«Հավատքը չպետք է խառնել բարեկեցիկ լինելու կամ լավ զգալու, մեր սրտերում մխիթարություն ունենալու հետ, որը մեզ ներքին խաղաղություն է տալիս: Հավատքը ոսկե թել է, որը մեզ կապում է Տիրոջ հետ»:
«Առանց ծառայության կյանքն անօգուտ է».ասել է Սրբազան Քահանայապետը 2016թ. հոկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանում մատուցած Սուրբ Պատարագի ժամանակ: Քահանայապետը խոսեց Ավետարանի օրվա հատվածի մասին, որը ներկայացնում էր քրիստոնեական կյանքի երկու անհրաժեշտ կողմեր՝ «հավատքի և ծառայության, որոնք երբեք չի կարելի բաժանել». նշեց Քահանայապետը:
Քահանայապետը նշեց, թե ինչպես է Աստված Իր բոլոր հավատացյալների հետ նույն կերպ վարվում, հատկապես, նա անմիջապես չի ընդունում մեր ցանկությունները և անմիջապես ու անընդհատ չի փոխում աշխարհն ու մարդկանց: Փոխարենը, Նա պահանջում է մեր համբերությունն ու վստահությունը՝ մտադիր լինելով բուժել մեր սրտերը:
«Տերը աշխարհը փոխում է՝ մեր սրտերը վերափոխելով, և այս ամենը Նա չի կարող անել առանց մեզ: Աստված ցանկանում է, որ մենք բացենք մեր սրտի դռները, որպեսզի նա մտնի մեր կյանք: Եվ մեր սրտերը Նրա առաջ բացելը, Նրան վստահելը «այն յաղթութիւնն է, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատը» (1 Հվհ 5:4): Քանի որ երբ Աստված բաց ու վստահող սիրտ է գտնում, նա այնտեղ կարող է հրաշքներ գործել»:
Ապա Քահանայապետը վերհիշեց, երբ առաքյալները Տիրոջից խնդրում էին ավելացնել իրենց հավատքը, և ներկաներին հիշեցրեց, որ մեր հավատքը սնելը մեր պարտավորությունն է:
«Հավատքը կախարդական ուժ չէ, որը գալիս է երկնքից, այն «տաղանդ» չէ, որը տրվում է մեկ անգամ և բոլորին, ոչ էլ հատուկ ուժ, որը կլուծի կյանքի խնդիրները: Հավատքը, որն օգտակար է մեր պահանջմունքները բավարարելու համար, կարող է լինել եսամոլ, ամբողջապես կենտրոնացած ինքներս մեզ վրա». ասաց Սրբազան Քահանայապետը:
«Հավատքը չպետք է խառնել բարեկեցիկ լինելու կամ լավ զգալու, մեր սրտերում մխիթարություն ունենալու հետ, որը մեզ ներքին խաղաղություն է տալիս: Հավատքը ոսկե թել է, որը մեզ կապում է Տիրոջը, Նրա հետ լինելու մաքուր ուրախությանը, Նրա հետ միությանը: Դա մի պարգև է, որը տևում է մեր ամբողջ կյանքը, բայց պտուղներ տալիս է միայն այն դեպքում, երբ մենք կատարում ենք մեր դերը:
Քահանայապետն այնուհետև նշեց, որ Հիսուսն օգնեց մեզ հասկանալ, որ մենք ոչ միայն կոչված ենք հավատքի, այլ նաև՝ ծառայության համար:
«Հավատքն ու ծառայությունը չեն կարող առանձնացվել, ընդհակառակը, դրանք սերտորեն փոխկապակցված են, միահյուսված միմյանց: Որպեսզի կարողանամ բացատրել այս ամենը, ես կցանկանայի ներկայացնել ձեզ ծանոթ մի պատկեր՝ մի գեղեցիկ գորգ»:
«Հիսուս մեզ հիշեցնում է, որ մենք կոչված ենք ընդօրինակելու Իրեն՝ ծառայության մեջ». ընդգծեց Քահանայապետը:
«Եվ, այսպիսով, մենք կոչված ենք ծառայելու ոչ միայն պարգև ստանալու համար, այլ ավելի շատ՝ Աստծուն ընդօրինակելու համար, ով Իրեն սպասավոր է դարձնում՝ մեր սիրո համար: Ոչ էլ կոչված ենք նրա համար, որ ծառայենք միայն հիմա և ևս մեկ անգամ, այլ ապրենք՝ ծառայելով». բացատրեց Քահանայապետը:
«Ծառայելը կյանքի մի ձև է, այն, անշուշտ, ամփոփում է ամբողջ քրիստոնեական կյանքի ձևը՝ ծառայել Աստծուն երկրպագությամբ ու աղոթքով, լինելով բաց և հասանելի, սիրել մերձավորին գործնական արարքներով, ջանասիրաբար աշխատել հանուն ընդհանուր բարօրության»:
Քրիստոնյաների համար ևս չկան փորձությունների պակաս, որոնք կշեղեն մեզ ծառայության ուղուց:
Ո՛չ՝ գաղջությանը
«Որտեղ չկա ծառայություն, այնտեղ կյանքն իզուր է». ասաց Քահանայապետը՝ նշելով հատկապես երկու ձև.առաջինը՝
թույլ տալ մեր սրտին դառնալ գաղջ:
Գաղջ սիրտը կլանվում է ծուլությամբ և մարում է սիրո կրակը: Գաղջ մարդն ապրում է՝ իր պահանջմունքը բավարարելու համար, որը երբեք բավարար չէ, ապրելու այդ ձևը երբեք գոհացնող չէ: Այդպիսի քրիստոնյան աստիճանաբար գոհանում է միջակ կյանքով: Գաղջ մարդը իր ժամանակից ու սրտից միայն մի «տոկոս» է հատկացնում Աստծուն եւ մյուսներին, երբեք չափազանց շատ չծախսելով, այլ ավելի շուտ՝ միշտ խնայելով»:
Եվ նա կորցնում է իր կայնքի համն ու հոտը՝ նմանվելով մի բաժակ ընտիր թեյի, որը անհնար է դառնում փորձել, երբ այն սառչում է». ասաց Քահանայապետը:
Մտածել տերերի նման
Քահանայապետը նաև քարոզեց «գերակտիվ» լինելու գայթակղության դեմ, որտեղ մենք «մտածում ենք տերերի պես»՝ ինչ-որ մեկին ինչ-որ բան տալով՝ միայն նրա համար, որպեսզի ինչ-որ բան ստանանք կամ դառնանք ինչ-որ մեկը: Նմանատիպ դեպքերում ծառայությունը դառնում է միջոց, այլ ոչ թե՝ նպատակ, քանի որ նպատակ են դառնում հեղինակությունը կամ իշխանությունը:
Քահանայապետը ներկաներին քաջալերեց, որպեսզի միշտ միասնական մնան, ապրել խոնարհ՝ բարեգործությամբ և ուրախությամբ, քանի որ Տերը, «ով տարբերություններից ներդաշնակություն է ստեղծում, կպաշտպանի ձեզ»:
Քահանայապետը եզրափակեց իր քարոզը՝ հայցելով Սուրբ Կույս Մարիամի և սրբերի բարեխոսությունը, հատկապես՝ Սբ. Թերեզա Կալկաթացու, և ներկաներին հիշեցրեց վերջերս սրբադասված Մայր Թերեզայի խոսքերը, որոնք ամփոփում են Պապի այդ օրվա ուղերձը՝
«Հավատքի պտուղը սերն է: Սիրո պտուղը ծառայությունն է: Ծառայության պտուղը խաղաղությունն է»:
Թարգմանեց Նարինե Գալոյանը