Ուկրաինան հարգանքի տուրք է մատուցում նահատակված հայ կաթողիկէներին:
Ինչպես հայտնում է Обозреватель լրատվական կայքը,
Ուկրաինայի Գերագույն Ռադան հայտարարել է Արևմտյան Ուկրաինայում խորհրդային ռեժիմի կողմից Հայ Կաթողիկէ Եկեղեցու լուծարման 70-ամյա ողբերգական տարելիցը հարգելու անհրաժեշտության մասին:
Ռադայի №5255 նախագծին համապատասխանող որոշմանը կողմ է քվեարկել 240 պատգամավոր՝ 450-ից:
Ընդունված փաստաթղթի տեքստում նշվում է, որ 1945թ-ին Արևմտյան Ուկրաինայում սկսվեցին արևելյան կաթողիկէ եկեղեցիների զանգվածային ավերումներ: Հայ Կաթողիկէ Եկեղեցին նրանց շարքում առաջիններից մեկն էր: Ըստ պատմական աղբյուրների, Լվովի հայ կաթողիկէ արքեպիսկոպոսական թեմի կործանման վերջնական տարեթիվը համարում են 1946թ. հոկտեմբերի 25-ը:
«Պատմական հիշատակը պահպանելու և Ուկրաինայի սահմանադրությամբ հռչակված դավանանքի ազատության և ազգային փոքրամասնությունների իրավունքների սկզբունքները հաստատելու նպատակով, կրոնական և էթնիկ դրդապատճառներով ցանկացած հետապնդում քննադատելու համար Ուկրանայի Գերագույն Ռադան վճռել է 2016թ. հոկտեմբերի 25-ին հիշատակել Արևմտյան Ուկրաինայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու լուծարման 70-ամյա տարելիցը», – ասված է տեքստում:
Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի որոշման համաձայն, հանձնարարվել է միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում անցկացնել դասընթացներ՝ Արմ. Ուկրաինայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու լուծարման թեմայի վերաբերյալ:
Ռադան հանձնարարել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիային համակարգել Արմ. Ուկրաինայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու ոչնչացման ուսումնասիրության աշխատանքները:
Ըստ պատմական աղբյուրների, XX դարի առաջին կեսին Գալիչինայում կային 5,5 հազար հայ կաթողիկէներ: Նրանք ունեցել են 9 ծխական եկեղեցի, 16 մատուռ, քույր բենեդիկտյանների մենաստանը Լվովում: Լվովում հայ կաթողիկեների արքեպիսկոպոսարանը գտնվել է Վատիկանի անմիջական ենթակայության տակ և գոյատևել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, երբ կործանվել է խորհրդային իշխանությունների կողմից:
Ի հիշատակ Արմ. Ուկրաինայում կործանված Հայ Կաթողիկէ Եկեղեցու նահատակների, 2016թ. հոկտեմբերի 25-ին Ուկրաինայի տարբեր վայրերում կազմակերպվել են հիշատակի միջոցառումներ և պաշտամունքային արարողություններ:
Այս մասին հայտնում է AnalitikaUA.net կայքը՝ հղում կատարելով Ուկրաինայի հայերի Միության մամլո ծառայությանը:
Կիևի Ս. Ալեքսանդր կաթողիկէ եկեղեցում տեղի է ունեցել միջեկեղեցական աղոթք՝ ի հիշատակ Արմ. Ուկրաինայում նահատակված հայ կաթողիկէ զոհերի:
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Կնյաժինը, Ուկրաինայում հայերի Միության գործադիր տնօրեն Դավիդ Մկրտչյանը, կիևյան հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանը, Ուկրաինայում ազգային համայնքների Միության նախագահ Աշոտ Ավանեսյանը, ինչպես նաև մայրաքաղաքի Կաթողիկէ լատին ծեսի և Հայ Առաքելական եկեղեցիների հավատավոր ժողովուրդը, հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, աղոթքի արարողություններ են անցկացվել նաև Օդեսայի, Լվովի, Զապորոժեյի, Խարկովի, Չերնովեցի, Չերկասի և երկրի այլ քաղաքների եկեղեցիներում՝ նվիրված Արմ. Ուկրաինայում հալածանքների զոհ դարձած հայ կաթողիկէների հիշատակին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայում հայերի Միության նախագահ Վիլեն Շատվորյանն ընդգծել էր, որ Գերագույն Ռադայի որոշումը՝ հիշատակել Ուկրաինայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու նահատակության 70-ամյակը, կարևոր քայլ է հանդիսանում:
«Մենք գնահատում ենք Ուկրաինայի քաղաքական գործիչների հոգատար վերաբերմունքը հայերի պատմության նկատմամբ: Ուկրաինայի Խորհրդարանի որոշումը կարևոր պատմական գնահատանք է: Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում արդար գնահատական կստանան մեզ հուզող բոլոր իրադարձությունները».ասել է Շատվորյանը:
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը