«Իրական խաղաղությունը կերտվում է փոխադարձ հարգանքի հիման վրա` նախապաշարմունքներից, երկերեսանիությունից ու անհատական շահերից հրաժարվելով»:
2016թ. հոկտեմբերի 2-ին Բաքվի Հեյդար Ալիևի անվան մզկիթում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հանդիպում ունեցավ Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեի, ինչպես նաև այլ կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ:
Հեյդար Ալիևի անվան մզկիթում Սրբազան Քահանայապետին դիմավորեց մահմեդականների Շեյխը: Տեղի ունեցավ նվերների փոխանակում, որից հետո Ֆրանցիսկոս Սրբազան Պապը առանձին կարճ հանդիպում ունեցավ Շեյխի հետ, այնուհետև մզկիթի դահլիճում հանդիպեց երկրի այլ կրոնական հասարակությունների ներկայացուցիչների հետ:
Միջկրոնական հանդիպման ընթացքում`Կովկասի մահմեդականների առաջնորդի բարի գալստյան խոսքից հետո Ֆրանցիսկոս Պապը ողջունեց ներկա կրոնական ու քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչներին: Նա անդրադարձավ հասարակական կյանքում կրոնի դերին, որը պետք է լինի խաղաղության և համերաշխության երաշխիք: Ընդգծեց, որ Կաթողիկէ Եկեղեցին աշխատում է պահպանել համագործակցության՝ ոգին խաղաղ համագործակցություն զարգացնելու համար:
«Բարեգութ և Ողորմած Աստված ուզում է, որ իր զավակները որպես մարդկային մեկ ընտանիք միշտ լինեն երկխոսության մեջ: Դրա համար այստեղ իր մեծ դերակատարությունն ունի կրոնը. օգնել մարդկանց իրնց կյանքի իմաստի փնտրտուքներում, օգնել նրանց հասկանալու, որ մարդ էակի սահմանափակ կարողություններն ու այս աշխարհի բարիքները երբեք չպետք է լինեն բացարձակ պահանջ: Կրոնի կոչումն է մեզ ցույց տալ, որ մարդու կենտրոնը իր անձից դուրս է` ուղղված դեպի Անսահման Բարձրյալը».ասել է Քահանայապետը:
Կրոնները կոչված են կերտելու խաղաղության մշակույթ, որը կատարվում է համբերությամբ, կարեկցությամբ և խոնարհ ու շոշափելի քայլերով: Սա կատարվում է, որպեսզի մարդուն օգնի տարբերակել բարին և այն իրականացնի գործով ու աղոթքով: Կրոնները երբեք չպետք է շահագործվեն, նրանք չեն կարող հակամարտություններին որևէ տեղ տալ: Երբեք պետք չէ Աստծուն աղոթել՝ անձնասիրական հետաքրքրությունների համար, որը չի կարելի արդարացնել արմատականության, իշխանապաշտության կամ գաղութատիրության որևէ գաղափարով: Սրտաբուխ աղմուկ է բարձրանում այս նշանավոր վայրից. «Երբեք չկատարել բռնություն՝ Աստծո անունից: Թող Նրա սուրբ անունը երկրպագվի, այլ` ոչ թե սրբապղծվի և մարդկային ատելությանն ու հակամարտությունների սակարկությանն ենթարկվի»:
Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ Եկեղեցին շարունակում է համոզմունքով հետևել Վատիկանյան Բ Ժողովի սկզբունքներին, որտեղ ընդգված են երկխոսությունն ու համագործակցությունն՝ այլ կրոնների հետ:
Ֆրանցիսկոս Քահանայապետն ընդգծեց, որ իրական խաղաղությունը կերտվում է փոխադարձ հարգանքի հիման վրա` նախապաշարմունքներից, երկերեսանիությունից ու անհատական շահերից հրաժարվելով, աղքատությունն ու անարդարությունը հաղթահարելով, տոկուն խաղաղությամբ խրախուսված խոչընդոտներն հաղթահարելու քաջությամբ, զենքերի վաճառքից և ուրիշների թիկունքից կատարած անօրեն շահարկումներից հրաժարվելով:
Իր խոսքի ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց՝ ասելով, որ ներկայիս կատարված հակամարտությունների խավարում կրոնները պետք է լինեն խաղաղության լուսաբաց, մահվան ավերածության մեջ` վերածննդյան սերմեր, անդադար հնչող երկխոսության արձագանք, հանդիպման և հաշտության ճանապարհ` հասնելու համար այնտեղ, որտեղ պաշտոնական միջամտության փորձերը արդյունք չեն տալիս:
Թարգմանեց Նաիրա Բաղդասարյանը