«Այս պահին Զմմառում կան երեսունից ավելի հնատիպ գրքեր, որոնք բացի մեզ մոտ լինելուց, ոչ մի տեղ չկան»
2016թ.հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի է ունեցել «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովի հանդիսավոր բացումը: Այս տարվա գիտաժողովը նվիրված էր հայերեն առաջին Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին: Համաժողովի կազմակերպիչներն են Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի Ազգային գրադարանը:
ՀՀ Մշակույթի նախարարության հրավերով, համաժողովին մասնակցել է Հայ Կաթողիկէ Պատրիարքության Զմմառի վանքի գրադարանապետ, թանգարանապետ և ընդհանուր քարտուղար Հոգեշնորհ Հ. Մովսես վրդ. Տոնանյանը, ով սիրով համաձայնեց մեզ հետ կիսվել համաժողովից ստացած իր տպավորություններով:
-Հայր Մովսես, արդեն տեղեկացանք, որ Հայաստանում եք հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով: Առաջին անգա՞մ եք մասնակցում այս համաժողովին:
-Էջմիածնի և ազգային գրադարանի կողմից ստացել եմ հրավեր՝ մասնակցելու 2012 թվականից անցկացվող գրադարանների միջազգային չորրորդ համաժողովին, ասեմ, որ սա իմ երրորդ մասնակցությունն էր: Այս համաժողովին ակտիվ ներգրավված են սփյուռքի մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ: Բացի Երևանից ու մարզերից, համաժողովի մշտական մասնակիցներն են Լիբանանի, Պոլիսի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, ԱՄՆի և ևրոպական շատ այլ երկրների հայկական գաղութների ներկայացուցիչները: Համաժողովի ընթացքում յուրաքանչյուրս զեկույց ենք ներկայացնում մեր կենտրոնի գրադարանի մասին,ներկայացնում ենք առանձնահատկություններն ու խնդիրները:
-Խնդրում ենք անդրադառնալ Զմմառի պատմամշակութային լրջագույն ժառանգությանը և համաժողովին ներկայացրած Ձեր զեկույցի թեմային:
-Գիտեք, որ Զմմառի վանքը բավականին հին կառույց է՝1840թ., ունի ծրագրերի հավաքածու ինչպես վաղ, այնպես էլ նոր շրջանի գրքերով համալրված: Գրականությունը հիմնականում հայերել լեզվով է, սակայն կան նաև օտարալեզու գրքեր: Այստեղ կան շուրջ 2000 ձեռագրեր, որոնցից 200 օտար լեզուներով՝ արաբերեն, ասորերեն, պարսկերեն և այլն։ Միջին Արևելքի հայկական մեծագույն գրադարաններից մեկն է, ունի շուրջ 30000 հատոր գիրք, որոնցից մեծ մասը հայերեն գրքեր են՝ հայկական առաջին տպագիր օրինակներից մինչև Հայաստանի նորագույն հրատարակությունները։ Հայալեզու գրքերից բացի այստեղ կան բազմաթիվ օտար լեզուներով շատ հին և արժեքավոր հրատարակություններ, որոնցից մի քանիսը հազվագյուտ են։ Մատենադարանն ամեն տարի համալրվում է նորանոր հրատարակություններով։ Ձեռագիր ու տպագիր գրքերից բացի Զմմառի վանքն ունի նաև զույգ դիվաններ։ Մայրավանքի դիվանատան պարունակյալ շուրջ 600 տուփերում պահպանվում են գրեթե երկուսուկեսդարյա միջինարևելյան պատմությանը վերաբերող փաստաթղթեր, ազգային-եկեղեցական պատմությանն առնչվող վավերաթղթեր, օրագրություններ, միաբանների կենսագրություններ, կալվածաթղթեր, կոնդակներ, պետական պաշտոնագրեր, նամակներ և բազմաթիվ այլ մեծարժեք թղթածրարներ։
Չորրորդ համագումարի ընթացքում ներկայացրեցի մեր Վանքում 2015–2016թվականների ծավալած աշխատանքների մանրամասնությունները՝կապված գրադարանի թվայնացման աշխատանքների հետ:
Զեկույցս մասնավորապես Զմմառի հնատիպ գրքերի ցուցակագրման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին էր,որի մասին խոսել էի նաև նախորդ տարիներին: Գրքերի և մատյանների ցուցակագրումը կարևոր նախապատրաստական քայլ է միջգրադարանային համագործակցության համար, որը փորձում ենք արդյունավետ դարձնել մի հետաքրքիր գաղափարով՝ ստեղծել համահայկական էլեկտրոնային գրականության շտեմարան, որի մեջ կտեղադրվեն աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայկական հնատիպ արժեքավոր գրքերի թվայնացված տարբերակները թե՛ գրադարաններից, թե՛ անհատ մարդկանց հավաքածուներից: Սա կլինի ոչ միայն անփոխարինելի համացանցային մատենադարան, հոգևոր և աշխարհական գրականության գանձարան, այլև՝ համագործակցության հիանալի մի դաշտ, որտեղ գրադարանները իրենց ռեսուրսներով կօգնեն միմյանց, կիմանան, թե որն է արդեն թվայնացված, կրկնակի աշխատանք չեն կատարի և կփոխանակվեն գրականությամբ՝ համալրելով իրենց գրական հարստությունը:
Այս պահին Զմմառում կան երեսունից ավելի հնատիպ գրքեր, որոնք բացի մեզ մոտ լինելուց, ոչ մի տեղ չկան: Ազգային գրադարանից փափագ հայտնեցին, որ այդ հնատիպները արագ թվայնացնենք, որ իրենք ևս կարողանան օգտվել այդ եզակի նմուշներից:
Մեծի Տանն Կիլիկիո գրադարանում այս տարի թվայնացրեցինք երկու կտոր գիրք, ցավոք մենք չունենք թվայնացնող սարքը: Մեր աշխատանքներն ուշանում են միջոցների և մասնագետների սղության պատճառով:
Կարող ենք փաստել, որ համաժողովը ծառայեց իր նպատակին՝ ստեղծելով տարբեր գրադարանների փոխհամագագործակցության նոր եզրեր, համաժողովը խթանեց նաև ապագայում նոր ծրագրերի պայմանավորվածություններ ձեռք բերելուն:
-Հայր Մովսես, համաժողովը առիթ դարձավ, որ դուք ևս մեկ անգամ այցելեք Հայաստան: Ինչպիսի՞ փոփոխություն եք տեսնում Հայ Կաթողիկէ թեմում: Արդյո՞ք ակներև են թեմում տարված աշխատանքները:
-Այո, համաժողովն էր առիթը Հայաստան այցելելուս, որտեղ առաքելությամբ երկար ժամանակ եմ գտնվել, եղել եմ Գյումրու և շրջակա գյուղերի, նաև Տաշիրի և շրջակա գյուղերի հայ կաթողիկէների ժողովրդապետ, մեծ ուրախությամբ եմ ամեն անգամ վերադառնում այստեղ:
1998թվականին երբ եկա այստեղ, հոգևորականների խիստ սակավություն կար, անչափ ուրախալի է, որ թեմն այսօր համալրված է երիտասարդ հոգևորականներով, նաև եկեղեցաշինությունն է լայն թափով առաջ գնացել: Տարիներ ի վեր Գյումրին չուներ առաջնորդանիստ եկեղեցի և այժմ տեսնելով Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ հոգու ցնծություն եմ ապրում: Սա նշանակում է, որ Հայ Կաթողիկէ Եկեղեցին զորանում է, աճում է…սա այլևս փաստ է, որը շարունակական է լինելու:
Հարցազրույցը վարեց Աննման Մինասյանը