Հայկական Կարիտասի ծրագրերը հիմնված են մարդու արժանապատվության հանդեպ հարգանքի հիմնարար սկզբունքի վրա՝ Ավետարանի և Կաթողիկէ աստվածաբանության համաձայն:
Հայկական Կարիտասի համայնքային զարգացման ռազմավարական կարևոր ծրագրերից մեկն է ‹‹Արամազդ›› սոցիալ-կրթական զարգացման ծրագիրը, որի նպատակն է նպաստել Ամասիայի, ճամբարակի և Վարդենիսի տարածաշրջանների սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական միջավայրի բարելավմանը և ավանդական ձեռքի աշխատանքների վերականգնմանը:
2016թ. հոկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի եւ Թթուջուր համայնքների երեխաները Կարիտասից նվեր ստացան նորակառույց ու բարեկարգ մանկական խաղահրապարակներ:
Խաղահրապարակները կառուցվել են «Հայկական Կարիտաս»-ի «ԱՐԱՄԱԶԴ. Համայնքի համար, համայնքի հետ» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Նռան հատիկ» համայնքային զարգացման հիմնադրամի կողմից իրագործվող «Երիտասարդ կամավորները համայնքի հետ, իրենց համար» փոքր դրամաշնորհային ծրագրի արդյունքում:
Բացման արարողությանը ներկա էին համայնքների բնակիչները, համայնքային իշխանությունները, «Հայկական Կարիտաս»-ի եւ տարածաշրջանում գործող այլ ՔՀԿ-ների ներկայացուցիչներ:
Հաջորդ օրը նույն ծրագրի շրջանակներում Վանաձորում «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում կայացավ աշխատանքային հանդիպում՝ Հայկական Կարիտասի ներկայացուցիչների և գործընկեր հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր «ՀՀ Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի 15 գյուղական համայնքների բյուջետային գործընթացների հրապարակայնության, թափանցիկության եւ համայնքի բնակիչների մասնակցության գնահատումը և համայնքի քառամյա զարգացման ծրագրի համատեքստում» նախաձեռնության քննարկումը:
«Հայկական Կարիտաս»-ը «ԱՐԱՄԱԶԴ. Համայնքի համար, համայնքի հետ» ծրագրի շրջանակներում նախաձեռնել է իրականացնել մի շարք միջոցառումներ, ուղղված գյուղական համայնքներում սոցիալական, տնտեսական եւ շահերի պաշտպանության անհրաժեշտություն ունեցող հիմնախնդիրներին:
Լուրն՝ ըստ Հայկական Կարիտասի Հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկատվության:
Պատրաստեց՝ Աննման Մինասյանը