապետն ասել է.
«Մենք պետք է անհանգստանանք տեսնելով, որ մեր խիղճն անզգայանում է և մենք այլևս չենք տեսնում մեր կողքին տառապող եղբորը կամ քրոջը, կամ չենք նկատում մեր աշխարհի ծանր խնդիրները, որոնք դառնում են պարզապես երեկոյան նորությունների սովորական վերնագրեր»:
Կիրակի օրվա Սբ. Պատարագը եզրափակեց Սուրբ Տարվա սոցիալապես մերժվածների հոբելյանը: Սրբազան Քահանայապետը 2016թ. նոյեմբերի 11-ին հատուկ ունկնդրություն է անցկացրել շուրջ 4000 աղքատ մարդկանց հետ, ովքեր, ըստ նրա՝ «Ավետարանի սրտում են»:
Եվ աղքատները, ում, ըստ Քահանայապետի, պետք է տեսնել որպես կոնկրետ մարդկանց, ոչ թե անպետք իրեր, այլ` թանկ անձնավորություններ, այն մարդիկ էին, ովքեր, կիրակի օրվա Սբ. Պատարագի ժամանակ նստած էին տաճարի դիմաց` նստարաններին, երբ Քահանայապետը նշեց, որ Աստված և մերձավորն աշխարհում ամենաարժեքավոր հարստություններն են, մինչդեռ «մնացած ամեն ինչ, նույնիսկ այս տաճարը, անցողիկ են»:
Քննադատելով մերօրյա մշակույթը` Քահանայապետն ասել է. «Հոգևոր սկլերոզի ախտանիշ է այն, երբ մենք հետաքրքրված ենք միայն արտադրվող ապրանքով, այլ ոչ թե այն մարդկանցով, ում պետք է սիրենք: Այստեղ է մեր դարի ողբերգական հակասության ծագումը, քանի որ առաջընթացն ու նոր հնարավորություններն աճում են։ Սա թեև լավ է, սակայն ավելի ու ավելի քիչ մարդիկ են կարողանում օգտվել դրանից»:
«Բարգավաճող տներում խաղաղություն չի լինի, քանի դեռ արդարության պակաս կա բոլորի տներում». ասել է Քահանայապետը:
Նշելով, որ այսօր ամբողջ աշխարհի տաճարներում ու սրբավայրերում Ողորմության Դռները փակելն ազդարարում է Ողորմության Սուրբ Տարվա ավարտը, Քահանայապետն ամփոփել է` խնդրելով «շնորհ, որպեսզի մենք չփակենք մեր աչքերն Աստծո առջև, Ով տեսնում է մեզ ու մեր մերձավորին, ով մեզանից ինչ-որ բան է խնդրում»:
«Թո´ղ Տերը մեզ տա այն շնորհը, որով մենք կարող ենք առանց վախենալու տեսնել, թե ինչ է իրականում տեղի ունենում, և մեր սրտերը դարձնենք դեպի մեր իրական գանձերը». ասել է Քահանայապետը:
Ստորև ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի քարոզի ամբողջական տեքստը.
«Բայց ձեզ համար արդարութեան արեգակը պիտի ծագի, եւ բժշկութիւն պիտի լինի նրա շողերի մէջ» (Մաղ. 4:2):
Մաղաքիա մարգարեի խոսքերը, որոնք մենք լսեցինք առաջին հատվածում, լույս սփռեցին այսօրվա Հոբելյանի խորհրդի վրա:
Դրանք խոսքեր են, որոնք ուղղված են այն մարդկանց, ովքեր վստահում են Աստծուն, ովքեր իրենց հույսը դնում են Տիրոջ վրա, ովքեր Նրա մեջ տեսնում են կյանքի մեծագույն բարիքն ու հրաժարվում են ապրել միայն իրենք իրենց և իրենց շահերի համար: Նրանց համար, ովքեր նյութապես աղքատ են, բայց հարուստ են Տիրոջով, արդարության արևը կբարձրանա: Այս մարդիկ հոգով աղքատ մարդիկ են, ում Հիսուս խոստացավ երկնային Թագավորությունը (Մտթ. 5:3) և ում Աստված Մաղաքիայի խոսքերի միջոցով կոչում է «իմ սեփականությունը» (Մաղ. 3:17): Մարգարեն նրանց հակադրում է հպարտ մարդկանց հետ, նրանց, ովքեր իրենց ինքնաբավությամբ ու երկրային կյանքի ունեցվածքով ձգտում են ապահով կյանքի: Այս հատվածը դժվարին հարցեր է բարձրացնում կյանքի հիմնական իմաստի մասին.որտե՞ղ եմ ես անվտանգություն փնտրում. Աստծո մեջ, թե՞, անվտանգության այլ ձևերում՝ չգոհանալով Աստծուց: Դեպի ու՞ր է իմ կյանքն ուղղվում, ինչի՞ է ձգտում իմ սիրտը.կյանքի Տիրոջը, թե՞ անցողիկ բաներին, որոնք չեն կարող բավարարել:
Միևնույն հարցերը հայտնվում են նաև այսօրվա Ավետարանի մեջ: Հիսուս Երուսաղեմում է իր երկրային կյանքի վերջին ու ամենակարևոր ծառայության համար՝ իր մահվան ու հարության: Նա տաճարի շրջակայքում է, որը «գեղեցիկ քարերով եւ աշտարակներով է զար֊դարուած» (Ղկ. 21:5): Մարդիկ խոսում էին տաճարի արտաքին գեղեցկության մասին, երբ Հիսուս ասաց. «Այդ բոլորը, որ տեսնում էք, պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնուի քար քարի վրայ, որ չքանդուի» (Ղկ. 21:6)։ Նա ավելացնում է, որ երկրում ու երկնքում հակամարտությունների, սովի ու ընդվզումների պակաս չի լինի: Հիսուս չի ցանկանում վախեցնել մեզ, այլ ցանականում է մեզ ասել, որ այն ամենն ինչ մենք հիմա տեսնում ենք անխուսափելիորեն անցողիկ են: Նույնիսկ ամենահզոր թագավորությունները, ամենասուրբ վայրերն ու այս աշխարհի ամենավստահելի իրողությունները հարատև չեն: Վաղ թե ուշ դրանք կանհետանան:
Ի պատասխան, մարդիկ անմիջապես երկու հարց տվեցին Հիսուսին. «Վարդապե՛տ, ե՞րբ կը լինի այդ, եւ ի՞նչ կը լինի նշանը, երբ այդ պատահելու լինի» (Ղկ. 21:7): Երբ և ինչ: Մենք անընդհատ առաջնորդվում ենք հետաքրքրասիրությամբ: Ցանկանում ենք իմանալ երբ և ցանկանում ենք տեսնել նշաններ: Սական Հիսուս չի ուզում նման հետաքրքրասիրություն: Հակառակը, նա հորդորում է մեզ չդառնալ հայտնութենական քարոզիչների գերին: Նրանք, ովքեր հետևում են Հիսուսին, ուշադրություն չեն դարձնում ճակատագրի մարգարեներին, հորոսկոպի անմտությանը կամ սարսափելի քարոզներին և կանխատեսումներին, որոնք շեղում են իսկապես կարևոր բաներից: Այսքան շատ աղմուկի մեջ Տերը մեզ խնդրում է տարբերակել, թե ի՞նչն է Նրանից և ինչը կեղծ ոգուց: Շատ կարևոր է տարբերել իմաստության խոսքը, որ Տերն ամեն օր ասում է մեզ, բարձրաձայն ասելով նրանց, ովքեր փորձում են Աստծո անունից վախեցնել, սերմանել բաժանում ու վախ:
Հիսուս հաստատակամորեն ասում է մեզ` չվախենալ, պատմության ամեն ժամանակաշրջանի խռովություններից, նույնիսկ ի դեմս առավել լուրջ փորձությունների ու անարդարությունների, որոնք կարող են պատահել իր աշակերտների հետ: Նա խնդրում է մեզ հավատալ բարուն և մեր հույսը դնել Աստծո վրա, ով չի հիասթափեցնի.
«Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի» (Ղկ. 21:18): Աստված չի մոռանում Իրեն հավատարիմներին, իր թանկարժեք սեփականությանը: Նա չի մոռանում մեզ:
Հավանաբար, այսօր նա մեզ հարցնում է մեր կյանքի իմաստի մասին: Օգտագործելով մի դրվագ, մենք կարող էինք ասել, որ այս ընթերցումը ծառայում է որպես «ֆիլտր», որի միջոցով մեր կյանքը կարող է լցվել: Նրանք հիշեցնում են մեզ, որ այս աշխարհում գրեթե ամեն ինչ անցողիկ է, ինչպես հոսող ջուրը: Բայց կան թանկարժեք իրողություններ, որոնք մնում են, ինչպես թանկարժեք քարն է մնում ֆիլտրում: Ի՞նչն է հարատև, ի՞նչն ունի արժեք այս կյանքում, ո՞ր հարստություններն են, որ չեն անհետանում: Հաստատ այս երկուսը՝ Աստված ու մերձավորը: Այս երկու հարստությունները չեն անհետանում: Սրանք մեծագույն բաներ են, սրանք պետք է սիրել: Մնացած ամեն ինչ` երկինքը, երկիրը, ամեն ինչ, ինչ որ ամենագեղեցիկն է, նույնիսկ այս տաճարը, անցողիկ են: Սակայն մենք չպետք է երբեք Աստծուն կամ մյուսներին վտարենք մեր կյանքից:
Չնայած այսօր, երբ մենք խոսում ենք մերժելու մասին, մենք անմիջապես մտածում ենք կոնկրետ մարդկանց մասին, ոչ թե անպետք առարկաների, այլ՝ թանկարժեք անձանց: Մարդ արարածը, ստեղծված լինելով Աստծո կողմից, հաճախ անտեսված է, մի կողմ թողնված` հանուն անցողիկ բաների: Սա անընդունելի է, քանի որ Աստծո աչքերում մարդն ամենաթանկ բանն է: Աղետալի է այն, երբ մենք մեծանում ենք՝ սովոր լինելով այս մերժմանը: Մենք պետք է անհանգստանանք` տեսնելով, որ մեր խիղճն անզգայանում է և մենք այլևս չենք տեսնում մեր կողքին տառապող եղբորը կամ քրոջը, կամ չենք նկատում մեր աշխարհի ծանր խնդիրները, որոնք դառնում են պարզապես երեկոյան նորությունների ծանոթ վերնագրեր:
Սիրելի եղբայրներ ու քույրեր, այսօր ձեր հոբելյանն է: Ձեր ներկայությունն օգնում է մեզ ներդաշնակ լինել Աստծո հետ, տեսնել այն, ինչ նա է տեսնում: Նա տեսնում է ոչ թե կերպարանքներ (1 Սամ. 16:7), այլ նայում է «հեզերին ու խոնարհներին» (Ես. 66:2), մերօրյա բազմաթիվ աղքատ Ղազարոսներին: Ինչ վնաս ենք մենք հասցնում մեզ, երբ մենք չենք նկատում մերժված ու ընկած Ղազարոսին: Դա Աստծուց երես թեքելն է: Հոգևոր սկլերոզի ախտանիշ է այն, երբ մենք հետաքրքրված ենք միայն արտադրվող ապրանքով, այլ ոչ թե այն մարդկանցով, ում պետք է սիրենք: Սա մեր դարի ողբերգական հակասության ծագումն է, քանի որ առաջընթացն ու նոր հնարավորություններն աճում են, որը, թեև լավ է, սակայն ավելի ու ավելի քիչ մարդիկ են կարողանում օգտվել դրանից: Սա մի մեծ անարդարություն է, որն ավելի շատ պետք է մտահոգի մեզ, քան այն, թե երբ և ինչպես է ավարտվելու աշխարհը: Քանի որ մենք չենք կարող զբաղվել մեր գործերով, երբ Ղազարոսն ընկած է դռան մոտ: Բարգավաճող տներում խաղաղություն չի լինի, քանի դեռ արդարության պակաս կա բոլորի տներում:
Այսօր ամբողջ աշխարհի տաճարներում ու սրբավայրերում Ողորմության Դռները փակելն ազդարարում է Ողորմության Սուրբ Տարվա ավարտը, Քահանայապետն ամփոփել է խնդրելով «շնորհ, որպեսզի մենք չփակենք մեր աչքերն Աստծո առաջ, ով տեսնում է մեզ ու մեր մերձավորին, ով մեզանից ինչ-որ բան է խնդրում: Եկե´ք բացենք մեր աչքերն Աստծո առաջ, մեր սրտերի աչքը մաքրելով նենգ ու սոսկալի պատկերներից, հզորության ու վրիժառության աստծուց, մարդկային հպարտության ու վախի ցգացումից: Եկե´ք վստահությամբ նայենք ողորմության Աստծուն` այն համոզմամբ, որ «Սէրը երբեք չի անհետանում» (1 Կոր 13:8): Եկե´ք վերահաստատենք մեր ճշմարիտ կյանքի հույսը, որին մենք կոչված ենք, այն կյանքի, որն անցողիկ չէ, և որը սպասում է մեզ՝ Աստծո և այլոց հետ հաղորդությամբ և ուրախությամբ, որը հարատև է, անվերջ:
Եվ եկե´ք մեր աչքերը բացենք մեր մերձավորի առաջ, հատկապես մեր եղբայրների ու քույրերի առաջ, ովքեր մոռացված և մերժված են, մեր դռան մոտ ընկած «Ղազարոսի» առաջ: Ահա թե որտեղ է եկեղեցու խոշորացույցը թեքված: Թո´ղ Աստված մեզ ազատի այն դեպի ինքներս մեզ դարձնելուց: Թո´ղ նա հեռու պահի մեզ այն զարդարանքներից, որոնք շեղում են մեզ, շահերից ու արտոնություններից, իշխանության ու փառքի կախումից, աշխարհի ոգով հրապուրված լինելուց: «Մեր Մայր Եկեղեցին հատկապես նայում է մարդկության այն մասին, որը տառապում ու արտասվում է, քանի որ նա գիտի, որ այդ մարդիկ Ավետարանական իրավունքով պատկանում են նրան» (Պողոս 6-րդ, հղում Վատիկանի երկրորդ Խորհրդի երկրորդ նստաշրջանի սկզբին, սեպտեմբերի 29, 1963 թ.): Իրավունքով և նաև ավետարանական պարտավորությամբ, որովհետև ճշմարիտ հարստությունների մասին հոգ տանելը՝ որոնք աղքատներն են, մեր պարտավորությունն է: Այս խորհրդածությունների լույսի ներքո, այսօր ես կցանկանայի, որ այս օրը լիներ «աղքատների օրը»: Մեզ այս ամենը հիշեցնում է մի հին ավանդույթ, ըստ որի Հռոմեացի նահատակ Լոուրենսը, մինչ Տիրոջ սիրո համար դաժան նահատակությունը, հաղորդության բարիքները բաժանել է աղքատներին, որոնց նա նկարագրեց, որպես Եկեղեցու ճշմարիտ գանձեր:
Թղ Տերը մեզ տա այն շնորհը, որով մենք կարող ենք առանց վախենալու տեսնել, թե ինչ է իրականում տեղի ունենում, և մեր սրտերը դարձնենք դեպի մեր իրական գանձերը։
Թարգմանեց` Նարինե Գալոյանը