Ուրախություն եմ զգում ձեզ հանդիպելու և քաջալերելու համար:
2016թ. հոկտեմբեր 1-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վրաստան կատարած Առաքելական ճամփորդության ընթացքում հանդիպեց Վրաստանում գործող Կաթողիկէ Եկեղեցու բարեսիրական կազմակերպությունների աշխատակիցների և նրանց խնամակալության տակ գտնվող անձանց հետ։
Քամիլյան միաբանության խնամակալության կենտրոն ժամանելիս Նորին Սրբությանը դիմավորեց Վրաստանի Կարիտասի տնօրեն տկն. Անահիտ Մխոյանը, ով նախկինում զբաղեցնում էր Հայկական Կարիտասի տնօրենի պաշտոնը: Ինչպես հայտնի է, Արհ. Տ. Ռաֆայել արք. Մինասյանը նաև Վրաստանի Կարիտասի ընդհանուր նախագահն է: (Տկն. Անահիտ Մխոյանի հետ հարցազրույցին՝ Վրաստանի Կարիտասի գործունեության մասին կարող եք ծանոթանալ այստեղ):
Նորին Սրբության հետ հանդիպումը տեղի ունեցավ բարեսիրական կառույցի դիմաց գտնվող բացօթյա տարածքում, որտեղ Սրբազան Քահանայապետին ողջունեցին կաթողիկէ բարեսիրական կառույցների աշխատակիցներ, հիվանդներ, հաշմանդամություն ունեցող անձինք՝ շուրջ 700 հոգի։ Նորին Սրբությունը ողջունեց բոլորին մեկ առ մեկ, օրհնց նրանց, զրուցեց, գրկեց ու ջերմ խոսքեր ասաց:
Վրաստանի Կարիտասի անդամ Հայր Կակաշիշվիլիի ողջույնի խոսքից հետո Սրբազան Քահանայապետը ներկաներին ուղղեց իր խոսքը: Քահանայապետի կողքին նստած էին Արհ. Տ. Ռաֆայել արք. Մինասյանը և Կովկասի լատին ծեսի կաթողիկէների առաջնորդ արքեպիսկոպոս Ջուզեպպե Բազոտտոն:
Նորին Սրբությունը իր երախտագիտությունը հայտնեց բարեսիրական կազմակերպության աշխատակիցներին և կամավորականներին՝ վեհանձն ծառայության համար ի սպաս կարիքավորների։
Ապա Քահանայապետը փաստեց, որ բարեսիրական հաստատությունների գործունեությունը եղբայրական համագործակցության ուղին է՝ երկրի զանազան ծեսերի պատկանող քրիստոնյա հավատացյալների միջև:
Սա նպաստում է միությանը եւ վկայությունն է հաղորդության։
Սրբազան Հայրը հավատացյալներին քաջալերեց հարատևել իրենց բեղուն գործունեության մեջ՝ նկատի առնելով, որ աղքատ և տկար անձերը Քրիստոսի Մարմինն են:
Նորին Սրբությունը, դիմելով բարեսիրական ծառայությունների հոգածության տակ գտնվող երեխաներին ու տարեցներին՝ ասաց.
«Ուրախություն եմ զգում ձեզ հանդիպելու և քաջալերելու համար: Թո´ղ Տերը երբեք միայնակ չթողնի ձեզ, Նա միշտ ձեզ հետ է, միշտ պատրաստ՝ ձեզ մոտիկ լինելու և ուժ տալու դժվար պահերին»:
Իր խոսքի ավարտին Քահանայապետը նշեց, որ եղբայրասիրական նախաձեռնությունները պտուղն են հասուն Եկեղեցու, ո´ր ծառայում է, ո´ր հույս է ներշնչում և Աստծո ողորմածությունն է հայտնում:
Ֆրանցիսկոս Պապը ներկաներին քաջալերեց շարունակել ապրել եղբայրասիրությամբ և համայն մարդկության մեջ բացահայտել խանդավառ սերը, որ գալիս է Աստծուց:
Թարգմանեց Նաիրա Բաղդասարյանը