Եկեղեցին, կենդանի թե արյան նահատակությամբ, մնում է կանգուն՝ հավատարիմ իր աստվածատուր առաքելությանը։
2016 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր գրասենյակում ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս` Արամ Ա Վեհափառին, ով եռօրյա այցելությամբ գտնվում էր Հռոմում՝ իր մասնակցությունը բերելու նաև Սիրիայում տիրող վիճակի վերաբերյալ միջազգային համագումարին։ Այն տեղի ունեցավ Արևելյան Քահանայապետական Ինստիտուտում` 2016-ի նոյեմբերի 11-13 –ը՝ Քահանայապետական հաստատության հիմնադրության (1917 -2017) հարյուրամյակի տոնախմբությունների շրջանակում։
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը առաջին հերթին իր ջերմ շնորհակալությունը հայտնեց Սրբազան Պապին, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով, հրապարակային երկու ելույթների ընթացքում` Վատիկանում ու Երևանում, հիշեց Հայոց Ցեղասպանությունը` որպես 21-րդ դարի առաջին ցեղասպանություն։
Վեհափառ Հայրապետն ասաց, որ Եկեղեցին քաջություն պէտք է ունենա ճշմարտության պաշտապանն ու ջատագովը դառնալու։ Ֆրանցիսկոս Պապը վերստին շեշտեց Հայոց Ցեղասպանության իրողությունը` որպէս 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և այդ շրջանակում հիշեց Թուրքիայի հակազդեցությունը։
Ապա, Արամ Ա. Կաթողիկոսը անդրադառնալով Միջին Արևելքում քրիստոնյա
համայնքների դիմագրաված դժվարություններին ու մարտահրավերներին, ասաց, որ Միջին Արևելքում եկեղեցու պատմությունը եղել է նահատակության պատմություն։
<<Սակայն եկեղեցին, կենդանի թե արյան նահատակությամբ, մնում է կանգուն՝ հավատարիմ իր աստվածատուր առաքելության. այսօր ևս, եկեղեցին Միջին Արևելքում մնում է հանձնառու իր կոչմանը>>. շեշտեց Վեհափառ Հայրապետը և իր բարձր գնահատանքը հայտնեց Վատիկանի մոտեցմանը, որ մի կողմից հիմնված է քրիստոնյա համայնքների իրավունքների պաշտպանության վրա, իսկ մյուս կողմից` քրիստոնյա-իսլամ խաղաղ գոյակցության ու գործակցության վրա։
Սրբազան Քահանայապետը իր հերթին ընդգծեց ընդհանրապես միջկրոնական ու հատկապես քրիստոնյա-իսլամ երկխոսության կարևորությունը՝ հիշելով շուրջ մեկ շաբաթ առաջ Վատիկանում տեղի ունեցած միջկրոնական համագումարը, ավելացնելով Միջին Արևելքում քրիստոնյա համայնքների պահպանման և հզորացման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ Վատիկանի զորակցությունը։
Եկեղեցիների միջև միության ամրապնդման հրամայականին անդրադառնալով՝ Արամ Ա. Կաթողիկոսը հիշեցրեց Զատկի տոնի ընդհանրական ամսաթիվ նշանակելու անհրաժեշտությունը` որպես շոշափելի արտահայտություն քրիստոնեական միության:
Ֆրանցիսկոս Պապը ողջունելով Վեհափառ Հայրապետի գաղափարը՝ հայտնեց թե՝ վերջին տասնամյակների ընթացքում Կաթողիկէ եկեղեցին բազմիցս շեշտել է նույն գաղափարը և այսօր ևս համաձայն է Զատկի տոնի մեկ ընդհանուր օր ունենալուն։
Արամ Ա Կաթողիկոսը նաև իր ուրախությունը հայտնեց, որ Լիբանանը ունեցավ իր նորընտիր նախագահը։ Ֆրանցիսկոս Պապն ուրախությամբ ողջունեց Լիբանանի նախագահական ընտրությունը և շեշտեց Լիբանանում քրիստոնյա-իսլամ համերաշխ գոյակցության ու սերտ գործակցության հրամայականը։
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը Սրբազան Քահանայապետին նվիրեց վերջերս հրատարակված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կատալոգը՝ “The Armenian Catholicosate of Cilicia – History, Treasures, Mission”։
Սրբազան Քահանայապետն իր հերթին հուշանվեր հանձնեց Վեհափառ Հայրապետին։
Նշենք, որ Հռոմում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ ունեցավ նաև Վատիկանի Պետական Քարտուղար` Կարդինալ Փիեթրո Փարոլինի, Արևելյան Եկեղեցիների ժողովի կառավարիչ կարդինալ Լեոնարդո Սանդրիի ու Քրիստոնյաների Միության զարգացման Քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Քուրտ Քոխի հետ։
Այցի շրջանակներում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս` Արամ Ա Վեհափառը նոյեմբերի 12 –ին այցելեց նաև Հռոմի Քահանայապետական Լևոնյան վարժարան: Նրա այցի առիթով վարժարանի տնօրինությունը և ուսանողները ջերմ ընդունելություն կազմակերպեցին։
Ռադիո Վատիկանի հրապարակումը արևելահայերենի վերածեց` Աննման Մինասյանը։