Այս Սբ. Պատարագը նշանակում է «նոր սկիզբ և վկայում քրիստոնյաների պայքարի մասին։
Իրաքի Կարակոշ քաղաքը ինքնահռչակ «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո քաղաքի մայր տաճարում՝ 2 տարվա օկուպացիայից հետո` 2016թ.հոկտեմբերի 30-ին, մատուցվեց առաջին Սբ. Պատարագը: Կարակոշը Մոսուլ քաղաքից գտնվում է 20կմ հարավ-արևելք և երկրի կարևոր քրիստոնեական կենտրոններից է:
Կիսաքանդ և ջիհադիստների կողմից պղծված տաճարում նորից հնչեցին օրհներգներ արամեերեն լեզվով: Սուրբ Պատարագը՝ չորս քահանաների համապատարագությամբ, գլխավորեց Մոսուլի, Քիրքուքի և Քուրդիստանի կաթողիկէների արքեպիսկոպոս Բուտրոս Մուշեն:
Մոնսենյոր Մուշեն կաթողիկէ լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշեց. «Այս տաճարը խորհրդանիշ է մեզ համար»: Տեղի քահանա Մաջիդ Խազեմը վստահ է, որ ազատագրումից հետո առաջին Սբ. Պատարագը նշանակում է «նոր սկիզբ և վկայում է քրիստոնյաների պայքարի մասին, ովքեր անարդարության զոհ դարձան»:
Սուրբ Մարիամ Աստվածածնի Անարատ Հղության մայր տաճարի գավիթը գրոհայիններն օգտագործել են որպես հրաձգարան: Տեղի բնակիչ, ոստիկան Իմադ Միշելը նշեց, որ ջիհադիստները ոչինչ չեն հարգում, ըստ էության նրանք մահմեդականներ չեն, այլ՝ անհավատներ: Միշելն ասաց. «Մեզ մոտ եկել են բազմաթիվ հումանիտար կազմակերպություններ, որոնք առաջարկել են տեղափոխվել և ապրել Լիբանանում, Ավստրալիայում կամ էլ Կանադայում, սակայն ես հրաժարվել եմ: Մենք ուզում ենք, որ մեր ընտանիքները վերադառնան, և նաև վերադառնան նրանք, ովքեր արտասահման են գնացել»:
Խոսելով հայրենադարձության մասին` արքեպիսկոպոս Բուտրոս Մուշեն նշեց, որ մարդիկ շատ են ուզում հայրենիք վերադառնալ, սակայն առաջին հերթին նրանք ցանկանում են վերականգնել տեղական ենթակառույցները: «Դրա համար ամբողջ տարածաշրջանը պետք լինի անվտանգ և ապահով: Հայտնի է, որ քաղաքի տարածքը ականապատված է»,- ընդգծեց Իրաքի արքեպիսկոպոսը:
Թարգմանեց` Նաիրա Բաղդասարյանը