• Մայր Թերեզայի քույրերի տանը կազմակերպվեց հոգևոր կրթություն՝ երիտասարդների համար

    «Աստված սիրում է քեզ և Նա հիանալի ծրագիր ունի քո հետ կապված»:


     

    Հավատացյալները, հատկապես, երիտասարդները մշտապես հոգևորականների  առաջնորդության կարիքն  ունեն: Այս գիտակցությունը հայ կաթողիկէ եկեղեցու հոգևորականներին ստիպում է ուղիներ գտնել իրենց հովվության ներքո գտնվող երիտասարդների համար կազմակերպելու զանազան միջոցառումներ, զրույցներ, միասնական աղոթքներ, խորհրդածություններ, որոնք առիթ են հոգևոր կյանքի վերաիմաստավորման, հոգևոր խանդավառության զարգացման, ջերմեռանդության աճման համար:

     

    2016թ-ի հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքից քիչ հեռու գտնվող Գթության միսիոներների միաբանության քույրերի տանը մեկնարկեց եռօրյա հոգևոր կրթություն, որին մասնակցում էին հայ կաթողիկէ երիտասարդական միության երկու տասնյակ երիտասարդներ՝ տարբեր կաթողիկէ համայններից՝ Գյումրիից, Երևանից, Փանիկից, Լանջիկից և Աշոցքի տարածաշրջանի համայնքներից: Նախաձեռնությունը Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկինն է, ով և վարում է հոգևոր կրթությունը:

     

    ‹‹Այստեղ մենք երիտասարդների հետ հիմնականում հոգևոր աշխատանք ենք տանելու, նրանք հարատև աղոթքների մեջ են լինելու, լսելու են քարոզներ ու բանախոսություններ՝ հոգևոր կրթական մակարդակը բարձրացնելու համար, ինչը կօգնի ամրացնել  կապը Աստծո հետ››,-ասաց Հ. Ռաֆայել Կռավչիկը:

     

    Երիտասարդները ոգևորված են մասնակցում նմանատիպ հանդիպումներին, լավ են գիտակցում, որ Աստծո  ողորմածությունը  իրենց վրա առավել կներգործի, եթե լինեն ավելի միաբան ու սիրով լի միմյանց հանդեպ:

     

    Գոհար Բոյաջյանը, ով Փանիկ գյուղի հայ կաթողիկէ երիտասարդական միության անդամ է, այս առիթով ասաց.

     

    ‹‹Այս տարին  լի էր հոգևոր միջոցառումներվ, նախ մենք պատիվ ունեցանք մասնակցելու Գյումրիում Հռոմի Պապի մատուցած Պատարագին, այնուհետև համաշխարհային երիտասարդաց օրվա առիթով եղանք Լեհաստանում, այնտեղ նույնպես մեկ անգամ ևս բախտ վիճակվեց մասնակցել Սրբազան  Քահանայապետի մատուցած Պատարագին, այսօրվա հանդիպումն էլ ավելի կամրապնդի մեր ստացածն ու սովորածը››:

     

    ‹‹Հոգևորականները տեղեկացրեցին, որ երտասարդական հավաք կա, մենք մեծ խանդավառությամբ  եկանք Սպիտակ: Մեր նպատակը մեր իսկ ներսում հոգևոր անկյունը զարգացնելն է: Ծրագիրը շատ լայն է, օրակարգը բավականին խտացված է, պիտի հասցնենք այս երեք օրվա ընթացքում գոնե մինիմալ գիտելիքներ վերցնենք››,-հավելեց Լանջիկ  համայնքի ներկայացուցիչ Կարինե Հովհաննիսյանը:

     

    Հագեցած եռօրյա ծրագրի կարևոր մաս կազմող խմբային աշխատանքի մեկնարկով սկսվեց սեմինարը: ‹‹Աստված սիրում է քեզ և Նա հիանալի ծրագիր ունի քո հետ կապված››.այս գաղափարն էր դրված սեմինարի հիմքում:

    14699901_947389465372941_534738848_n

    «Աստծո սերը անուն ունի, որն է՝ Հիսուս…»:

     

    Շատ ենք լսում, որ մարդիկ ասում  են՝ Աստված սիրում է մեզ…Կարևոր է ոչ միայն ասել, այլև զգալ այդ սերը››.ներկաներին բացատրեց Հայր  Ռաֆայելը:

     

    ‹‹Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է՝ չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, սա ավետարանի կարևորագույն խոսքերից է…
    −Աստված սիրում է քեզ, գիտես՞…

    −Այո, գիտեմ,-պատասխանում են բոլորը:

     

    -Բայց դու զգում ես՞, որ հենց քե՛զ է սիրում, այո՛, հենց  քե՛զ: Կան մարդիկ, որ այս հարցում անվստահություն ունեն, ինչը նշանակում է, որ Աստծո սերը այս մարդկանց մեջ չկա: Այսօր հե՛նց այսօր դուք պետք է զգաք այդ ճշմարտությունը, որ Աստված քե՛զ է սիրում: Նույնիսկ եթե դու մտածում ես, որ դու արժանի չես, հիշիր, Նա քե՛զ է սիրում››,- այսպես բացատրեց Հայր Ռաֆայելը:

     

    Սեմինարը նաև իր մեջ ներառում է  անհատական աշխատանք երիտասարդների հետ, որն  էլ  կօգնի գիտակցել, որ  հոգևոր դաստիարակությունը ոչ թե մեզ սահմանափակելու և վախեցնելու համար է, այլ մեզ հույս, ուժ, բարություն, ձգտում, կյանքի իմաստավորում և արժևորում փոխանցող ուժ է:

     

    Մեկ կարևոր հանգամանք ևս.հոգևոր կրթության այդ օրերին երիտասարդները հնարավորություն ունեն նաև շփվելու Մայր Թերեզայի քույրերի հոգածության ներքո գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաների ու երիտասարդների հետ, քույրերի հետ, լսելու Մայր Թերեզայի մասին ու տեսնելու քույրերի անձնվեր ծառայությունը, աղոթելու նրանց հետ միասին:

     

    Աննման Մինասյան

     

Օրացույց

Օրացույց