• Սրբազան Քահանայապետը կոչ է արել դադարեցնել վայրագությունները Սիրիայում

    Աղոթե՛նք զոհվածների և նրանց հարազատների համար:


    Սիրիայից ստացվող վերջին հաղորդումների համաձայն, մի քանի օր տևած հարաբերական դադարից հետո ռուսական օդուժը վերսկսել է Հալեպի արևելյան շրջանների բնակելի թաղամասերի ռմբակոծությունը: Կրակի տակ են շրջափակման մեջ հայտնված քաղաքի Բուստան ալ Քասր և Ֆարդոս շրջանները: Կան մի քանի տասնյակ զոհեր, այդ թվում՝ երեխաներ:

     

    Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների հարցերով դիտորդական խմբի փոխանցմամբ, սա ամենաուժգին ռմբակոծությունն է սիրիական կառավարության՝ օդային թռիչքները կրճատելու մասին հավաստիացումներից հետո: Հոկտեմբերի 5-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարեցին, որ կրճատելու են Հալեպի արևելյան շրջաններում ռմբակոծությունները՝ կոչ անելով քաղաքացիական բնակչությանը հեռու մնալ զինված ապստամբներից:

     

    BBC-ն հայտնում է, որ  Սիրիական Հալեպի արևելյան շրջանների ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, այս մասին տեղեկացնում են  ակտիվիստները և հումանիտար կազմակերպությունների աշխատակիցները:

     

    Նրանց տվյալներով, Հալեպի արևելյան մասի քաղաքացիական օբյեկտների վրա մեկ օրում կատարվել է 25 ավիահարված: Ամենաշատ զոհերը եղել են շուկայի վրա կատարված ավիահարվածի հետևանքով: Ակտիվիստների տվյալներով` այնտեղ զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ:

     

    Հոկտեմբերի 11-ին ռուսական ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները վերսկսել են Հալեպի բնակելի թաղամասերի վրա ավիահարվածները, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության տակ: Սիրիացի ակտիվիստների խոսքով` երեքշաբթի օրվա ավիահարվածների հետևանքով զոհվել է 25 մարդ, այդ թվում՝ երեխաներ:

     

    Իսկ Հալեպի քրիստոնեական Սլեյմանիա թաղամասում գրոհայինների կողմից դպրոցի ականանետային գնդակոծման հետևանքով զոհվել է 7 երեխա։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են Ար-Ռազի հիվանդանոցի ընդունարանից։

     

    Նշվում է, որ մի քանի արկեր ընկել են դպրոցի մուտքի մոտ և դրանից անմիջական հեռավորության վրա։
    Ահաբեկչական խմբավորումների գրոհայինները, որոնք արգելափակված են Հալեպի արևելյան թաղամասերում, գրեթե ամեն օր ականանետային և հրթիռային հարվածի են ենթարկում քաղաքի արևմտյան մասը։ Գնդակոծումների ինտենսիվությունը մեծանում է, երբ բանակն անցկացնում է հարձակողական գործողություններ։

     

    Խիստ մտահոգիչ է նաև նույն օրը ստացված տեղեկությունն այն մասին, որ Սիրիական Դարաա քաղաքում ահաբեկչական խմբավորումներից մեկի կողմից դպրոցի գնդակոծման հետևանքով զոհվել է 5 աշակերտ։ Տեղի ոստիկանության տվյալներով, ծայրահեղականները հրթիռներով խոցել են տարրական դպրոցը Դարաա-Էս-Սիհարիի թաղամասերից մեկում։ Եվս առնվազն 15 աշակերտ ստացել են վնասվածքներ։

     

    Դրանից ժամեր առաջ գրոհայինները մի քանի հրթիռ են արձակել Դարաայի բնակելի թաղամասերից մեկի վրա։ Զոհվել է 1 բնակիչ, մոտ 10-ը ստացել է բեկորային վնասվածքներ։

     

    Հռոմի Սրբազան Քահանայապետը Սիրիայում անհապաղ հրադադարի կոչ է անում և հույս ունի, որ Հալեպի խաղաղ բնակիչները կտարհանվեն:

     

    «Ես ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել Սիրիայի դաժանագույն հակամարտության բոլոր զոհերի հարազատներին»,- նշել է Քահանայապետը հրապարակային ունկնդրության ժամանակ:

     

    Նորին Սրբությունը նաև կոչ է արել Սիրիայում լիովին դադարեցնել ռազմական գործողությունները՝ «գոնե, խաղաղ բնակչության տարհանման ժամանակ` մասնավորապես երեխաների, որոնք գտնվում են չդադարող անգութ գնդակոծությունների տակ»:

    Աննման Մինասյան

     

Օրացույց

Օրացույց