• Սուրբ Աթոռը նոր փաստաթուղթ է հրապարակել թաղման և դիակիզման կարգի մասին

    Եկեղեցին չի արգելում դիակիզման սովորությունը, բայց շարունակում է խրախուսել թաղման ավանդական սովորույթը:


     

    Հռոմի Սուրբ Աթոռի Հավատի վարդապետության վարչությունը 2016թ. հոկտեմբերի 25-ին  հրապարակեց հանգուցյալներին թաղելու և դիակիզման վերաբերյալ նոր ուղեցույց փաստաթուղթ:

     

    Փաստաթուղթը վերահաստատում է երկար ժամանակ գոյություն ունեցող այն տեսակետը, թե Եկեղեցին չի հակադրվում դիակիզման սովորությանը, բայց շարունակում է խրախուսել ավանդական սովորույթը, որ հանգուցյալների մարմինները թաղվեն գերեզմանատներում կամ այլ սրբավայրերում:

     

    Սակայն նոր փաստաթուղթը պնդում է, որ դիակիզումից հետո մոխիրը չպետք է պահել տներում, և որ մոխիրը հողում թաղելը կամ ծովում լցնելը չի թույլատրվում:

     

    Ստորև ներկայացնում ենք Հավատի վարդապետության վարչության նոր հրահանգի տեքստն՝ ամբողջությամբ

     

    (Ad resurgendum cum Christo՝ Դեպի հարությունը` Քրիստոսի հետ) ուղեցույցը՝ հանգուցյալի թաղման և դիակիզման դեպքում մոխրի պահպանման վերաբերյալ

     

    1.Քրիստոսի հետ հարություն առնելու համար մենք պետք է մեռնենք Քրիստոսի հետ. «Մենք պետք է դուրս գանք այս մարմնից և մտնենք Աստծու մոտ» (2 Կոր. 5:8 ):

     

    1963 թ. հուլիսի 5-ի Piam et Constantem հրահանգով, Սուրբ Աթոռը հաստատեց, որ «պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պահպանելու հավատացյալ հանգուցյալին պատկառանքով թաղելու սովորույթը», հավելելով, որ դիակիզումն «ըստ էության, չի հակասում քրիստոնեական կրոնին», և որ խորհուրդներն ու թաղման ծեսերը չպետք է արգելված լինեն այն մարդկանց համար, ովքեր խնդրել են, որ նրանց դիակիզեն, պայմանով, որ այդ ընտրությունը չի  կատարվել «քրիստոնեական դոգմայի ժխտման, թշնամանքի, կամ կաթողիկէ կրոնն ու եկեղեցին ատելու միջոցով»: Ավելի ուշ, այս փոփոխությունը  ներառնվեց Եկեղեցական կանոնագրքի  (1983) և Արևելյան Եկեղեցիների կանոնագրքի (1990) մեջ:

     

    Այդ տարիների ընթացքում դիակիզման սովորույթը շատ երկրներում զգալիորեն տարածվեց, սակայն դրա հետ մեկտեղ, նոր գաղափարները, որոնք հակասում էին եկեղեցական հավատքին նույնպես դարձան համատարած:

     

    Խորհրդակցելով Աստվածային Երկրպագության  Միաբանության հետ… Օրենսդրական տեքստերի քահանայապետական խորհրդի և մի շարք Եպիսկոպոսական համաժողովների, Արևելյան Եկեղեցիների Եպիսկոպոսների Սինոդի հետ, Հավատի վարդապետության միաբանությունը պատեհ համարեց նոր ուղեցույցի հրապարակումը` մտադրություն ունենալով ընդգծելու հավատացյալի աճյունի թաղման գերադասելիության վարդապետական և հովվական պատճառները և կարգ սահմանելով դիակիզման դեպքում մոխիրի պահպանման վերաբերյալ:

     

    2.Հիսուսի Հարությունը քրիստոնեական հավատքի գագաթնակետ ճշմարտությունն է, որը քրիստոնեության ծննդից ի վեր քարոզել են որպես Զատկի Խորհրդի կարևոր մի մաս. «որովհետեւ ես ձեզ աւանդեցի նախ այն, ինչը ես ինքս ընդունեցի. թէ՝ Քրիստոս մեռաւ մեր մեղքերի համար՝  ըստ Գրքերի եւ թէ՝ թաղուեց եւ թէ՝ յարութիւն առաւ երրորդ օրը՝ ըստ Գրքերի եւ երեւաց Կեփասին եւ ապա՝ Տասներկուսին» (1 Կոր. 15:3-5):

