• Երբեք մի´ կորցրեք հույսն Աստծո ողորմության հանդեպ. Քահանայապետը դիմում է բանտարկյալներին

    «Հույսը Աստծո նվերն է և այն պետք է փայփայել»։


    Սրբազան Քահանայապետը կիրակի օրը՝ նոյեմբերի 6-ին Սբ. Պետրոսի տաճարում սբ. Պատարագ է մատուցել Բանտարկյալների համար, որի ընթացքում հիշեցրել է կալանավորներին, որ երբեք չկորցնեն իրենց հույսը, կամ չտարվեն այն զգացումով, որ նրանք երբեք չեն կարող ներվել:

     

    Մոտ 1000 կալանավորներ 12 երկրներից, մասնակցեցին Սբ. Պատարագին՝ իրենց ընտանիքների, բանտային քահանաների, աշխատակազմի և տարբեր ընկերությունների հետ:

     

    Բանտարկյալների համար այս Սբ. Պատարագը Ողորմության Հոբելյանական տարվա վերջին կարևոր իրադարձություններից մեկն է։ Հոբելյանական տարին ավարտվելու է 2016թ. նոյեմբերի 20-ին:

     

    Սրբազան Քահանայապետը Բանտարկյալների հոբելյանի առթիվ իր քարոզը կենտրոնացրել է հույսի թեմայի վրա, քանի որ այն առկա է այդ օրվա Սբ. Պատարագի ընթերցման մեջ:

    Օրինակ՝ Մակաբայեցիների երկրորդ գրքում կան յոթ եղբայրներ, ովքեր խոսում են Աստծո միջոցով հարություն առնելու մասին և ապա հիշենք Հիսուսի պատասխանը` Սադուկեցիներին, որ Աստված մեռյալների Աստվածը չէ, այլ, կենդանիների:

     

    «Հույսը Աստծո նվերն է և այն պետք է փայփայել». ասել է Սրբազան Քահանայապետը:

     

    «Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը սխալ է գործում, Տիրոջ ողորմությունն ավելի առատ է այդ մարդու հանդեպ, և այն արթնացնում է ապաշխարությունը, ներողամտությունը, հաշտեցումն ու խաղաղությունը»:

     

    Քահանայապետը խոստովանել է, որ կալանավորների ազատության կորուստի զգացումը հանցագործությունների պատժաժամկետը կրելու ամենավատ հատվածն է: Սակայն նա բանտարկյալներին կոչ է արել պահել ազատության «շունչը»:

     

    Սրբազան Քահանայապետը անդրադարձել է Հռոմեացիներին ուղղված թղթի այդ օրվա ընթերցմանը, որում «գրեթե թվում է, թե Պողոսն ասում է մեզ, որ Աստված ևս հույս է փայփայում»:

     

    «Տիրոջ ողորմությունը Պողոսին հանգիստ չի տալիս: Նա նման է «Անառակ որդու» մասին առակում նկարագրվող հորը, ով փայփայում է իր որդու վերադարձի հույսը…»:

     

    «Եթե Աստված հույս է փայփայում, ապա ոչ ոք չպետք է իր հույսը կորցնի: Քանի որ հույսը առաջ ընթանալու ուժն է: Սա դեպի ապագայի ու փոփոխված կյանքի համար ջանքեր գործադրելու զորությունն է: Սա վաղվա օրվան սպասելու դրդապատճառն է. որ մեր ունեցած սերը, մեր բոլոր ձախողումները կարողանան մեզ նոր ուղի ցույց տալ»:

     

    Սրբազան Քահանայապետը խոսել է այն մարդկանց «կեղծավորության» մասին, ովքեր բանտարկյալներին տեսնում են միայն որպես մեղսագործներ և ովքեր անտեսում են վերականգնվելու հնարավորությունը:

     

    Շեղվելով իր նախորոք պատրաստված քարոզից` Քահանայապետն ասել է, թե ամեն անգամ բանտ մտնելուց, ինքն իրեն հարցնում է.

     

    «Ինչու՞ նրանք, այլ ոչ թե ես: Բոլորս էլ սխալներ գործելու հնարավորություն ունենք»:

     

    Սրբազան Քահանայապետը կոչ է արել բանտարկյալներին չկառչել իրենց անցյալի սխալներից և երբեք չտրվել այն զգացմանը, որ նրանք չեն կարող ներվել:

     

    Սրբազան Քահանայապետն անդրադարձավ, որ կարևոր է ներողամիտ լինել նրանց հանդեպ, ովքեր վիրավորել են մեզ կամ սիրելիներին:

     

    Խոստովանելով, որ կան որոշ վերքեր, որոնք միայն Աստված կարող է բուժել, Քահանայապետն ասել է, որ այդուհանդերձ, «երբ բռնությունը հանդիպում է ներողամտությանը, նույնիսկ այն մարդկանց սրտերը, ովքեր սխալներ են թույլ տվել, կարող են նվաճվել սիրով, որը հաղթում է ամեն տեսակ չարիքի»:

     

    Այս կերպ, զոհերից ու նրանցից, ովքեր սխալներ են թույլ տվել այդ զոհերի հանդեպ, Աստված ստեղծում է ճշմարիտ վկաներ ու ողորմության նվիրյալներ:

     

    Քահանայապետն ամփոփել է իր խորհրդածությունը՝ դիմելով Ողորմության Տիրամորը` Մարիամի ու մանուկ Հիսուսի պատկերին:

    «Թո´ղ նա բարեխոսի ձեզ համար, որ ձեր սրտերը կարողանան զգալ նոր կյանքի հույսի զորությունը, մի կյանքի, որն արժանի է ապրել ամբողջովին ազատ` ծառայելով մերձավորներին»:

     

    Թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց