Հումանիտար ճգնաժամն անխուսափելի է:
Միջազգային Կարիտասի գլխավոր քարտուղար Միշել Ռոյը Ռադիո Վատիկանի հետ հարցազրույցում ասել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքի հակամարտությունը կհանգեցնի ծանր քաղաքացիական կորուստների և չի լինելու «մաքուր պատերազմ», որպեսզի քաղաքն ազատագրվի այսպես կոչված Իսլամական պետության զինյալներից:
Միշել Ռոյը նաև դատապարտել է «երկակի չափանիշներով» աշխարհի առաջնորդներին և նրանց՝ Սիրիայում և Իրաքում ազգային շահեր հետապնդելը՝ այդ երկու երկրների միջև քաղաքացիական բնակչության շահերը հաշվի առելու փոխարեն:
Ռոյը զգուշացրել է, որ Մոսուլում կան ավելի քան 1.250.000 քաղաքացիներ, ըստ այդմ էլ «այժմ քաղաքում ընթացող պատերազմը» նշանակում է, որ «Մոսուլում կլինեն շատ սպանված քաղաքացիներ»: Նա խոսեց այսպես, քանի որ հազարավոր մարդիկ չորեքշաբթի օրը փախել են քաղաքից, իսկ իրաքյան զորքերն ու տանկերը առաջ շարժվեցին՝ փորձելով վերագրավել քաղաքը և ազատել Իսլամական Պետության վերահսկողությունից:
Համեմատելով Մոսուլի «մաքուր պատերազմի» պահանջները՝ և Սիրիայի Հալեպ քաղաքում ընթացող հակամարտությունները՝ Ռոյն ասել է. «Մենք չպետք է ունենանք երկակի չափանիշներ այն ամենի մեջ, ինչ տեղի է ունենում այնտեղ»: Նա ասաց. «մարդիկ մեռնում են, մարդիկ տառապում են Հալեպում, և Հալեպում ընթանում են պատերազմական հանցագործություններ, և վաղը Մոսուլում կլինեն մարդիկ, ովքեր կմեռնեն և մարդիկ, ովքեր կտառապեն, և նաև ռազմական գործողություններ, որոնք իրականացնում են մյուս կողմերը և մենք այս ամենի հանդեպ դառնում ենք մի տեսակ անտարբեր»:
Միացյալ Ազգերի գրասենյակները պատրաստվում են այն ամենին, ինչից որ նրանք վախենում են. կարող է լինել հսկայական հումանիտար ճգնաժամ, որը պայմանավորված է հակամարտությամբ:
Կարիտասի գլխավոր քարտուղարը կոչ է արել «հիմնական ուժերին՝ ԱՄՆ-ին, Եվրոպական Միությանը, Ռուսաստանին դադարեցնել կռիվը, դադարեցնել ռմբակոծումը»՝ հավելելով, որ «սա ելք չէ»:
Սակայն նա պնդել է, որ «Այն ինչ ԱՄՆ-ն է ցանկանում Մերձավոր Արելելքում, այն ինչ Ռուսաստանն է ցանկանում Մերձավոր Արելելքում, բոլորովին էլ Մերձավոր Արևելքի ժոողովրդի բարօրության համար չէ, դա նրանց սեփական շահերի համար է և պետք է դադարեցվի»: Կրկնելով Քահանայապետի խոսքերը՝ Ռոյը աշխարհի առաջնորդներին կոչ է արել իրերին այլ կերպ նայել և աշխատել պատերազմող կողմերին բերել բանակցությունների սեղանի մոտ՝ տարածաշրջանի բոլոր մարդկանց բարօրության համար:
Կարիտասի ղեկավարը Սիրիայի համար որպես օրինակ բերել է Լիբանանի քաղաքացիական պատերազմը, որը ավարտվեց 1995թ., որին պետք է Սիրիան հետևի Նա ասաց, որ «մարտնչողները պետք է գան և նստեն սեղանի մոտ և իրենց ապագան միասին որոշեն»: Մինչդեռ միջազգային համայնքը պետք է հեշտացնի այս ամենը. Ռոյը նշեց, որ «նրանք չպետք է որոշեն ժողովուրդների փոխարեն, հատկապես Սիրիայում, եթե նրանք որոշեն ժողովուրդների փոխարեն, ապա պատերազմը երբեք չի ավարտվի»:
Թարգմանեց Նարինե Գալոյանը