• Հայկական Կարիտասն իրականացնում է երեխաների պաշտպանվածության նոր քաղաքականություն

    Մշակվում և իրականացվում են սոցիալական աշխատանքի մոդելներ, որոնք կարող են օրինակելի լինել ոլորտում աշխատող այլ կազմակերպությունների և պետական կառույցների համար:


     

    Հայ Կաթողիկէ Եկեղեցու ողորմածության և մարդասիրության դրսևորումը արտահայտվում է նաև Եկեղեցու սոցիալական ծրագրերն  իրականացնող  Հայկական Կարիտաս հասարակական  կազմակերպության  գործունեության մեջ, որն ամուր հիմքեր ունեցող կազմակերպություն է`  հստակ  սահմանված  առաքելությամբ  և   ռազմավարական ուղղություններով:

     

    Հայկական Կարիտասն անմիջականորեն ներգրավված է Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքների մեջ և այս պահին ունի չորս «Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոններ Հայաստանի տարբեր քաղաքներում` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար և «Էմիլի Արեգակ» կենտրոնը՝ բազմակի հաշմանդամությամբ երեխաների և երիտասարդների համար:

    14800096_952648814847006_1921136457_o

    Սկսած 2016 թ. հունիսից Հայկական Կարիտասն իրականացնում է ‹‹Երեխաների պաշտպանվածության քաղաքականություն›› ծրագիրը, որի  նպատակն է  ապահովել երեխաների անվտանգությունը՝ Հայկական Կարիտասի  բոլոր այն ծրագրերի շրջանակներում, որոնք առնչվում են երեխաներին:

     

    Տիգրան Պետրոսյանը, ով  Հայկական Կարիտասի ‹‹Երեխաների պաշտպանվածության քաղաքականություն››  ծրագրի ղեկավարն է, մեզ հետ զրույցում ասաց.

     

    ‹‹Հայկական Կարիտասը որոշում կայացրեց մշակել մի նոր քաղաքականություն, որը բերելու է մեր կողմից մատուցվող ծրագրերի շրջանակում ռիսկերի բացակայության և մեր դրական փորձի փոխանցման բոլոր այն կազմակերպություններին, ովքեր զբաղվում են երեխաների հիմնախնդիրներով››:

    13626968_1169697449747273_1618677193360559670_n

    2016թ.հոկտեմբերի 19-21-ը նախ Հայկական Կարիտասի գրասենյակում, ապա Հայ Կաթողիկէ Եկեղեցու Աղաջանյան կենտրոնում  տեղի ունեցավ երեքօրյա աշխատանքային սեմինար (workshop), որին մասնակցում էին Հայկական Կարիտասի երեխաներին առնչվող բոլոր ծրագրերի աշխատողներն ու կամավորականները: Սեմինարի բանախոսն էր փորձագետ Միրա Անտոնյանը, ով Հայկական Կարիտասի անձնակազմի հետ համատեղ փորձեց առավելագույն կերպով վեր հանել երեխաների պաշտպանվածության հիմնադրույթները:

     

    ‹‹Փորձելու ենք հետևողականորեն գտնել հիմնական դեպքերը, որոնց մենք արձագանքելու ենք, նաև այն, թե ինչպես ենք արձագանքելու: Նոյեմբերի վերջ մենք կունենանք նմանատիպ ևս մեկ դասընթաց, որը կվարի Ավստրիայից ժամանած միջազգային փորձագետը››.հավելեց Տիգրան Պետրոսյանը:

     

    Հայկական Կարիտասի  երեխաների պաշտպանության ոլորտի պատասխանատու Հասմիկ Սարգսյանն ասաց հետևյալը.

     

    ‹‹Որպեսզի մենք ունենանք քաղաքականություն՝ երեխաների ապահովությունն ու անվտանգությունը իրականացնելու  համար, մենք որոշեցինք փորձագետի միջոցով մշակել երեխաների իրավունքներին ուղղված քաղաքականություն, դա կօգնի, որ Կարիտասի բոլոր աշխատողներն ու կամավորները գիտենան ինչպես աշխատել երեխաների հետ››:
    Եռօրյա սեմինարի ընթացքում փորձագետը շոշափեց բազմաթիվ նուրբ հարցեր՝ կապված երեխաների իրավունքների պաշտպանության հետ: Նա նշեց, որ ոչ մի քաղաքականություն, այդ թվում և Կարիտասի ‹‹Երեխաների պաշտպանվածության քաղաքականություն›› ծրագրի չափանիշները և ընթացակարգերը չեն կարող ապահովել երեխաների ամբողջական պաշտպանվածությունը, ուստի Կարիտասի աշխատակազմի հետ համատեղ նպատակ ունեն նվազեցնելու երեխաների հնարավոր չարաշահման և շահագործման վտանգը: Երեխայի անտեսումը կարող է լինել մտադրված և ոչ մտադրված:

     

    «Օրինակ ես ուզում եմ ծեծել իմ երեխային և ծեծում եմ՝ դաստիարակելու նպատակով, բայց պատահաբար ուժեղ հրեցի, և նա ընկավ…Կամ մտքերով ընկած գրկիցս ընկավ…Կամ լողացնելուց պատահաբար տաք ջուր լցրեցի նրա վրա…Սրանք մտադրված չեն, իսկ եթե ես երեխայի ձեռքը բռնում ու գնում եմ փողոց, նրան ստիպում եմ փող մուրալ ու այդ գումարը ծախսում եմ իմ նպատակների համար՝սա չի կարող լինել չմտադրված: Շահագործման ցանկացած դրսևորման մեջ կա դիտավորություն, իսկ բռնության շատ տեսակներ առանց դիտավորության են››.ասաց Միրան:

    14794027_952648761513678_933250708_n

    Մշակված  չափանիշների կիրառումը հնարավորություն կտա Հայկական Կարիտասի ողջ անձնակազմին հստակ հասկանալ, թե ինչպես պետք է վարվել երեխաների հետ և ինչ անել, եթե կան մտահոգություններ՝ երեխայի անվտանգության հետ կապված: Իրականացնելով այս չափանիշները կազմակերպությունները պետք է հստակ կատարեն իրենց հանձնառությունը՝ պահպանելով երեխաների անվտանգությունը: Այս չափանիշները կուղղորդեն վերջիններիս դեպի ոլորտում լավագույն փորձի կիրոռումը և կկասեցնեն հնարավոր չարաշահողների անդամակցումը կազմակերպությանը:

    Աննման Մինասյան

Օրացույց

Օրացույց