     

    Իր մահով ու Հարությամբ Քրիստոս մեզ ազատեց մեղքից և նոր կյանք մտնելու հնարավորություն տվեց. «որպէսզի, ինչպէս որ Քրիստոս մեռելներից յարութիւն առաւ Հօր փառքով, նոյնպէս եւ մենք քայլենք նոր կեանքով» (Հռ. 6:4): Բացի այդ, Քրիստոսի Հարությունը ապագա հարության սկզբունքն ու աղբյուրն է. «Բայց արդ, մեռելներից յարութիւն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին պտուղը. քանզի մի մարդով մահ եղաւ եւ մի մարդով՝ մեռելների յարութիւն» (1 Կոր. 15:20-22):

     

    Ճիշտ է այն, որ Հիսուս հարություն կտա մեզ վերջին օրը, բայց ճիշտ է նաև այն, որ որոշ կերպով մենք արդեն հարություն ենք առել Քրիստոսի հետ: Մկրտության մեջ, իրականում,  մենք ընկղմվում ենք Քրիստոսի մահվան ու Հարության  մեջ և խորհրդավոր կերպով միաձուլվում ենք Նրան. «Դուք էլ թաղուեցիք նրա հետ մկրտութեան մէջ՝ դրանով իսկ նրա հետ յարութիւն առաք՝ Աստծու զօրութեանը հաւատալով, որը նրան յարութիւն տուեց մեռելներից» (Կող. 2:12): Մկրտությամբ Հիսուսին միավորվելով` մենք արդեն մասնակցում ենք Հարուցյալ Հիսուսի կյանքին:

     

    Քրիստոսի շնորհիվ քրիստոնեական մահն ունի դրական իմաստ: Մահվան քրիստոնեական տեսությունը Եկեղեցու ծիսակատարության մեջ ստանում է առանձնահատուկ արտահայտություն: «Տե´ր, անշուշտ, քո հավատացյալների համար կյանքը փոխվել է, այլ ոչ թե վերջացել, և երբ այս երկրային բնակավայրը վերածվում է փոշու, ապա նրանց համար Երկնքում հավերժական բնակավայր է պատրաստվում»:

     

    Մահվանից հետո հոգին անջատվում է մարմնից, սակայն հարության ժամանակ Աստված մեր մարմնին անապական կյանք է տալու` վերափոխված մեր հոգու հետ վերամիացումով: «Քրիստոնյաների վստահությունը մեռյալների հարությունն է. այսպես հավատալով մենք ապրում ենք»:

     

    3.Հետևելով հնագույն քրիստոնեական ավանդությանը՝ Եկեղեցին հաստատակամորեն վստահեցնում է, որ հանգուցյալների մարմինները պետք է թաղել գերեզմանատներում կամ այլ սուրբ վայրերում:

     

    Ի հիշատակ մեռելոց, Տիրոջ թաղման ու Հարության՝ այն խորհրդի, որը լուսավորում է մահվան քրիստոնեական իմաստը, թաղումը, նախևառաջ, ամենապատշաճ ձևն է՝ արտահայտելու հավատքն ու հույսը մարմնի հարության հանդեպ:

     

    Եկեղեցին, որը, որպես Մայր, քրիստոնյային ուղեկցել է նրա երկրային ուխտագնացության ընթացքում, իր շնորհի զավակին տալիս է Հորը՝ Քրիստոսի մեջ, և հույսով երկրին է նվիրում սերմը քրիստոնյայի մարմնի, որ հարություն է առնելու փառքով:

     

    Հավատացյալի մարմինը թաղելով՝ Եկեղեցին հաստատում է իր հավատը՝ մարմնի հարության նկատմամբ, և նպատակ ունի ցույց տալու մարդու մարմնի մեծ արժանապատվությունը՝ որպես մարդ անհատի անբաժանելի մասնիկ, որը նրա ինքնության մի մասն է: Հետևաբար, նա չի կարող ողջունել այնպիսի վարվելակերպեր կամ թույլատրել այնպիսի ծեսեր, որոնք ներառում են մահվան մասին թյուր գաղափարներ, ինչպիսիք են, օրինակ, մահը համարելը մարդ անհատի բացարձակ ոչնչացում, կամ մայր բնության կամ տիեզերքի հետ միաձուլման պահ, կամ  վերածնման շրջանի մի փուլ, կամ էլ՝ մարմնի «բանտից» վերջնական ազատում:

     

    Ուրեմն, գերեզմանատանը կամ այլ սուրբ վայրերում թաղելը հավուր պատշաճի համապատասխանում է բարեպաշտությանն ու հարգանքին, որոնք պարտ է մեզ տածել  ննջեցյալների մարմինների հանդեպ, ովքեր Մկրտության միջոցով դարձել են Սուրբ Հոգու տաճարները, և որոնց մեջ՝ «որպես գործիքներ ու անոթներ», Սուրբ Հոգին իրականացրել է այնքան շատ բարի գործեր»:

     

    Տուբիան՝ արդար մարդը, գովաբանվեց Աստծո առաջ իր վաստակների համար, քանի որ թաղել էր մահացածներին, իսկ Եկեղեցին մահացածին թաղելը համարում է նյութական ողորմության գործ:

     

    Վերջապես, մահացածին գերեզմանատանը կամ այլ սուրբ վայրերում թաղելը քաջալերում է ընտանիքի անդամներին և ամբողջ քրիստոնեական համայնքին, որպեսզի նրանք աղոթեն հանգուցյալի համար և հիշեն նրան՝ միևնույն ժամանակ խթանելով նահատակների ու սրբերի նկատմամբ հարգանքը:

     

    Մահացածին գերեզմանատանը, եկեղեցիներում կամ եկեղեցիներին կից տարածքներում թաղելու միջոցով, քրիստոնեական սովորույթը պահել է մահացածի և կենդանի մարդու միջև եղած կապը, և հակադրվել է մահվան փաստը ու քրիստոնյաների համար դրա ունեցած նշանակությունը  արժեզրկելու կամ զուտ անձնական ոլորտի մեջ սահմանափակելու ցանկացած միտմանը:

     

    4.Այն հանգամանքներում, երբ ընտրում են դիակիզումը՝ ելնելով սանիտարական, տնտեսական կամ հասարակական նկատառումներից, այս ընտրությունը երբեք չպետք է անտեսի հանգուցյալ հավատացյալի հստակորեն նշված կամ ողջամտորեն պատճառաբանված ցանկությունները: Եկեղեցին ոչ մի վարդապետական առարկություններ չունի դիակիզման սովորության դեմ, քանի որ հանգուցյալի մարմնի կիզումը չի ազդում մարդու հոգու վրա և ոչ էլ կանխում է Ամենակալ Աստծուն՝ մահացած մարմնին նոր՝ հարուցյալ կյանք տալ:  Այսպիսով, դիակիզումը ինքնին օբյեկտիվորեն չի հակասում ո´չ հոգիների անմահության, ոչ էլ մարմնի հարության մասին քրիստոնեական վարդապետությանը:

     

    Եկեղեցին շարունակում է նախընտրել հանգուցյալի մարմինը թաղելու սովորույթը, քանի որ սա հանգուցյալի նկատմամբ ավելի մեծ հարգանքի նշան է: Ուստի, դիակիզումն արգելված չէ այնքան ժամանակ, «մինչև որ այն չի ընտրվում հակառակ քրիստոնեական վարդապետության»:

     

    Քրիստոնեական վարդապետությանը հակասող շարժառիթների բացակայության դեպքում, Եկեղեցին թաղման արարողակարգի ավարտից հետո, ուղեկցում է դիակիզման ընտրությանը՝ ապահովելով համապատասխան ծիսական ու հովվական ցուցումներ, և առանձնահատուկ կերպով հոգ է տանում այն մասին, որ խուսափի ամեն տեսակ գայթակղություններից կամ կրոնական անտարբերության տպավորությունից:

     

    5.Երբ, ընդունելի շարժառիթներով ընտրվում է դիակիզումը, հավատացյալի դիակի մոխիրը պետք է զետեղվի մի սուրբ վայրում, օրինակ՝ գերեզմանատանը, կամ որոշ դեպքերում եկեղեցում, կամ մի տարածքում, որը հատուկ հատկացված է այս նպատակով, և պատկանում է համապատասխան եկեղեցական իշխանությանը:

     

    Հին ժամանակներից ի վեր, քրիստոնյաները ցանկացել են, որպեսզի քրիստոնեական համայնքները աղոթեն իրենց հանգուցյալների համար ու հիշեն նրանց: Հանգուցյալների գերեզմանները դարձել են աղոթքի, հիշատակի և խորհրդածության վայրեր: Հանգուցյալ հավատացյալները մնում են Եկեղեցու մի մասը.Եկեղեցին հավատում է Քրիստոսի բոլոր հավատացյալների հաղորդությանը, նրանց, ովքեր ուխտավորներ են երկրի վրա, մահացածների, ովքեր մաքրագործվում են, և Երկնքում գտնվող երանելիների, ովքեր  բոլորը միասին կազմում են մեկ Եկեղեցի»:

     

    Հանգուցյալի մոխրի պահպանությունը սուրբ վայրում հաստատում է, որ  նրանք զրկված չեն աղոթքներից և իրենց ընտանիքի կամ քրիստոնեական համայնքի հիշողությունից: Այն չի թողնում, որ հանգուցյալները մոռացության մատնվեն, կամ նրանց աճյունի հանդեպ հարգանքի բացակայութուն լինի, որը շատ հնարավոր է, և հատկապես՝ այն դեպքում երբ, հանգուցյալներին հաջորդող առաջին սերունդը նույնպես մահացել է: Այն նաև կանխում է բոլոր անպատշաճ կամ սնահավատ սովորություն:

     

    6.Վերը նշված պատճառներից ելնելով՝ հանգուցյալի դիակի մոխիրը տանը պահել չի թույլատրվում: Միայն ծանր և բացառիկ դեպքերում, որոնք կախված են տեղի բնության մշակութային պայմաններից, տեղի առաջնորդ եպիսկոպոսը, Եպիսկոպոսական համաժողովի կամ Արևելյան Եկեղեցիների եպիսկոպոսական սինոդի հետ համաձայնության գալով, կարող է թույլատվություն տալ՝ հանգուցյալի մոխիրը տանը պահելու համար: Այդուհանդերձ, մոխիրը չպետք է բաժանվի ընտանիքի տարբեր անդամների միջև և պետք է պահպանել պատշաճ հարգանքը՝ ելնելով պահպանման նման հանգամանքներից:

     

    7.Որպեսզի խուսափենք ամեն տեսակի պանթեիզմից, նյութապաշտությունից և նիհիլիզմից, հավատացյալ հանգուցյալի մոխիրը չի թույլատրվում շաղ տալ օդում, հողի վրա, ծովում, կամ մեկ այլ ձևով, ոչ էլ պետք է պահել հուշանվերի, զարդեղենի կամ էլ այլ առարկաների մեջ: Այս գործողությունները չեն կարող ընդունելի համարվել՝ պատճառաբանվելով սանիտարական, սոցիալական կամ տնտեսական շարժառիթներով, որոնք կարող են դարձած լինել դիակիզման համար ընտրության առիթ:

     

    8.Երբ հանգուցյալը հանրահայտ կերպով խնդրել է դիակիզում և իր դիակի մոխրի շաղ տալը՝ ելնելով այնպիսի նկատառումներից, որոնք հակասում են քրիստոնեական հավատքին, ապա այդպիսի մեկի համար քրիստոնեական թաղումը պետք է մերժվի՝ ըստ օրենքի նորմերի:

     

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, 2016թ.մարտի 18-ին ներքոստորագրյալ կարդինալին շնորհած ունկնդրության ժամանակ, վավերացրեց տվյալ ուղեցույցը, որն ընդունվեց 2016թ.մարտի 2-ին, այս վարչության խորհրդի հերթական նիստում, և հանձնարարեց դրա հրապարակումը:

     

    Հռոմ, Հավատքի վարդապետության վարչության գրասենյակ,

    15 օգոստոսի, 2016թ,  տոն Երանելի Կույս Մարիամի Վերափոխման,

     

    Կարդինալ Գերհարդ Մյուլլեր, նախագահ

    Լուիս Ֆ. Լադարիա, Թիբիքայի տիտղոսավոր արքեպիսկոպոս, քարտուղար

     

    Անգլերենից թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

     

Օրացույց

Օրացույց