• «Երանի՜ նրանց, ովքեր հրաժարվում են իրենց հարմարավետությունից, որպեսզի օգնեն այլոց».Քահանայապետի Սբ. Պատարագը Շվեդիայում

    «Մեծ հարգանք ու համերաշխություն ցուցաբերենք այլ եկեղեցիների ու քրիստոնեական համայնքների մեր եղբայրների ու քույրերի և բոլոր բարի կամքի տեր մարդկանց հանդեպ»:


     

    Ամփոփելով Շվեդիա կատարած իր կարճ ճամփորդությունը՝  Քահանայապետը նոյեմբերի 1-ին Մալմո քաղաքում Սուրբ Պատարագ մատուցեց շվեդ կաթողիկէ համայնքի համար` նշելով, որ ամենայն սրբոց տոնը մեզ հիշեցնում է, որ իսկական երջանկության գաղտնիքը սրբությունն է:

     

    «Այսօրվա Սբ. Պատարագը սրբության տոն է, սրբություն, որը երևում է ոչ թե մեծ արարքների ու արտասովոր իրադարձությունների մեջ, այլ մեր մկրտության պահանջներին ամեն օր հավատարիմ մնալու մեջ».ասաց Քահանայապետը:

     

    Սրբազան Քահանայապետը խոսեց ոչ միայն սրբերի, այլ նաև «մեր շատ եղբայրների ու քույրերի մասին, ովքեր լուռ և համեստորեն ապրում են իրենց քրիստոնեական կյանքը՝ հավատի ամբողջության ու սիրո մեջ», ասելով որ նրանց թվում են մեր բարեկամները, ընկերներն ու ծանոթները:

     

    Սրբազան Քահանայապետն ասաց, որ այս տարբեր մարդիկ մեկ ընդհանրություն ունեն՝ «եթե կա մի բան, որը բնորոշ է բոլոր սրբերին, ապա դա այն է, որ նրանք իսկապես երջանիկ են». ասաց Քահանայապետը:

     

    «Նրանք գտան իրական երջանկության գաղտնիքը, որը խորապես արմատացած է հոգու մեջ, իսկ դրա աղբյուրը՝ Աստծո սիրո մեջ: Ահա՛ թե ինչու ենք մենք սրբերին կոչում երանելի»:

     

    Շվեդիայի կաթողիկէ համայնքը կազմում է երկրի բնակչության ընդամենը 1.15% -ը՝ 113.000 հավատացյալներով, որոնց ծառայում են 2 եպիսկոպոսներ, 141 քահանաներ  ու մոտ 250 կրոնավորներ:

     

    Շվեդիայում ևս կա հայ կաթողիկէ համայնք, որի անդամները ներկա են եղել Մալմոյի Սբ. Պատարագին և լսել Սրբազան Քահանայապետի խոսքը: Շվեդիայի հայ համայնքի մասին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:

     

    Երանելիների մասին խոսելիս Քահանայապետն ասաց, որ սա սրբերի համար «իրենց ուղին է, իրենց նպատակը, իրենց հարազատ հողը»:

     

    «Երանելիները Քրիստոսի և, հետևաբար, յուրաքանչյուր քրիստոնյաի պատկերն են». ավելացրեց Քահանայապետը՝ քարոզի ժամանակ վերջիններիս կոչելով «քրիստոնյաի ինքնության քարտ», որը մեզ դաձնում է  «Հիսուսի հետևորդներ»:

     

    Սրբազան Քահանայապետը կենտրոնացավ երանելիներից մեկի վրա՝ «Երանի՜ խոնարհներին»՝ ասելով, որ խոնարհությունը Հիսուսի «հոգևոր դիմանկարն է»:

     

    Հիսուս Ինքն է ասում. «Սովորեցե´ք ինձանից, որ հեզ եմ և սրտով խոնարհ»:

     

    «Խոնարհությունը ապրելու և գործելու մի ձև է, որը մեզ մոտեցնում է Հիսուսին ու մեկմեկու: Այն հնարավորություն է տալիս մեզ մի կողմ թողնել բոլոր այն ամենն, ինչ-որ մեզ  բաժանում ու օտարացնում է, և փնտրել նորանոր ուղիներ՝ միության ուղիով ընթանալու համար»:

     

    Սրբազան Քահանայապետը հիշեց Շվեդիայի սրբերին. Սբ. Մարիամ Ելիզաբեթ Հեզելբլադը, ով վերջերս սրբադասվեց, Սբ. Բրիջիդը, Բրիջիտտա Վադստենացին՝ Եվրոպայի բարեխոսը:

     

    «Նրանք աղոթեցին ու աշխատեցին քրիստոնյաների միջև ստեղծել միության ու ընկերության կապեր: Այս ամենի շատ խոսուն մի  նշանն է այն, որ ձեր երկրում, որը համարվում է տարբեր ժողովուրդների համատեղ գոյակցության մի օրինակ,  մենք միասին տոնում ենք Բողոքականության 500-ամյակը: Սրբերը սրտի խոնարհության միջոցով փոփոխություն կատարեցին: Այդ խոնարհությամբ մենք հասկանում ենք Աստծո վեհությունն ու անկեղծ սրտով երկրպագում ենք Նրան: Խոնարհությունը այն մարդկանց վարվելակերպն է, ովքեր կորցնելու ոչինչ չունեն, քանի որ նրանք միայն հարուստ են իրենց Տիրոջով»:

     

    Սրբազան Քահանայապետն ասաց, որ Հիսուսին հետևելիս մենք պետք է կարողանանք նոր թարմ հոգևոր էներգիայով ճանաչել ու արձագանքել նոր իրավիճակներին, և նա մեր օրերի համար մի քանի երանիներ առաջարկեց.

     

    «Երանի՜ նրանց, ովքեր հավատարիմ են մնում, չնայած ուրիշների կողմից իրենց պատճառված չարիքներին, և իրենց սրտով ներում են նրանց:

     

    Երանի՜ նրանց, ովքեր նայում են լքված ու անզոր մարդկանց աչքերի մեջ և նրանց ցույց են տալիս իրենց մտերմությունը:

     

    Երանի՜ նրանց, ովքեր յուրաքանչյուր մարդու մեջ Աստված են տեսնում և ձգտում են այնպես անել, որ մյուսներն էլ բացահայտեն Տիրոջը:

     

    Երանի՜ նրանց, ովքեր պաշտպանում և հոգ են տանում մեր ընդհանուր տան մասին:

     

    Երանի՜ նրանց, ովքեր հրաժարվում են իրենց հարմարավետությունից, որպեսզի օգնեն այլոց:

     

    Երանի՜ նրանց, ովքեր աղոթում ու աշխատում են քրիստոնյաների միջև ամբողջական միության համար:

     

    Քահանայապետն ամփոփեց քարոզը՝ հիշեցնելով, որ սրբության կոչն ուղղված է յուրաքանչյուրին և այն պետք է հավատքի ոգով ընդունել Տիրոջից:

     

    «Սրբերն Աստծո առաջ իրենց կյանքով ու բարեխոսությամբ մեզ առաջ են մղում: Մենք միմյանց կարիքն ունենք, եթե պատրաստվում ենք դառնալ սրբեր». ասաց նա: Եկե´ք միասին խնդրենք այս կոչը՝ ուրախությամբ ընդունելու շնորհը և միանանք այդ կոչի իրագործմանը:

     

    Ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ կարողացա այցելել այս երկիր և հանդիպել ձեզ հետ: Որպես կաթողիկէներ մենք մեծ ընտանիքի մի մասն ենք և հաստատվել ենք միևնույն միասնության մեջ: Ես քաջալերում եմ ձեզ, որ դուք աղոթքով, խորհուրդներով և մեծահոգի ծառայությամբ,  ձեր հավատքը վկայեք բոլոր նրանց, ովքեր տառապում են և կարիքի մեջ են: Ես կոչ եմ անում ձեզ լինելու աղն ու լույսն այնտեղ, որտեղ գտնում եք ինքներդ ձեզ, այն ձևով, որով դուք ապրում և գործում եք որպես Հիսուսի հետևորդներ: Մեծ հարգանք ու համերաշխություն ցուցաբերենք այլ եկեղեցիների ու քրիստոնեական համայնքների մեր եղբայրների ու քույրերի և բոլոր բարի կամքի տեր մարդկանց հանդեպ:

     

    Մեր կյանքում մենք մենակ չենք, մեզ հետ է Սբ. Մարիամի մշտական օգնությունն ու ընկերակցությունը: Այսօր նա կանգնած է մեր առաջ բոլոր սրբերից որպես առաջինը, Տիրոջ առաջին աշակերտը: Մենք գնում ենք դեպի նրա պաշտպանությունը և նրան ենք ներկայացնում մեր վշտերն ու ուրախությունները, մեր վախերն ու ցանկությունները: Մենք ամեն ինչ թողնում ենք նրա պաշտպանության տակ՝ այն քաջ գիտակցմամբ, որ նա հսկում է մեզ ու մայրական սիրով հոգ է տանում մեր մասին:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

     

     

Օրացույց

Օրացույց