• «Միկրովարկավորումը չպետք է դառնա աղքատների չարաշահման միջոց».ասել է Կարդինալ Թարկսոնը

    Հարկ է զարգացնել «ժամանակակից սոցիալական շուկայական տնտեսության»:


     

    Մարդկության ապագան պետք է կառուցվի աղքատների առաջատար դերի հիման վրա: Այդ մասին հայտարարեց՝ Պապական «Արդարություն և խաղաղություն» խորհրդի նախագահ Կարդինալ Փիթեր Թարկսոնը՝ III Եվրոպական միկրոֆինանսական ֆորումում իր ելույթի ընթացքում, որն անցկացվել է Հռոմում «Սոցիալական շուկայական տնտեսություն. վարկային հասանելիություն և պայքար աղքատության դեմ» թեմայով:

     

    Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է «մարդասիրական, սոցիալական առավել բազմակողմանի» առաջընթաց, որն առաջին պլան է մղում Եկեղեցու սոցիալական վարդապետության հիմնարար սկզբունքները՝ «համըդհանուր շահ, միասնականություն և օժանդակություն»: Կարդինալ Թարկսոնը՝ կրկնելով Ֆրանցիսկոս Պապի խոսքերը՝ «ժամանակակից սոցիալական շուկայական տնտեսության» կոչ արեց, որպեսզի դիմակայենք զանգվածային գործազրկությանը, աճող անհավասարությանը և էկոլոգիական հետընթացին: Կարևոր է, որ մարդկային անհատականությու՛նը լինի համակարգի «կենտրոնը», ուր բոլորը ներառնված են տնտեսական և սոցիալական կյանքում, որտեղ յուրաքանչյուր անձի ստեղծագործական դրսևորում բարձր է գնահատվում, պաշտպանվում ու պահպանվում է:

     

    Կարդինալն ընդգծեց այնպիսի միջոցների նշանակությունն, ինչպիսիք են միկրոֆինանսավորումն ու միկրովարկավորումը, որոնք ազդում են ոչ միայն տնտեսության, այլև՝ սոցիալական կյանքի և մշակույթի վրա: Կարդինալը նշեց, որ համերաշխությունն է հանդիսանում այս ամենի երաշխիքը, որը պահանջվում է սովորական վարկի համար՝ նպաստելով «փոխօգնության մշակույթի» զարգացմանը: Հենց համերաշխությունն է, որ աղքատներին տալիս է վստահություն այն բանի նկատմամբ, որ նրանք կկարողանան կատարել իրենց պարտականություւները՝ զգալով, որ ունեն հավասար արժանապատվություն՝ մյուս քաղաքացիների, սոցիալական առաջընթացի մասնակիցների հետ միասին: Այսպիսով, բնակչության աղքատ շերտերը կարող է առաջատար դեր խաղալ ազգային, տարածաշրջանային և համընդհանուր փոփոխություններում:

     

    «Մի՛ թերագնահատե՜ք ինքներդ ձեզ»,- կոչ արեց Ֆրանցիսկոս Պապը 2015թ. Բոլիվիայում ազգային շարժումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

     

    Ավարտելով իր ելույթը՝ կարդինալ Թարկսոնն ասաց.

     

    «Բարոյապես անընդունելի կլինի, որ այս միջոցները, որոնք խթան հանդիսացան աղքատների արժանապատվության բարձրացման համար, մի կողմ նետվեն՝ հօգուտ շահույթի ավելացման տրամաբանության, որը բնութագրում է բանկային ինդուստրիան իր ամբողջականությամբ: Իսկական ողբերգություն կլինի,- զգուշացրեց կարդինալը,- եթե ճգնաժամի հետ կապված, որի հետ բախվում են ավանդական վարկային ինստիտուտները տարբեր երկրներում, միկրովարկավորումը ի վերջո վերածվի մի հարմար միջոցի՝ ֆինանսական բիզնեսի ընդլայնման համար՝ չարաշահման նպատակով»:

     

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց