Միասին մենք կարող ենք ինչ-որ լավ բան անել Աստծո համար:
Ողորմությունը գեղեցկագույն առաքինություններից մեկն է: Այն մաքրում է մեզ անտարբերությունից, նյութական աշխարհից կախվածությունից և ժլատությունից ՝ դրա փոխարեն պարգևելով մեզ ճշմարիտ հոգատարության և սրտացավության զգացում այլոց հանդեպ: Ողորմած լինելը սովորեցնում է նաև պատրաստակամ լինել ուրիշներին օգնության ձեռք մեկնելու և մեր սրտերը լցնում է զոհաբերության ոգով: Սակայն այս ամենից առաջ և ամենակարևորն այն է, որ ողորմած լինելը բերում է նրան, որ Ողորմած Աստված ինքն է բնակություն հաստատում մեր հոգիներում և ուղղորդում է մեր գործերը դեպի հավիտենական փրկություն:
Սուրբ Եկեղեցին, Ֆրանցիսկոս Պապի տնօրինությամբ, 2016 թվականը հռչակել էր Աստվածային ողորմության հոբելյանական տարի։
Ամբողջ տարին Կաթողիկէ աշխարհը հիշեց ու առաջնորդվեց Հռոմի Սրբազան Քահանայապետի աղոթքի ամեն մի տառով, որտեղ Նա ասում էր «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Դու մեզ սովորեցրիր լինել ողորմած, ինչպես մեր երկնավոր Հայրը…»:
Ուղիղ մեկ շաբաթ առաջ Փանիկի ժողովրդապետ Հայր Գառնիկ վրդ. Հովսեփյանը Ս.Պատարագի ավարտին հավատավոր ժողովրդին հայտնեց, որ մտադրություն ունեն հավաքել պարենային ապրանքներ, որոնք կուղարկվեն Սպիտակի Մայր Թերեզայի անվան հատուկ կարիքներով երեխաներին:
Ներկա եղանք հավաքման ողջ գործընթացին: Փանիկի հասարակությունը մեծ սիրով ու պատրաստակամությամբ իր աջակցությունը բերեց նախաձեռնությանը: Անկախ տարիքից ու սեռից, ամեն մեկը ցանկանում էր րոպե առաջ իր նվիրատվությունը տեղ հասցնել:
Մեզ հետ զրույցում փանիկցի Ալիսա Մարտիրոսյանը նշեց. «Ի սրտե ցանկանում եմ երեխաներին ուղարկել կարտոֆիլ, ձավարեղեն, ալյուր, խնձոր ու տարբեր պահածոներ՝ այն, ինչ տանը գտնվել է»:
Վալյա Արևիկյանն էլ նշեց հետևյալը.«Իմ սրտի թելադրանքով եմ մասնակցում, երեխաներին առողջություն եմ մաղթում և եթե էլի լինի նման նախաձեռնություն՝ պարտավորված եմ զգում ինձ նորից մասնակցելու»:
Գայանե Սալնազարյանը, ով Փանիկի երիտասարդական միության անդամ է, ասաց.
«Երիտասարդաց միությունն ու մեր ժողովրդապետ Հ. Գառնիկ Հովսեփյանը միասին որոշեցինք այս գաղափարը իրականացնել ու օգնել երեխաներին:
Գաղափարը գաղափար, բայց եթե չլինեին մեզ աջակցող համագյուղացիները, ինչպես նաև կողքի գյուղերից՝ Անուշավանից, Սպանդարյանից բարի կամքի տեր մարդիկ, այս գաղափարը գործի չէր վերածվի»:
2016 թվականի նոյեմբերի 6-ին պարենային մթերքով բեռնավորված մեքենան ուղեկցությամբ Փանիկի ժողովրդապետ Հ.Գառնիկ վրդ.Հովսեփյանի և մեկ տասնյակից ավելի երիտասարդական խմբի անդամների Ս.Պատարագին մասնակցելուց հետո ուղևորվեցին Սպիտակի Մայր Թերեզայի գթության քույրերի տուն:
Օրը իսկական տոնի վերածվեց բարություն տարածող կենտրոնում: Կենտրոնի շահառուները այնքան էին ուրախացել վարդապետի ու երիտասարդների այցելությունից, որ անգամ չնկատեցին, որ հյուրերը դատարկաձեռն չէին եկել:
Հյուրասրահում հավաքված գթության քույրերին ու կենտրոնի շահառուներին Հ.Գառնիկ վրդ. Հովսեփյանն ասաց.
«Մենք եկել ենք այստեղ Փանիկի երիտասարդության հետ` ասելու համար, որ մենք պատրաստ ենք անկեղծորեն ձեզ հետ կիսվելու նրանով, ինչ ունենք գյուղի մեջ՝ կարևորելով այն փաստը, որ քրիստոնյան պարտավոր է իր ունեցածը կիսել մերձավորի հետ»:
Գթության քույրերի միաբանության անդամ Քույր Կատարինան իր և իրենց հետ բնակվողների անունից շնորհակալություն հայտնեցին Հ.Գառնիկ վրդ. Հովսեփյանին և փանիկցիներին և շեշտադրեց այս արարքի քրիստոնեական ուղղվածությունը, որն այնքան գնահատելի է Աստծո կողմից, նա նշեց հետևյալը.
«Ինչ որ ես կարող եմ անել, դու չես կարող անել, իսկ ինչ որ դու կարող ես անել, ես չեմ կարող… բայց միասին մենք կարող ենք ինչ-որ լավ բան անել Աստծո համար: Հիանալի է Աստծո տված պարգևը կիսել մերձավորի հետ: Ավելի հաճելի է տալը, քան ստանալը: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր օգնել են մեզ, մեզ հետ կիսել են իրենց պարգևներն ու զոհողություններ արել մեզ համար: Թող Աստված օրհնի նրանց»:
Հավելենք, որ մոտ ժամանակներս Փանիկի երիտասարդական միության անդամները ծրագրավորել են նմանատիպ ևս մի նոր նախաձեռնություն, հավաքագրել են հագուստներ ու կոշկեղեն, որոնք կնվիրաբերեն Գյումրու կարոտյալ ընտանիքներին:
Աննման Մինասյան