• Հայաստան այցելեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն Մեծ Վարպետը

    «Մենք մարդասիրական օգնության ծրագրեր ունենք ձեր երկրում»:


    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով շաբաթ երեկոյան Հայաստան է ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը: Նա հայտնել է, որ 900 տարիների ընթացքում սա Մալթայի ուխտի վարպետի  առաջին  այցն է  Հայաստան։

     

    «Պատմության մեջ շատ քիչ ազգեր կան, որ այդքան հին են, որքան՝ դուք: Եվ պատահական չէ, որ դուք հայտնի եք՝ որպես ամենահին քրիստոնյա ժողովուրդ, և մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի պատմության մեջ եղել են նաև ողբերգություններ: Այսօր կեսօրից հետո իմ պարտականությունն եմ համարում այցելել հուշահամալիր և հարգանք մատուցել 1915-1922թթ ողբերգական իրադարձությունների զոհ գնացած սուրբ նահատակների հիշատակին»,-նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մեթյու Ֆեսթինգը:

     

    Նա նաև նշել է, որ Մալթայի Ուխտը ցույց տվեց իր հանձնառությունը Հայաստանին՝ օգնելով փախստականներին 1988 թվականին, երբ  երկիրը տուժեց ահավոր երկրաշարժից:

    19615_b

    «Մենք մարդասիրական օգնության ծրագրեր ունենք ձեր երկրում, օրինակ, Էջմիածնում՝ մանկատունը, Դիլիջանում՝ առողջարանը և այստեղ՝ Երևանում էլ մենք աշխատանքներին մասնակցում ենք: Կարծում եմ, որ այս այցը հնարավորություն կտա ամրապնդել այն պատմական կապերը, որ կան Մարտական Ուխտի և Հայաստանի Հանրապետության միջև»,-ասել է  Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը և  շեշըել է, հույս ունի, որ կարող են շարունակել  համագործակցությունը, ինչպես նաև այն աշխատանքները, որ Ուխտը կատարում է Հայաստանում:

     

    «Ես հավատացած եմ, որ այս այցը Հայաստան հնարավորություն կտա մեզ շարունակելու կառուցել մեր միջև արդեն իսկ առկա արտակարգ հարաբերությունները: Մենք կարողանալու ենք բարելավել կյանքը և կենսապայմանները նրանց, ովքեր կարիքի մեջ են»,-ասել է  նա՝ շնորհակալություն հայտնելով նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար:

     

    Նախագահ Սարգսյանն ու Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆեսթինգը խոսել են Հայաստանի և Հռոմի Սբ. Աթոռի միջև գոյություն ունեցող կապերի, այդ թվում Հռոմի Սրբազան Պապի կողմից Հռոմում 2015 մատուցված Սբ.Պատարագի մասին, ի հիշատակ 1915-ի անմեղ զոհերի, իսկ Հռոմի Սրբազան Պապի այցը  միջեկեղեցական ամուր կապերի խորացման փայլուն օրինակ էր, ինչպես ասաց Ֆեսթինգը:

     

    Առանձնահատուկ դատապարտվեց Սիրիայում քրիստոնյաների՝ հալածանքների ենթարկվելու փաստը, կողմերը պատրաստակամություն հայտնեցին ամեն կերպ նեցուկ լինել Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին օգնելու հարցում:

     

    Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆեսթինգը այցելեց  նաև Սբ. Էջմիածին, խոսեց քույր Եկեղեցիների կապերի ամրապնդման մասին, ինչից հետո այցելեց Երևանի Սբ.Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ ժողովրդապետություն, ծանոթացավ Հայաստանում Հայ Կաթողիկէ Եկեղեցու պատմության դրվագտների ու մասնակցեց Սբ. Պատարագի, որը մատուցվեց ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդական փոխանորդ Հ. Մեսրոպ ծայրագույն թագադիր վարդապետ Սուլահյանի և առընթերակայությամբ Հ. Նարեկ վրդ. Մնոյանի և Տ. Կոմիտաս քհն. Դավեյանի:

    14799909_956216074490280_756185003_o

    Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը կաթողիկէ միաբանություն է, որը հիմվել է 1099թ.՝ Երուսաղեում Երանելի Ասպետ Գերարդի կողմից: Կենտրոնը Հռոմի Պալացցո Մալթան է: Այս կրոնական միաբանության առանձնահատկությունն այն է, որ զինվորական բնույթ ունի և ասպետական պետություն է, միջազգային իրավունքի սուբյեկտ՝ առանց փաստացի տարածքի. ունի միայն երկու ամրոց և մի քանի վիլլա, որոնք Իտալիայի տարածքում են։ Ֆրա Մեթյու Ֆեսթինգն ունի անսահմանափակ լիազորություններ: Հռոմի Սրբազան Քահանայապետը միաբանության Մեծ Վարպետին կարդինալի աստիճան է շնորհել:

     

    Այս Ուխտի գործունեությունը բարեգործությունն է՝ «Կաթողիկէ հավատքի պաշտպանություն և օգնություն աղքատներին (Tuitio fidei et obsequium pauperum) կարգախոսով: Միջին դարերում միաբանությունը զենքով պաշտպանել է Երուսաղեմի քրիստոնյաներին մահմեդական զավթիչներից, մասնակցել Խաչակրած արշավանքներին: Ուխտը ինքնանկախ է ճանաչվել 1113թ.՝ Հռոմի Պասխալիուս Բ Սրբազան Քահանայապետի կողմից: Սրբուհի Աստվածածինը Ուխտի պահապանն է:

    14799961_956222067823014_1895512953_o

    Որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, այն մշտական դիտորդ ունի նաև ՄԱԿ-ում, թողարկում է իր առանձին անձնագրերը, դրամական միավորը: Ուխտն ունի երեք բրիգադից բաղկացած զինվորական գունդ, որը տեղակայված է Իտալիայի տարբեր վայրերում և միավորված է Իտալիայի բանակի հետ: Միաբանությունն ունի 13.500 ասպետ և ասպետուհիներ, գործատու է 25.000 բժիշկների, բուժքույրերի, ունի մոտ 80.000 կամավորական, գործում է մոտ 120 երկրներում, բարեսիրական օգնություն տրամադրում երեխաների, անտունների, հաշմանդամների, փախստականների, ծերերի, հիվանդների, բորոտների:

     

    Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը ծրագրեր է իրականացնում նաև Հայ Կաթողիկէ Եկեղեցու համայնքներում՝ համագործակցելով Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի և մյուս հայ կաթողիկէ հոգևորականների:

     

    Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը 2015թ. Լեհաստանում ծառայող Մալթայի միաբանության անդամ, ռեկտոր Հ. Հենրիկ Բլաշչիկի կողմից պարգևատրվեց Ուխտի աջակից կամավորական խմբի անդամության իրավունքով: Հ. Հենրի Բլաշչիկը Կլոբարկում ծառայում է նաև հայ կաթողիկէների հոգևոր կարիքների համար:

    Աննման Մինասյան

Օրացույց

Օրացույց