• Հարցազրույց՝ դոկտոր Հ. Մեսրոպ ծ.վ. Թոփալյանի հետ

    «Նորից այստեղ եմ և անչափ ուրախ եմ՝ տեսնելով այսչափ հոգևոր աճ ունեցած ժողովրդին»:


     

     

    Մեր խնդրանքով, Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը օրեր առաջ հարցազրույց ունեցավ  Լիբանանի  Այնճար քաղաքի «Ս.Վարդարանի Տիրամայր» հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ, աստվածաբանության դոկտոր Հ. Մեսրոպ ծ.վ. Թոփալյանի հետ:

     

    Հ. Մեսրոպ ծ.վ. Թոփալյանը Հայ Կաթողիկէ Եկեղեցու մերօրյա նշանավոր գիտնականներից է, հեղինակ է 56 մենագրությունների և թարգմանությունների, որոնք հաստացրել են աստվածաբանության, մարեմաբանության, գրականագիտության, պատմության գանձարանները:

     

    image-0-02-05-d7b9103a742ae6cf67f74239e514dbdf11ba496c4c3507fbed1beb7c63aa8fbc-v

    -Հայր Սուրբ, անչափ ուրախ ենք` Ձեր Հայաստան այցի համար, օգտվելով մեզ ընձեռած հնարավարությունից կցանկանայինք տեղեկանալ, թե որն է  Ձեր այցի նպատակը:

     

    -Շնորհակալ եմ այս առիթի համար.Հայաստան այցելությունս հատուկ նպատակ չունի, պարզապես մեկ շաբաթով այցելության եմ եկել, իսկ հատկապես Գյումրի նախընտրեցի գալ այն բանից հետո, երբ իմացա, որ Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցում երեք քահանայական ձեռնադրություն է նախատեսվում, սիրտս ավելի կպավ, որ հանգիստս այստեղ անցկացնեմ: Նշեմ նաև, որ վերապրեցի իմ ձեռնադրության օրը, որը տեղի էր ունեցել 43 տարի առաջ: Սա իմ առաջին այցելությունը չէ, լավ եմ հիշում, 25 տարի առաջ մասնակցեցի ձեր թեմի առաջին առաջնորդի` Տեր  Ներսես  արքեպիսկոպոս Ներսիսյանի  գահակալության արարողությանը, որը տեղի ունեցավ Աշոցքում: Աննկարագրելի, աներևակայելի ցնծություն ապրեցի այդ պահերին, հատկապես, երբ տեսա մեր կաթողիկե ժողովրդի ջերմեռանդությունը` հատկապես Վարդարան աղոթելիս: Այդ օրը ստացած հոգևոր  ցնծությունս գործուն է մինչև հիմա: Քառորդ դար անց նորից այստեղ եմ և անչափ ուրախ եմ՝ տեսնելով այսչափ հոգևոր աճ ունեցած ժողովրդին, իրոք մեծ աշխատանք է տարված այստեղ:

     

    -Հայր Սուրբ, անշուշտ տեղյակ եք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետը իր այցելությանն արժանացրեց մեզ այս տարվա հունիսի 24-26-ը, ինչին հաջորդեց Քահանայապետի այցը Վրաստան և Ադրբեջան: Խնդրում ենք մեկնաբանեք այս իրադարձությունը:

     

    -Քահանայապետը ինձ համար Պետրոսն է…(Հայր Մեսրոպը խնդրեց այս միտքը հատուկ շեշտադրել)
    Ընդհանրապես, խոսելով որևէ Սրբազան Քահանայապետի այցի մասին`միշտ պետք է նկատի ունենանք  այցի  դիտավորությունն ու բովանդակության խորքը: Ցանկացած քահանայապետական այց նպատակ ունի տվյալ ժողովրդին  հոգևոր արթնության կոչ անելու: Հովվական այցը ինքնանպատակ չէ և ոչ էլ ցուցադրական տարր կա դրա մեջ, միակ նպատակը մարդկանց հոգիներն Աստծուն մոտեցնելն  է և ունեցած հավատքը վերարծարծելուն դրդելը:
    Գալով վերջին այցին՝ ասեմ, որ Ֆրանցիսկոս Քահանայապետը իր մարդասիրությունն ու հատկապես հայասիրությունը ապացուցել էր վաղուց, այդ սիրո ապացույցը եղավ անցած տարի Ս.Պետրոսի տաճարում մատուցված Սբ. Պատարագը` ի հիշատակ 1915 թ. հայկական եղեռնին զոհ գնացած անմեղ հոգիների: Այդ Սբ. Պատարագի ընթացքում երկու մեծ իրադարձություն տեղի ունեցավ: Առաջին` Պապը Ս.Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու 36-րդ  Վարդապետ: Կարծում եմ, այս փաստին ըստ արժանվույն գնահատանք չտրվեց, բայց դեռ այս հարցի խորքերը շատ են ուսումնասիրվելու, Տիեզերական Վարդապետ հռչակել՝ նշանակում է տվյալ անձին հանձնել ողջ աշխարհին, հետևաբար, Գրիգոր Նարեկացու թե կյանքը, թե ստեղծագործությունը կաթողիկէ աշխարհում,  հոգևոր բարձրագույն կրթության ոլորտում աստվածաբանության  լուրջ նյութ պետք է դառնա: Սա անշուշտ հայերիս համար մեծ շնորհ է:

     

    Անդրադառնալով Սրբազահ Քահանայապետի մատուցած Պատարագի երկրորդ կարևոր մասին, պիտի ասենք, որ  անչափ կարևոր է այն փաստը, որ Պապը 1915 թ-ի հայոց եղեռնը  հռչակեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Միջազգային ընտանիքը ցնցվեց  այս իրադարձությունից, այս քայլով աշխարհին հրահանգ  ուղարկվեց դատապարտելու մարդկության դեմ հանցագործությունը, այլապես անխուսափելի են նոր ոճրագործությունները:

     

    Սրբազան Քահանայապետի այցը նաև շարունակությունն է Սուրբ Հովհաննես Պողոս Պապի ուղտագնացության դեպի Հայաստան` իր հետ բերելով պատգամը, թե Քրիստոսին ունեցեք ձեր կյանքում և կտեսնեք ինչպիսի փոփոխություններ կունենաք  ձեր մեջ:

     

    Ես ներկա եմ գտնվել Պապի այցելությանը թե Հայաստանում, թե Վրաստանում, որին հաջորդեց այցը մեր թշնամի երկիր Ադրբեջան: Ինչպես եք գնահատում այս երեք երկրների միաժամանակյա այցը:

     

    Յուրաքանչյուր Պապ խաղաղության առաքյալն է և իր հզորությունը ոչ քրիստոնյա երկրներին և անգամ թշնամի երկրներին այցելելու և խաղաղություն տարածելու մեջ է: Երբ Սրբազան Քահանայապետն այցելում է մահմեդական երկիր, ուզում է ասել, որ այդ երկրի ժողովուրդն Աստծո զավակներ են և պետք է ապրեն այնպես, ինչպես թելադրում է իրենց կրոնը: Գալով հատկապես Ադրբեջանին՝ Պապն իր այցով ուզում է ասել, որ խաղաղություն ու հաշտություն է պետք տարածել, միայն դրանով կարող են ապրել հանգիստ ու զարգանալ:

     

    -Հայր Մեսրոպ, գիտենք, որ պատմության մեջ բարձրաստիճան հոգևորականները միշտ էլ առանձնահատուկ համակրանք են ունեցել հայ ժողովրդի նկատմամբ, մասնավորապես Լևոն 10-րդ Պապը հայկական Պատարագը համարում էր Հայաստանի գոհարը: Այժմ էլ Ֆրանցիսկոս Պապը ունի նման վերաբերմունք մեր հանդեպ: Ինչո՞վ է պայմանավորված այդ համակրանքը:

     

    -Տառապանքը գեղեցկացնում է մարդուն և դարձնում տառապողին՝ մարդկանց ուշադրության առարկա: Ինչպես Ասում է Դանիել Վարուժանը, «Տառապանքը կվսեմացնե», այս իրողությունը ոչ միայն քահանայապետների, այլև՝ աշխարհականների ուշադրությունն են հրավիրում հետաքրքրվելու, գրելու, խոսելու այդ մասին: Մենք պետք է ապրենք մեր հայկականությունը և այդպես գնահատված կլինենք թե Աստծո, թե մարդկանց կողմից:

     

    -Մի վերջին հարց ենք ուզում հղել Ձեզ: Բոլորս էլ գիտենք, որ Սրբազան Քահանայապետը այս տարին հռչակել է «Ողորմության տարի»: Արդեն հասնում ենք այս տարվա ավարտին, ուզում եմ իմանալ ձեզանից, թե այս տարի Հայ Կաթողիկէ Եկեղեցին ինչ պտուղներ ստացավ:

     

    -Իբրև Հայ Կաթողիկէ Եկեղեցի, մանավանդ, ծրագրվեցին և իրականացան զանազան ծրագրեր, որոնք շարունակական են: Եթե չթափանցենք Ողորմության տարվա դիտավորության խորքերը, այս ծրագրերը, որոնք իրականացրեցինք, կարող են շատ մակերեսային լինել: «Երանի ողորմածներին, որովհետև ողորմություն պիտի գտնեն», սա պետք է լինի մեր մտածումների ու խոհելու նյութը, հատկապես մենք` հոգևորականներս, պետք է խորանանք այս խոսքերի վրա, որպեսզի ամեն մի բառը, տառը փոխանցենք ժողովրդին: Ինչպես Սրբազան Հայրն է ասում է.«Եկեղեցին եթե ողորմած չէ, եթե հոգրորականը ողորմած չէ, չի կարող ներկայացնել Երկնավորի  ողորմածության դիմագիծը, որը Հիսուսն է…»: Զորավոր խոսք է սա, պատկերացրեք հոգևորականի, եթե իր ներաշխարհում չի կարող ապրել ողորմածության խորհրդով`մարդու համար, մերձավորի համար, ուրեմն այստեղ մի սխալ բան կա, սերը Աստծո հանդեպ պետք է սկսվի ընկերոջ հանդեպ սիրուց:

     

    Սրբազան Քահանայապետը Ողորմության տարվա նամակը եզրափակում է Տիրամորն ուղղված նամակով, ուզում եմ  այս մասին խոսքով եզրափակել խոսքս: Մարիամ Սուրբ Կույսը`խնկելի Աստվածածինը,  ողորմության մայրն է, նա ոչ միայն Աստվածամայրն է, այլև՝ Սիրամայրը, այս բառը ես եմ հորինել, այս խորությունները մենք պետք է ապրենք ու այդ ապրումը փոխանցենք ժողովրդին: Տիրամայրը թող պահապան լինի բոլորիդ, թող մեր 25 ամյա թեմը ավելի բարգավաճի:
     -Հայր Սուրբ  շնորհակալություն սրտաբուխ խոսքերի համար, հուսանք Աստծո կամոք դարձյալ կտեսնվենք Հայաստանում:

     

    Աննման Մինասյան

     

     

     

Օրացույց

Օրացույց