• Չի՛ կարելի կրոնը դարձնել զենք՝ բռնություն գործադրելու համար.Քահանայապետի ուղերձը՝ Ադրբեջանի իշխանություններին

    «Մենք պետք է խթանենք խաղաղության մշակույթը, որին նպաստում է երկխոսության համար անխոնջ պատրաստակամությունը և այն գիտակցությունը, որ հանձն առնված և կայուն բանակցությունների միջոցով համատեղ լուծումների համբերատար և ջանասիրաբար որոնման համար չկա որևէ խելամիտ այլընտրանք»:


    Ադրբեջան ժամանելուց հետո, 2016թ. հոկտեմբերի 2-ին, Սրբազան Քահանայապետը հանդիպեց երկրի կառավարական, հասարակական և հոգևոր առաջնորդների հետ:

    Ստորև ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի ուղերձի թարգմանությունը:

     

    «Ես շատ ուրախ եմ Ադրբեջան այցելելու համար և շնորհակալ եմ՝ ինձ այս քաղաքում, երկրի մայրաքաղաքում  ջերմ ընդունելու համար, այն քաղաքում, որը գտնվում է Կասպից ծովի ափին՝ քաղաք, որը հիմնովին վերափոխվել և  համալրվել է նոր կառույցներով, ինչպիսին, օրինակ, այս մեկը, որտեղ մենք հանդիպեցինք: Ամենից շատ շնորհակալ եմ, պրն. Նախագահ՝ Ձեր ջերմ ընդունելության համար, որով Դուք  ողջունեցիք ինձ՝ կառավարության ու ադրբեջանական ժողովրդի անունից,  և որ թույլ տվեցիք  ինձ փոխհատուցել անցյալ տարի Ձեր հարգարժան կնոջ հետ Վատիկան կատարած այցի դիմաց:

     

    Ես այս երկիր եմ եկել ձեր բարդ ու հարուստ մշակույթի հանդեպ մեծ հիացմունքով, որը այն ժողովուրդների ներդրած ավանդի պտուղն է, ովքեր պատմության ընթացքում հաստատվել են այս երկրում: Նրանք կյանք են տվել հարուստ փորձառությունների,  արժեքների ու առանձնահատկությունների, որոնք բնութագրում են ժամանակակից հասարակությանը և արտացոլված են ժամանակակից ադրբեջանական պետության բարգավաճման մեջ…

     

    Անցած ճանապարհը այնուամենայնիվ պարզ ցույց է տալիս, որ էական ջանքեր են գործադրվել ամրապնդելու պետական կառույցները և խթանելու ազգի տնտեսական ու քաղաքացիական աճը: Սա մի ճանապարհ է, որը մշտական ուշադրություն է պահանջում բոլորի հանդեպ, հատկապես, ամենաթույլերի հանդեպ՝ մի բան, որը հնարավոր է դառնում՝ շնորհիվ մի հասարակության, որը գիտակցում է բազմաշակութայնության  և մշակույթների անհրաժեշտ փոխլրացման օգուտները: Սա, իր հերթին, քաղաքացիական հասարակության տարբեր բաղադրիչների ու տարբեր կրոնական դավանանքների հետևորդների շրջանում հանգեցնում է փոխադարձ համագործակցության ու հարգանքի:

     

    Տարբերությունները ներդաշնակեցնելու այս համընդհանուր ջանքերը  մեր ժամանակներում առանձնահատուկ կարևորություն ունեն, քանի որ այն ցույց է տալիս, որ հնարավոր է վկայել  ինչ-որ մեկի գաղափարների ու տեսակետների մասին՝ առանց ոտնահարելու ուրիշների իրավունքները, ովքեր ունեն տարբեր կարծիք և հեռանկարներ: Յուրաքանչյուր էթնիկ կամ գաղափարական ինքնություն, ինչպես ամեն իսկական կրոնական ուղի, պետք է բացառի այն դիրքորոշումներն ու մոտեցումները, որոնք օգտագործում են իրենց սեփական համոզմունքներն ու սեփական ինքնությունը կամ Աստծո անունը, որպեսզի օրինականացնեն ուրիշներին ենթարկեցնելն ու գերակայությունը:

     

    Իմ անկեղծ հույսն է, որ Ադրբեջանը կկարողանա շարունակել տարբեր մշակույթների ու կրոնական դավանանքների միջև համագործակցության ճանապարհը: Թո´ղ ներդաշնակությունն ու խաղաղ գոյակցությունը ընդմիշտ լինեն երկրի հասարակական ու քաղաքական կյանքի կենսունակության աղբյուրն՝ իրենց բազմաթիվ արտահայտություններով՝ հնարավորություն ընձեռելով բոլոր տղամարդկանց և կանանց իրենց ներդրումն ունենալ  ընդհանուրի բարեկեցության մեջ:

     

    Աշխարհը, դժբախտաբար, հակամարտությունների մեծ ողբերգություն է ապրում, որն անհանդուրժողականության հետևանք է, ինչն իր հերթին հետևանք է  բռնի գաղափարախոսությունների և ամենաթույլերի իրավունքների մերժման: Որպեսզի արդյունավետորեն դիմակայենք այս վտանգավոր շեղումներին, մենք պետք է խթանենք խաղաղության մշակույթը, որին նպաստում է երկխոսության համար անխոնջ պատրաստակամությունը  և այն գիտակցությունը, որ հանձն առնված և կայուն բանակցությունների միջոցով համատեղ լուծումների համբերատար և ջանասիրաբար որոնման համար չկա որևէ խելամիտ այլընտրանք:

     

    Ճիշտ այնպես, ինչպես երկրի սահմաններում անհրաժեշտ է ներդաշնակություն խթանել  տարբեր ոլորտների միջև, այնպես էլ պետությունների միջև անհրաժեշտ է իմաստությամբ եւ քաջությամբ հաստատակամորեն ընթանալ այն ուղիով, որը տանում է դեպի իրական առաջընթաց և ժողովուրդների ազատության՝ բացելով  նոր ուղիներ, որոնք տանում են երկարատև համաձայնության ու խաղաղության: Այս կերպ ժողովուրդներն կազատվեն ծանր տառապանքից ու ցավոտ վերքերից, որոնք դժվար է բուժել:

     

    Մտածելով նաև այս երկրի մասին՝ ես ցանկանում եմ իմ անկեղծ մտերմությունը ցույց տալ նրանց, ովքեր ստիպված են եղել լքելու իրենց երկիրը, և այն մարդկանց, ովքեր տառապում են արյունահեղ հակամարտությունների պատճառով: Հուսով եմ, որ միջազգային համայնքը, անպայման կկարողանա առաջարկել իր անփոխարինելի օգնությունը: Միևնույն ժամանակ,  տարածաշրջանի կայուն խաղաղության նոր փուլի ձեռնարկման համար, ես բոլորին հրավիրում եմ օգտագործել ամեն մի հնարավորություն՝ հասնելու համար գոհացուցնող լուծման:

     

    Ես վստահ եմ, որ Աստծո օգնությամբ և բոլոր ներգրավված մարդկանց բարի կամքով Կովկասը կլինի մի վայր, որտեղ երկխոսության ու բանակցության միջոցով վեճերն ու տարաձայնությունները կլուծվեն և կհաղթահարվեն: Այսպիսի միջոցներով այս տարածքը՝ «Արևելքի և Արևմուտքի միջև դարպասը»՝ մի գեղեցիկ արտահայտչամիջոց, որն օգտագործել է Սբ. Հովհաննես Պողոս 2-րդը, երբ այցելել է ձեր երկիր, նաև կլինի դարպաս, որը բաց կլինի խաղաղության առջև և կլինի մի օրինակ, որին նայելով՝ մենք կկարողանանք լուծել հին և նոր հակամարտությունները:

     

    Կաթողիկէ Եկեղեցին, չնայած երկրում իր չնչին ներկայությանը, իսկապես ներկա է Ադրբեջանի քաղաքական ու հասարակական կյանքում: Այն մասնակցում է երկրի ուրախություններին ու կիսում մարտահրավերները՝ դիմակայելով  դժվարություններին: Իրավաբանական ճանաչումը, որը հնարավոր դարձավ 2011 թ.  Սուրբ Աթոռի հետ միջազգային պայմանագրի վավերացմամբ, հետագայում  Ադրբեջանում ապրող կաթողիկէ համայնքի համար առաջարկեց կյանքի կայուն կանոնակարգված հիմունքներ:

     

    Ես հատկապես գոհ եմ կաթողիկէ, մահմեդական, ուղղափառ և հրեական համայնքների միջև հարաբերություններից: Իմ հույսն է, որ ընկերության և համագործակցության նշանները շարունակեն աճել: Այս լավ հարաբերությունները մեծ կարևորություն են ներկայացնում՝ խաղաղ գոյակցության և աշխարհի խաղաղության համար և ցույց են տալիս, որ տարբեր կրոնական դավանանքների հետևորդների միջև ջերմ հարաբերությունները, հարգանքը և բարի նպատակներով համագործակցությունը հնարավոր են:

     

    Ճշմարիտ կրոնական արժեքներ դավանելը բոլորովին անհամատեղելի է սեփական տեսակետդ բռնության միջոցով ուրիշներին պարտադրելու փորձի հետ՝ օգտագործելով Աստծո սուրբ անունը՝ որպես  «զենք»: Փոխարենը, թո´ղ որ հավատն առ Աստված լինի աղբյուրն ու ոգեշնչումը՝ փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման, և փոխադարձ օգնության՝ համընդհանուր շահի հետապնդման ճանապարհին:

     

    Թո´ղ Տերն օրհնի Ադրբեջանին ներդաշնակությամբ, խաղաղությամբ ու բարեկեցությամբ»:

     

    Թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց