• Կենտրոնացեք՛ ոչ թե կազմակերպչական մեխանիզմների, այլ՝ Սուրբ Հոգու առջև խոնարհության վրա

    Սուրբ Հոգուն հնազանդ լինելն է, որ մեզ օգնում է աճել և թթխմորի ու սերմի նման վերափոխվել:


    2016թ.հոկտեմբերի 25-ին Սրբազան Քահանայապետն իր առավոտյան քարոզի ժամանակ ասաց, որ Աստծո Թագավորությունը աճում է իր անդամների միջոցով՝ ովքեր հնազանդություն են ցուցաբերում, և զգուշացրեց չափազանց շատ չկենտրոնանալ կառուցվածքների ու կազմակերպչական ցուցակների վրա:

     

    Սրբազան Քահանայապետն իր քարոզի ընթացքում խորհրդածեց Աստծո Թագավորության մասին՝ ասելով, որ այն անշարժ կառուցվածք չէ, այլ անընդհատ զարգանում է, և նկարագրելով, թե ինչն է օգնում, որպեսզի այն աճի: Նա նշեց, որ Տիրոջ Օրենքը միայն սովորելու համար չէ, այլ այն՝ մեր կյանքի ընթացքում դրա հետ միասին առաջ ընթանալու  համար է:

     

    «Ի՞նչ է Տիրոջ Թագավորությունը: Հավանաբար, Աստծո Թագավորությունը լավ պատրաստված կառույց է, ամեն ինչ կոկիկ է, բոլոր կազմակերպչական ցուցակները պատրաստված են, ամեն ինչ, և այն մարդը, ով չի մտնում այս կառուցվածքի մեջ՝ Աստծո Թագավորության մեջ չէ: Ո´չ, նույն բանը կարող է պատահել Աստծո Թագավորության հետ, ինչպես որ պատահում է Օրենքի հետ. անփոփոխ, բծախնդիր օրինապահություն… Օրենքը առաջ շարժվելու մասին է, Աստծո Թագավորությունը՝ առաջ շարժվելն է, այլ ոչ թե՝ հանգիստ կանգնելը: Ավելին.  Աստծո Թագավորությունը ամեն օր վերստեղծում է ինքն իրեն»:

     

    Քահանայապետը հիշեցրեց, թե ինչպես է Հիսուս իր առակում մեր առօրյայի մասին խոսում այն թթխմորի մասին, որը թթխմոր չի մնում, այլ վերջում խառնվում է ալյուրի հետ, և հետևաբար այն ճամփորդում է և դառնում է հաց: Եվ ապա սերմը, որ սերմ չի մնում, այլ մահանում է և  կյանք է տալիս ծառին: «Ե´վ թթխմորը, և´ սերմը ինչ-որ բան անելու համար ճամփորդում են, սակայն որպեսզի անեն դա՝ նրանք մահանում են».- բացատրեց Քահանայապետը: Սա փոքրության խնդիր չէ, այն կարող է լինել փոքր, աննշմար, կամ մի մեծ բան: Սա ճանապարհորդելու խնդիր է և այս ճամփորդության ընթացքում տեղի է ունենում վերափոխում:

     

    Քահանայապետը շարունակեց՝ քննադատելով այն մարդուն, ով տեսնում է Օրենքը,  սակայն չի ճամփորդում դեպի առաջ և ունի խստասիրտ վարվելակերպ:

     

    «Ո՞րն է այն վարվելակերպը, որ Տերը խնդրում է մեզանից, որպեսզի Աստծո Թագավորությունը կարողանա աճել և հաց լինել բոլորի համար, և որը նույնպես տուն է բոլորի համար: Խոնարհությու՜ն: Աստծո Թագավորությունը աճում է՝ Սուրբ Հոգու զորությանը հնազանդ լինելով: Ալյուրը դադարում է ալյուր լինել և դառնում է հաց, քանի որ այն հնազանդ է թթխմորին և թթխմորն էլ իրեն թույլ է տալիս խառնվել ալյուրի հետ… Չգիտեմ, ալյուրը զգացմունքներ չունի, սակայն թույլ տալով ինքն իրեն խառնվել ինչ-որ բանի հետ, մարդիկ կարող են մտածել, որ այստեղ որոշակի տառապանք կա, այնպես չէ՞: Բայց Թագավորությունը ևս, Թագավորությունը այսպես է աճում և ապա, վերջում այն հաց է դառնում բոլորի համար»:

     

    «Այնպես, ինչպես ալյուրն է հնազանդ թթխմորին, սերմը ևս բեղմնավորվում է և կորցնում իր ինքնությունը՝ որպես սերմ և դառնում է ավելի մեծ ինչ-որ բան. այն վերափոխում է ինքն իրեն».-շարունակեց Քահանայապետը: Նույնը Աստծո Թագավորության դեպքում է, որը ճամփորդում է «դեպի հույսը», և «ճամփորդում՝ դեպի ամբողջականությունը»:

     

    Ասելով, որ Աստծո Թագավորությունը վերստեղծում է ինքն իրեն ամեն օր՝ Քահանայապետը նշեց, որ Թագավորությունը աճում է մեր՝ Սուրբ Հոգուն հնազանդ լինելու միջոցով, ինչպես մի պտղունց թթխմորը կամ մանր սերմն են իրենց վերափոխում՝ որպեսզի աճեն: Նա զգուշացրեց, որ եթե քրիստոնյաները չեն ճամփորդում առաջ, ապա նրանք դառնում են բծախնդիր օրինապահ և այս օրինապահությունը նրանց դարձնում է որբեր, ովքեր Հայր չունեն:

     

    «Օրինապահ մարդը միայն տերեր ունի, այլ ոչ թե հայր: Աստծո Թագավորությունը նման է մի մոր, որն աճում է և պտղաբեր է, զոհաբերում է ինքն իրեն, որպեսզի նրա զավակները սնունդ և կացարան ունենան՝ ըստ Տիրոջ օրինակի: Այսօր այն օրն է, որ մենք Սուրբ Հոգուց պետք է խնդրենք խոնարհության շնորհը: Շատ անգամ մենք հնազանդ չենք եղել մեր տրամադրությանը, մեր դատողություններին: «Սակայն ես անում եմ այն, ինչ  ուզում եմ»: Ո´չ Թագավորությունը, ո´չ էլ մենք նման ձևով չենք աճում: Սուրբ Հոգուն հնազանդ լինելն է, որ մեզ օգնում է աճել և թթխմորի ու սերմի նման վերափոխվել: Թո´ղ Տերը մեզ բոլորիս տա այս հնազանդության շնորհը»:

     

    Նարինե Գալոյան

Օրացույց

Օրացույց