«Աստվածաբանական երկխոսությունը պետք է շարունակել… աստվածաբանական հարցերի տարբեր կերպով ընկալումների պատճառով առաջ գնալը հեշտ չի լինի»:
Քահանայապետը հարցազրույց է ունեցել La Civiltà Cattolica իտալական ամսագրի տնօրենի հետ՝ Շվեդիա կատարելիք էկումենիկ առաքելական ճամփորդությունից առաջ:
Շվեդիա այցի նպատակը բողոքական ռեֆորմացիայի սկզբնավորման 500-րդ տարելիցը նշելն է:
Խոսելով քրիստոնյա համայնքների միջև հնարավոր փոխադարձ հարստացման մասին՝ Քահանայապետին հարցրեցին, թե կաթողիկէներն ի՞նչ կարող են սովորել լյութերականներից:
Երկու բառ է գալիս իմ մտքին. «բարեփոխում» և «Ավետարան».– ասաց Քահանայապետը, ես կփորձեմ բացատրել: Առաջինը «բարեփոխում» բառն է: Սկզբում Լյութերի արարքը Եկեղեցու դժվար պահերին բարեփոխման քայլ էր: Լյութերը ցանկանում էր լուծում տալ բարդ իրադրությանը: Այս քայլը… դարձավ առանձնացման «վիճակ», այլ ոչ թե ողջ Եկեղեցին բարեփոխելու գործընթաց, որը հիմնարար է, քանի որ Եկեղեցին միշտ բարեփոխվում է»:
«Երկրորդ բառը «Ավետարանն» է, Աստծո խոսքը»- շարունակեց Քահանայապետը, Լյութերը մեծ քայլ կատարեց՝ Տիրոջ խոսքը մարդկանց փոխանցելով: Բարեփոխումն ու Ավետարանը այն երկու բաներն են, որի մեջ մենք կարող ենք խորանալ՝ նայելով Լյութերական ավանդույթին…
Սրբազան Քահանայապետին ուղղված վերջին հարցին, թե ինչպե՞ս կարող է Էկումենիկ շարժումը զարգանալ, նա պատասխանեց. «աստվածաբանական երկխոսությունը պետք է շարունակել… աստվածաբանական հարցերի տարբեր կերպով ընկալումների պատճառով առաջ գնալը հեշտ չի լինի»:
«Ես վստահ եմ, որ միասնական աղոթքի ու ողորմության գործերի նմատմամբ խանդավառությունը պետք է զարգացվի՝ այն աշխատանքը, որը միասին արվում է հիվանդներին, աղքատներին և բանտարկյալներին օգնելու համար»- ասաց Քահանայապետը: «Միասին գործեր անելը երկխոսության վեհ ու արդյունավետ ձև է: Ես մտածում եմ նաև կրթության մասին: Կարևոր է միասին աշխատելը, այլ ոչ թե աղանդավորական ձևով: Կա մի քաղաքականություն, որը մենք պետք է հստակ ունենանք ամեն դեպքում.հոգևոր դաշտում ստիպողաբար մարդկանց սեփական դավանանքի բերելը (proselytism) մեղք է»:
Թարգմանեց Նարինե Գալոյանը