• «Ինչ հանցանք էլ բանտարկյալը գործած լինի, նա շարունակում է Աստծո կողմից սիրված մնալ». Նորին Սրբության քարոզը

    «Մո՛տ լինենք տառապյալներին»:


    2016թ. նոյեմբերի 9-ին՝ հրապարակային ունկնդրության ժամանակ, շարունակելով ողորմության թեման՝ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կոչ է արել դառնալ ողորմության ակտիվ գործիքներ:

     

    Դիմելով Սբ. Պետրոսի հրապարակում հավաքված ամբոխին՝ Քահանայապետն անդրադարձավ ողորմության նյութական գործերին, որը կոչ է անում մեզ այցելել հիվանդներին ու բանտարկյալներին:

     

    Հիշեցնելով բազմաթիվ հատվածներ Ավետարանից՝ որոնք պատմում են, թե ինչպես էր Հիսուս իր կյանքի ընթացքում անդադար օգնության հասնում այլոց,  Քահանայապետն ասել է. «Հիսուս մեր օրինակն է, երբ մենք մտածում ենք ողորմության նյութական գործերի մասին, որոնք կոչ են անում մեզ այցելել  հիվանդներին ու բանտարկյալներին»:

     

    «Ողորմության այս գործերով Տերը մեզ կոչ է անում կատարել մեծ մարդկայնության քայլեր». ասել է Քահանայապետը:

     

    Քահանայապետն ասել է. «Հիվանդ մարդիկ հաճախ իրենց շատ միայնակ են զգում, և նույնիսկ մի հասարակ ժպիտը, ձեռքի մի տաք հպումն ու մի փոքր ընկերակցությունը կարող են հիանալի դեղամիջոցներ լինել»:

     

    Գովաբանելով այն մարդկանց, ովքեր այցելում են հիվանդներին, Քահանայապետն ասել է, որ նրանց նվիրվածությունը անգնահատելի արժեք ունի:

     

    «Երբ հանուն Աստծո նմանատիպ գործ է կատարվում, այն նաև դառնում է ողորմության պերճախոս ու արդյունավետ արտահայտություն». բացատրել է Քահանայապետը: «Եկե´ք հիվանդներին չզրկենք հարմարավետությունից, մո՛տ լինենք տառապյալներին»:

     

    «Բանտարկյալին այցելելը ևս մի օգտավետ ձև է՝ Աստծու բուժիչ ներկայությունը բերելու այն մարդկանց, ովքեր աղոթում են իրենց սխալների համար». շարունակել է  Սրբազան Քահանայապետը: Զրկվելով իրենց ազատությունից՝ նրանք հատկապես Աստծո ողորմած սիրո ու ներողամտության ուղերձը լսելու և, այս ձևով, իրենց արժեքն ու արժանապատվությունը ճանաչելու կարիք ունեն:

     

    «Ինչ հանցանք էլ որ բանտարկյալը գործած լինի, նա շարունակում է Աստծո կողմից սիրված մնալ». ասել է Սրբազան Քահանայապետը:

     

    «Ո՞վ կարող է ներթափանցել նրա հոգու խորքն  ու հասկանալ, թե ինչ է նա զգում: Ո՞վ կարող է հասկանալ նրա ցավն ու զղջումը: Այս հարցում շատ հեշտ է ձեռքերը լվանալ ու ասել պարզապես, որ «նա սխալ է գործել». ասել է Քահանայապետը:

     

    Սրբազան Քահանայապետն ասել է. «Մենք, որպես քրիստոնյաներ, կոչված ենք Աստծո ողորմությունն ու բուժիչ զորությունը բերելու մեր կարիքավոր եղբայրներին ու քույրերին»:

     

    Սրբազան Քահանայապետը խոսել է այն մասին, որ նա իր սրտում հատուկ տեղ ունի բանտարկյալների համար և հիշեցրել է, որ Հիսուս Ինքը, լինելով անմեղ,  հանուն մեզ մնաց բանտում ու տառապեց:

     

    Նա նաև հիշատակել է Պետրոս և Պողոս առաքյալներին, ովքեր իրենց պատժաժամկետն օգտագործեցին՝ աղոթելու և Ավետարանը քարոզելու համար:

     

    Եվ վերջում, հիշատակելով անցած կիրակի օրվա Բանտարկյալների Հոբելյանը և մի խումբ բանտարկյալների հետ հանդիպումը, ովքեր ասացին նրան, որ ուզում են առաջ գնալ ու Սբ. Պողոսի փորձը կիսել մյուս բանտարկյալների հետ՝ Քահանայապետը նշել է, որ մենք բոլորս մեկ քայլով, մեկ բառով կամ հասարակ այցելությամբ կարող ենք լինել Աստծո ողորմության գործիքները, որը մեծ զորություն ունի վերադարձնելու մարդու ուրախությունն ու արժանապատվությունը, որը խլել են նրանից:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց