• «Պետք չէ վախենալ սատանայի արտասովոր դրսևորումներից».էկզորցիստների գիտաժողովը՝ Հռոմում

    Օկուլտիզմն ու մեդիումիզմը (հոգեհարցությունը) մեր օրերում առաջարկվում են խաղալիքների, կոմիքսների, մուլտֆիլմների, վիդեո խաղերի և որոշ երաժշտական ժանրերի միջոցով:


     

    2016թ.նոյեմբերի 2-ին Հռոմում ավարտվեց Դիվահանների (Էկզորցիստների) Միջազգային միավորման գիտաժողովը, որը կազմակերպվում է տարեկան երկու անգամ: Գիտաժողովին ներկա էին դիվահաններ՝ աշխարհի բոլոր ծայրերից, ովքեր կիսվեցին իրենց փորձով և Եկեղեցում ողորմության ծառայության մասին իրենց խոհերով:

     

    Շատերն ընդգծեցին օկուլտիզմի տարատեսակ ձևերի զգալի աճն ու տարածումը, որոնք գրավում են դեռահասների ու երիտասարդների ուշադրությունը: Օկուլտիզմն ու մեդիումիզմը (հոգեհարցությունը) մեր օրերում առաջարկվում են խաղալիքների, կոմիքսների, մուլտֆիլմների, վիդեո խաղերի և որոշ երաժշտական ժանրերի միջոցով: Զեկուցողներն արձանագրեցին մոգության ձեռնարկների վաճառքի աճ, որտեղ օկուլտիզմը բացատրվում է հասարակ, երեխաներին մատչելի լեզվով: Համացանցում ևս կան բազմաթիվ հնարավորություններ՝ օկուլտիզմին հաղորդակից լինելու համար:  Ցավոք սրտի, շատերը չեն բավարարվում միայն օկուլտիզմի պրակտիկայի ուսումնասիրությամբ, այլև ուզում են փորձել՝ մեծ վտանգի ենթարկելով իրենք իրենց:

     

    Օկուլտիզմը հանգեցնում է սատանայի հետ շփման, որին աստվածացնում են: Քահանաները պնդում են, որ օկուլտիզմը բերում է հոգեկան շեղումների, հաճախ նաև սատանայի արտառոց ներթափանցման, որը պահանջում է դիվահան քահանայի միջամտությունը:

     

    Սատանան ձգտում է մարդուն բաժանել Աստծուց, սակայն մենք միշտ սատանային հետ մղելու հնարավորություն ունենք՝ բացվելով Տեր Հիսուս Քրիստոսի և Մարիամ Աստվածածնի սիրառատ ներկայության առջև, սերտ հաղորդակցություն պահպանելով նրանց հետ՝ Աստվածաշնչի, աղոթքների, Խորհուրդների ընթերցանությամբ և հատկապես կանոնավոր խոստովանանքներով ու Սուրբ Հաղորդությամբ: Սատանային կարելի է հետ շպրտել նաև խոնարհության առաքինությամբ, հոգևոր և նյութական բարեգործությամբ, մեզ ցավ պատճառողներին ներելով և տարատեսակ բարեպաշտական գործողությունների միջոցով:

     

    Դիվահանների գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին դիվահանությունը ճշգրիտ կատարելու նոր առաջնորդող հրահանգներ: Դիվահանությունը միշտ արվում է հանուն Քրիստոսի ու Եկեղեցու, քանի որ դևերին դուրս մղելու, մարդուն, առարկաներն ու վայրերը սատանայի ներգործությունից ազատելու  իշխանությունն ու առաջադրանքը գալիս է հենց Հիսուս Քրիստոսից ու Եկեղեցուց: Այսպիսով, դիվահան քահանան չի կարող կամայականորեն գործել. նա՝ ներկայացնելով Հիսուս Քրիստոսին ու Եկեղեցուն, պետք է միշտ գործի իրեն վստահված առաքելության շրջանակներում: Դիվահանության հովվական ծառայությունը եկեղեցական ոլորտում է, և դիվահանը պետք է ուշադիր հետևի այս ծառայության համար սահմանված կանոններին:

     

    Ռադիո Վատիկանին տրված հարցազրույցի ժամանակ Դիվահանների Միջազգային ասոցիացիայի նախագահ, քահանա Ֆրանչեսկո Բամոնտեն ասաց.

    «Պետք չէ վախենալ սատանայի արտասովոր դրսևորումներից, այլ պետք է վախենալ նրա առաջարկությունների հետ համաձայնվելուց. ընդունել դրանք նշանակում է դառնալ նրա գերին ու հեռանալ Աստծուց»:

     

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց