Հոգևոր վերելքի դժվարին ճանապարհը:
Շիրակի մարզի Ազատան համայնքի Սուրբ Աստվածածին հայ կաթողիկէ եկեղեցին 1800-ական թվականներին է կառուցվել ու իր հովանու տակ առել Ազատանի հայ կաթողիկէներին`զերծ պահելով հոգևոր որբությունից:
Նույնանուն եկեղեցու փայտյա նախատիպը նույն տարածքում կառուցվել է 1830-ականներին` գյուղի առաջին քահանա Տեր Գրիգորի եռանդուն ջանքերով: Շուրջ մեկ տասնամյակ փայտաշեն եկեղեցում հոգեզարթոնք ապրելուց հետո ազատանցի հայ կաթողիկէները ձեռնամուխ եղան ավելի մեծ ու քարաշեն եկեղեցու հիմնադրման աշխատանքներին: Շինարարությունը սկսվեց 1845-ին և ավարտվեց 1852-ին:
Մոտ 35 տարի անց երկրաշարժի հետեւանքով եկեղեցին խոնարհվում է, սակայն Հայ Կաթողիկէ համայնքը չի ընկճվում դժվարությունից.եկեղեցին վերակառուցել էր պետք: 1890թ Ս. Աստվածածին եկեղեցին կրկին վեր է հառնում փլատակներից: Եկեղեցին ունէր ուղղանկյուն կառուցուածք, որի առաջին մասում վեր էր հառնում զանգակատունը: Պատմում են, որ գյուղացիները իրենց սայլերով Սարիղամիշից բերում են գերաններ՝ եկեղեցին ծածկելու համար, որոնք աչքի էին ընկնում իրենց դիմացկունությամբ եւ ամրությամբ, մասնակի վերանորոգումից հետո մինչեւ այսօր եկեղեցու ծածկը ծառայում է իր նպատակին:
1920-ական թվականների վերջերից իշխանությունների կողմից սկսվում է աննախադէպ ճնշում, հալածանքներ եկեղեցու նկատմամբ, երկրում նոր թափով սկսեցին ավերել վանքերն ու եկեղեցիները: ԲնականաբարՍուրբ Աստվածածին եկեղեցու փակման փորձեր ևս ձեռնարկվեցին: Մեր ունեցած թե գրավոր, թե բանավոր տեղեկատվությունները փաստում են, որ Հայ Կաթողիկէ համայնքի այն ժամանակվա ժողովրդապետ Միքայել Արարատյանը հրաժարվում է կատարել իշխանությունների եկեղեցին փակելու պահանջը: Գյուղ է ուղարկվում ոստիկանների մի խումբ` եկեղեցին փակելու նպատակով: Կաթողիկէ հավատացյալ կանայք գոգնոցները քարերով լցրած` հարձակվում են ոստիկանների վրա: Վերջիններս չհամարձակվելով զենքի դիմել՝ խուճապահար փախնում են գյուղից: Միայն մի քանի օր անց ոստիկանական ջոկատը լուսաբացին մտնելով գյուղ եւ ջարդելով դռան կողպեքը, դատարկում են այն:
Եկեղեցին վերածում են ակումբի, սակայն ներկայացումներին ոչ մի հանդիսատես ներկա չի լինում՝ բացի կոլտնտեսության վարչության ապարատից, ուստի ստիպված 1932թ եկեղեցին վերածում են պահեստի, որտեղ ամբարում են ցորեն ու գարի:
Կորցնել հավատը՝ նշանակում է կորցնել կյանքը…Չնայած բազմաթիվ արտաքին ճնշումներին ու հոգևորը վերացնելու փորձերին, եկեղեցին իր զորությամբ դարձյալ վեր հառնեց: Հայ կաթողիկէ առաջնորդարանի կողմից վերանորոգվելուց հետո, կրկին իր դռները հավատացեալների առջեւ բացեց Ս. Աստուածածին եկեղեցին 1998թ. հունուարի 6-ին:
Վերջին երեք տարիներին Ազատանի հայ կաթողիկէների ժողովրդապետն է Տեր Նարեկ քահանա Թադևոսյանը: Հոգևորականը ուրախությամբ է փաստում, որ եկեղեցու բոլոր արարողություններին ու նախաձեռնություններին համայնքը ակտիվ ներգրավված է: Ավելին`առավել ուրախալի է, որ կրտսեր սերունդն ավելի ակտիվ է:
‹‹Բոլոր կաթողիկէ ընտանիքներին անխտիր այցելել եմ, ծանոթացել ու օրհնել եմ բոլորին: Խանդավառությունը ավելի շատ երիտասարդների ու պատանիների մոտ եմ տեսնում, ճիշտ է, մեծահասակներն էլ մասնակից են դառնում եկեղեցական արարողություններին, սակայն երիտասարդների ներգրավվածությունը առավել տեսանելի է: Մեր հույսը վաղվա սերունդն է, բնականաբար այսօրվա երիտասարդը վաղն անպայման իր երեխային կբերի եկեղեցի››:
Ազատանի բնակիչներ Կարմեն Գրիգորյանն ու Նարինե Պողոսյանը մեր այցի ժամանակ եկեղեցում էին իրենց թոռների հետ, նրանք ևս փաստեցին, որ եկեղեցու հետ կապված են ամբողջ ընտանիքով:
‹‹Միշտ եկեղեցի եմ գալիս ընտանիքով, տղա թոռնիկներս Տեր Նարեկի կողքին ծառայում են խորանին, հոգևորին մոտենալը շատ բան է փոխել նրանց կյանքում, շատ են տարբերվում իրենց հասակակիցներից››,-հպարտորեն նշում է Կարմեն Գրիգորյանը, իսկ Նարինե Պողոսյանը հավելում է.‹‹Ոչ մի եկեղեցական արարողություն բաց չենք թողնում, դա առաջնային է մեր ընտանիքում, առօրյա գործեր բոլորն էլ ունեն, բայց եկեղեցի գալը ամենակարևորն է, իմ տղաները ևս ծառայել են խորանին, իսկ աղջիկս երգել է երգչախմբում››:
Եկեղեցու զարդն ու իրական ամրությունը նվիրյալ հավատացյալն է, ով անընդմեջ աշխատում է հոգենորոգության վրա, սակայն քարեղեն շինվածքը ևս կարիք ունի նորոգման: Վերջին տարիներին այս առումով ևս բավականին արդյունավետ աշխատանք է տարվել:
‹‹Բավականին աշխատանքներ ենք կատարել, փոխվել են դռները, պատուհանագոգերը, սուրբ սեղանը ևս բարեկարգվել է, եկեղեցին խոնավությունից փրկելու համար հիմքը քարապատեցինք և եկեղեցու շուրջը սալիկապատեցինք: Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են››, ասաց Տեր Նարեկը:
Բավականին բարելավվել է նաև բակային հատվածը, որտեղ նախատեսվում է կանաչապատման լայնածավալ աշխատանքների իրականացում, կատարված աշխատանքները սակայն բավար չեն, դեռևս անելիքներ շատ կան, որոնք Աստծո օրհնությամբ և բարեհաճությամբ շուտով իրականություն կդառնան:
‹‹Անելիքներ դեռ շատ կան, ծրագիրը պատրաստ է, Հայկական Կարիտասի օժանդակությամբ 60 հազար ևրոյի աշխատանք ենք իրականացնելու, որի շուրջ 5 տեկոսն էլ գյուղապետարանն է հատկացնելու: Եկեղեցու բակը զարդարող խաչքարն ու ցայտաղբյուրն էլ տեղադրել են Արմեն և Ավո Մկրտչյանները ի հիշատակ իրենց հորեղբոր Պետրոս Մկրտչյանի: Անհամբեր սպասում ենք բարեկարգման աշխատանքների ավարտին, որ Սրբազան հորը հրավիրենք խաչքարը օծելու››,-հույս հայտնեց Տեր Նարեկը:
Հայ կաթողիկէ համայնքի ջանքերով եկեղեցուն կից 1883թ. բացված դպրոցը գործում է մինչև օրս, սակայն գյուղի հոգևոր հովիվը նշեց, որ այս կենտրոնը զարգացնելու հեռանկարը ևս Աստծո օգնությամբ չի ուշանա:
Աննման Մինասյան