• «Թո´ղ, որ կրոնները լինեն կյանքի արգանդներ».Քահանայապետի կոչը՝ սկսելու միջկրոնական առողջ երկխոսություն

    «բնապահպանական ճգնաժամի լրջությունը պահանջում է, որ մենք նայենք բոլորի բարօրությանը՝ սկսելով երկխոսության մի ուղի, որը պահանջում է համբերություն, կազմակերպվածություն ու մեծահոգություն» (Գովեմ զՔեզ, 201):


    2016թ. նոյեմբերի 3-ին Սրբազան Քահանայապետը տարբեր կրոնների ներկայացուցիչներին կոչ արեց զարգացնել հավատացյալների խաղաղ հարաբերություններն ու ճշմարիտ կրոնական ազատությունը:

     

    Միջկրոնական հանդիպման համար Վատիկանում հավաքված մոտ 200 մարդկանց հետ խոսելիս Քահանայապետն անդրադարձավ Ողորմության տարվա մոտալուտ ավարտին` ասելով, որ ողորմությունը տարածվում է նաև մեզ շրջապատող աշխարհում` «մեր ընդհանուր տանը, որը մենք կոչված ենք պաշտպանելու ու պահպանելու անզուսպ ու ագահ սպառումից»:

     

    Նա նշեց, որ այսօրվա հագեցած ու մոռացկոտ աշխարհում մենք կենսատու և անհատույց սիրո թթվածնի կարիքն ունենք. «Մենք ողորմության ծարավ ունենք և ոչ մի տեխնոլոգիա չի կարող հագեցնել այդ ծարավը: Մենք փնտրում ենք սեր, որը դիմակայում է րոպեական հաճույքներին, անվտանգ թաքստոց, որտեղ կարող ենք ավարտել մեր անդադար դեգերումները, անչափ մեծ գգվանք,  որը ներում ու հաշտեցնում է»:

     

    «Ողորմությունը տարածվում է նաև մեզ շրջապատող աշխարհում`  «մեր ընդհանուր տանը, որը մենք կոչված ենք պաշտպանելու ու պահպանելու` անզուսպ ու ագահ սպառումից: Մեր ընդհանուր հանձնառությանն անհրաժեշտ է «լրջախոհության ու հարգանքի, կյանքի ավելի պարզ ու հասարակ ձևերի ուսուցում», երբ արարչության ռեսուրսներն օգտագործվում են խելամտորեն ու չափավորությամբ՝ մտահոգվելով մարդկության մասին՝ ընդհանրապես, նաև՝ գալիք սերունդների մասին, ոչ թե պարզապես մեր մասնավոր խմբի տվյալ պահի շահերի համար: Հատկապես, այսօր «բնապահպանական ճգնաժամի լրջությունը պահանջում է, որ մենք նայենք բոլորի բարօրությանը՝ սկսելով երկխոսության մի ուղի, որը պահանջում է համբերություն, կազմակերպվածություն ու մեծահոգություն» (Գովեմ զՔեզ, 201):

     

    Թո´ղ սա լինի այն ուղին, որը մենք ընտրելու ենք: Հրաժարվե՛նք անհամաձայնության ու նեղ մտածելակերպի աննպատակ ուղիներից: Թո´ղ, որ երբեք այնպես չլինի, որ կրոնները նորից իրենց որոշ հետևորդների հրամանի պատճառով աղճատված ուղերձ փոխանցեն,  որը համահունչ չէ ողորմությանը: Ցավոք, չկա այնպիսի մի օր, որ մենք չլսենք բռնության, հակամարտության, հափշտակման, ահաբեկչական գրոհների, սպանությունների ու ավերումների դեպքերի մասին: Երբեմն սարսափելի է արդարացնել նմանատիպ բարբարոսությունները, որոնք արվել են հանուն կրոնի ու Աստծու: Թո´ղ, որ հստակ դատապարտում լինի այն ապօրինի արարքների համար, որոնք պղծում են Աստծո անունը և արատավորում մարդկության կրոնական որոնումը: Փոխարենը, թո´ղ, որ ամենուր խրախուսվի հավատացյալների խաղաղ հանդիպումն ու  ճշմարիտ կրոնական ազատությունը: Այստեղ Տիրոջ, մարդկության ու ապագայի առջև մեր պարտավորությունը մեծ է. այն կոչ է անում անդադար ջանքերի՝ առանց կեղծավորության: Սա մի մարտահրավեր է նետում մեզ, մի ուղի, որը պետք է միասին ընտրենք՝ հույսով ու բոլորի բարօրության համար: Թո´ղ, որ կրոնները լինեն կյանքի արգանդներ, որոնք Աստծո ողորմած սերը տանում են վիրավոր ու կարիքավոր մարդկությանը: Թո´ղ դրանք լինեն հույսի դռներ, որոնք օգնում են անցնել հպարտության ու վախի պատճառով կառուցված պատերի միջով».ասել է Սրբազան Քահանայապետը:

     

    Թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց