«Քրիստոս ցանկանում է, որ մենք լինենք մեկ, որ աշխարհը կարողանա հավատալ»:
Բողոքականության (Reformation) 500-ամյակը նշելու համար Շվեդիա կատարած իր այցի ժամանակ, Սրբազան Քահանայապետը և Եպիսկոպոս Մունիբ Յունանը՝ Համաշխարհային լյութերական ֆեդերացիայի նախագահը, ստորագրեցին Համատեղ հռչակագիր:
Ստորև ներկայացնում ենք այդ hռչակագրի տեքստը:
31 հոկտեմբեր, 2016 թ., Լունդ
«Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք» (Հովհ. 15:4)։
Երախտապարտ սրտերով
Այս Համատեղ hռչակագրով մենք Աստծուն ենք հայտնում մեր երախտագիտությունը Լունդ քաղաքի մայր տաճարում այս համատեղ աղոթքի համար, քանի որ մենք տարին սկսում ենք՝ նշելով Բողոքականության սկզբնավորման 500-րդ տարելիցը: Կաթողիկէների ու լյութերականների միջև եղած 50-ամյա կայուն ու պտղաբեր էկումենիկ երկխոսությունը օգնել է մեզ հաղթահարել շատ դժվարություններ և խորացրել է մեր փոխըմբռնումն ու վստահությունը: Միևնույն ժամանակ մենք միմյանց ավելի մոտ գտնվեցինք մեր մերձավորների համատեղ ծառայության միջոցով՝ հաճախ տառապանքի ու հալածանքի հանգամանքներում: Երկխոսության ու վկայության շնորհիվ մենք այլևս օտարականներ չենք: Ավելին, մենք սովորել ենք, որ այն, ինչը մեզ միավորում է, ավելի մեծ է, քան այն, ինչը մեզ բաժանում է:
Հակամարտությունից դեպի միություն
Քանի որ մենք խորապես երախտապարտ ենք Բողոքականության միջոցով մեր ընդունած հոգևոր և աստվածաբանական պարգևների համար, ուստի մենք նաև խոստովանում ու ողբում ենք Քրիստոսի առաջ, որ լյութերականներն ու կաթողիկէները վիրավորել են Եկեղեցու տեսանելի միությանը: Աստվածաբանական տարբերությունները առաջնորդվել են նախապաշարմունքով ու հակամարտություններով և կրոնը օգտագործվել է քաղաքական շահերի համար: Մեր ընդհանուր հավատն առ Հիսուս Քրիստոս և մեր մկրտությունը մեզանից պահանջում է ամենօրյա դարձ, որի միջոցով մենք ազատվում ենք պատմական անհամաձայնություններից ու հակամարտություններից, որոնք խոչընդոտում են հաշտության առաքելությանը: Քանի որ անցյալը փոխել չենք կարող, ուստի պետք է փոխել այն, ինչ հիշում ենք ու այն, թե ինչպես ենք հիշում: Մենք աղոթում ենք մեր վերքերի ու հուշերի բուժման համար, որոնք աղճատում են միմյանց հանդեպ ունեցած տեսակետները: Մենք կտրականապես մերժում ենք ատելությունն ու վայրագությունը, անցյալն ու ներկան, հատկապես, երբ այս ամենն արվում է հանուն կրոնի: Այսօր մենք լսում ենք Աստծո հրամանը՝ մի կողմ թողնելու հակամարտությունները: Մենք գիտակցում ենք, որ ազատվում ենք շնորհի միջոցով, որպեսզի ընթանանք դեպի միություն, որին և Տերը մեզ շարունակաբար կոչ է անում:
Մեր նվիրումը միասնական վկայությանը
Քանի որ մենք մի կողմ ենք թողել մեզ անհանգստացնող պատմական դրվագները, մենք խոստանում ենք միասին լինել Տիրոջ ողորմած շնորհի վկան, որը տեսանելի դարձավ խաչված ու հարություն առած Քրիստոսի շնորհիվ: Գիտակցելով, որ այն ձևով, որով մենք կապված ենք միմյանց հետ, ձևավորվում է մեր ավետարանական վկայությունը, մենք հանձն ենք առնում առաջ տանել միությունը, որը հիմնված է Մկրտության մեջ, քանի որ մենք փորձում ենք ազատվել մնացած խոչընդոտներից, որոնք խանգարում են մեզ ձեռք բերել ամբողջական միություն: Քրիստոս ցանկանում է, որ մենք լինենք մեկ, որ աշխարհը կարողանա հավատալ (Հվհ., 17:21):
Մեր համայնքների շատ անդամներ ձգտում են ստանալ Սբ. Հաղորդություն՝ մեկ սեղանի մոտ՝ որպես ամբողջական միության հստակ արտահայտություն: Մենք ապրել ենք այն մարդկանց ցավով, ովքեր կիսում են միմյանց ամբողջ կյանքը, սակայն չեն կարող կիսել Տիրոջ փրկարար ներկայությունը՝ Սբ. Հաղորդության սեղանի մոտ: Մենք ընդունում ենք մեր ընդհանուր հովվական պարտավորությունները, որպեսզի արձագանքենք մեր ժողովրդի հոգևոր ծարավին ու սովին, որպեսզի Քրիստոսով դառնանք միասնական: Մենք երկար ժամանակ սպասում ենք, որ Քրիստոսի Մարմնի այս վերքը բուժվի: Սա մեր էկումենիկ ջանքերի նպատակն է, որը մենք ցանկանում ենք առաջ մղել, նաև՝ թարմացնելով մեր նվիրվածությունը աստվածաբանական երկխոսության հանդեպ:
Մենք աղոթում ենք Աստծուն, որ կաթողիկէներն ու լյութերականները կարողանան միասին վկայել Հիսուս Քրիստոսի Ավետարանը՝ հրավիրելով մարդկությանը լսելու և ստանալու Տիրոջ փրկագործության բարի լուրը: Մենք Տիրոջն աղոթում ենք ոգեշնչման, քաջալերման և ուժի համար, որ կարողանանք ծառայության մեջ միասին լինել՝ պահելով մարդկային արժանապատվությունն ու իրավունքները, հատկապես, աղքատների համար՝ աշխատելով արդարության համար ու մերժելով բռնության բոլոր ձևերը: Տերը կոչ է անում մեզ մոտ լինել բոլոր նրանց, ովքեր ձգտում են արժանապատվության, արդարության, խաղաղության ու հաշտեցման: Այսօր, հատկապես, մենք բարձրացնում ենք մեր ձայնը, որպեսզի վերջ տանք բռնությանն ու ծայրահեղականությանը, որոնք հետևանքներ են թողնում շատ երկրների ու համայնքների վրա, և Քրիստոսի անթիվ քույրերի ու եղբայրների վրա: Մենք կոչ ենք անում լյութերականներին ու կաթողիկէներին միասին աշխատել՝ ընդունելու օտարին, օգնել այն մարդկանց, ովքեր հարկադրաբար փախչել են պատերազմի ու հալածանքի պատճառով և պաշտպանենք փախստականների ու նրանց իրավունքները, ովքեր ապաստարան են որոնում:
Ավելի քան երբևէ, մենք գիտակցում ենք, որ մեր համատեղ ծառայությունն այս աշխարհում պետք է ուղղված լինի նաև Աստծու արարչագործությանը, որը շահագործվում է և կրում անհագուրդ ագահության հետևանքները: Մենք ճանաչում ենք մեր ապագա սերնդի իրավունքները, որպեսզի վայելենք Աստծու աշխարհն իր բոլոր հնարավորություններով ու գեղեցկությամբ: Մենք աղոթում ենք սրտերի ու գաղափարների վերափոխման համար, որպեսզի սիրով ու պատասխանատվությամբ հոգ տարվի արարչագործության մասին:
Մեկ՝ ի Քրիստոս
Այս հանդիսավոր իրադարձությանը մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր ներկայացնում են քրիստոնեական աշխարհի տարբեր միություններն ու ընկերությունները, ովքեր ներկա են ու աղոթքով միանում են մեզ: Քանի որ պարտավորվում ենք հակամարտություններից շարժվել դեպի միասնություն, ուստի մենք սա անում ենք որպես մի մասը Քրիստոսի Մարմնի, Որում մենք միավորված ենք Մկրտության միջոցով: Մենք մեր էկումենիկ գործընկերներին հրավիրում ենք հիշեցնելու մեզ մեր ստանձնած հանձնառությունները և քաջալերել մեզ: Մենք խնդրում ենք նրանց շարունակել աղոթել մեզ համար, քայլել մեզ հետ, աջակցել մեզ՝ այսօր աղոթքով լեցուն պարտավորություններն իրականացնելու ժամանակ:
Կոչ անելով աշխարհի բոլոր կաթողիկէներին ու լյութերականներին
Մենք կոչ ենք անում բոլոր լյութերական ու կաթողիկէ համայնքներին իրենց հանձնառությունների մեջ լինել համարձակ ու ստեղծարար, երջանիկ և հույսով լի՝ շարունակելու մեր ճամփորդությունը: Անցյալի հակամարտությունների փոխարեն, Աստծո տված միության պարգևը կառաջնորդի դեպի համագործակցություն և կխորացնի մեր համերաշխությունը: Մոտենալով միմյանց՝ առ Քրիստոսի հավատքի մեջ, միասին աղոթելով, մեկմեկու լսելով, մեր հարաբերություններում Քրիստոսի սիրով ապրելով, մենք՝ կաթողիկէներս ու լյութերականներս, ինքներս մեզ բացում ենք Սբ. Երրորդության հզորության առջև: Արմատանալով Քրիստոսի մեջ և վկայելով Նրան՝ մենք նորացնում ենք մեր վճռականությունը՝ լինելու հավատարիմ ջատագովները՝ ողջ մարդկության հանդեպ Աստծո անսահման սիրո:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը