• Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ժամանումը և առաջին հանդիպումները Թբիլիսիում

    Կաթողիկէ Եկեղեցին պատրաստ է իր ներդրումն ունենալ Վրաստանի զարգացման մեջ՝ համագործակցելով պետական, հասարակական և կրոնական բոլոր սուբյեկտների հետ:


     

    Սրբազան Քահանայապետ. «Վրաստանի բարգավաճման նախպայմանը հանդիսանում է տարածաշրջանի բոլոր ժողովրդների միջև խաղաղ գոյակցությունը»

     

    Սեպտեմբերի 30-ին տեղական ժամանակով ժամը 15-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ժամանեց Թբիլիսի: Օդանավակայանում նրան դիմավորեցին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իլիա Բ-ը, բարձրաստիճան հոգևորականներ և պաշտոնյաներ, այդ թվում և՝ Արհ. Տ. Ռաֆայել աք. Մինասյանը:

     

    14463050_1779333572305698_5164122524509712055_n

    Սրբազան Քահանայապետը նախ մասնավոր հանդիպում ունեցավ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, որից հետո հանդիպեց դիվանագետների, իշխանության և հասարակության ներկայացուցիչների հետ:

     

    Իր կարճ ելույթում Սրբազան Քահանայապետը Վրաստանն անվանեց «Օրհնյալ երկիր», քանի որ այն հանդիսանում է հանդիպման վայր՝ մշակույթների միջև և քրիստոնեական սերմերով բերքառատ երկիր, ինչպես ընդգծել էր դեռևս Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապն իր Վրաստան կատարած հովվական այցելության ժամանակ՝ 1999թ-ին:

     

    Ֆրանցիսկոս Պապի խոսքերով, Վրաստանի պատմությունն ու այն արժեքները, որոնց վրա նա հենվում է, լիարժեք իրավունք են տալիս նրան դասելու եվրոպական քաղաքակրթության շարքին: Սակայն կարևոր է նաև Վրաստանի դերը՝ որպես «բնական կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև»: Վրաստանն այդ առաքելությունը իրականացնում է իր աշխարհագրական դիրքից ելնելով, որը հեշտացնում է «կապն ու հաղորդակցությունը ժողովուրդների միջև»:

     

    Քահանայապետը խոսեց նաև Վրաստանի անկախության 25-րդ տարելիցի մասին: Այդ ժամանակահատվածում` «ոչ առանց էական զոհերի ու կորուստների», վրաց ժողովուրդը կառուցեց ու առավել հաստատուն դարձրեց իր ժողովրդավարական ինստիտուտները` ձգտելով հասնել իրական զարգացման: Նորին Սրբությունը վրաց ժողովրդին ցանկացավ, որ նրանք շարունակեն քայլել խաղաղության և զարգացման ճանապարհով` «ստեղծելով կայունության, իրավահավասարության և օրինականության նկատմամբ հարգանքի պայմաններ, որոնք ուղղված կլինեն բոլորի հնարավորությունների ընդլայմանն ու աճի խթանմանը»:

     

    Այնուհետև Սրբազան Քահանայապետն ասաց, որ Վրաստանի առաջընթացի համար անհրաժեշտ նախապայմանը դա «խաղաղ գոյակցությունն է տարածաշրջանի բոլոր ժողովրդների և պետությունների միջև»: Իսկ դա «պահանջում է փոխադարձ հարգանքի մեծացում և խոհեմություն, որոնք չեն կարող անտեսել որևէ երկրի լիազորությունները միջազգային իրավունքի շրջանակներում»,-ընդգծեց Սրբազան Հայրը` կոչ անելով վեճերի լուծման համար դիմել երկխոսության այնպես, որ գերակայեն «ողջամտությունը, զսպվածությունն ու պատասխանատվությունը»: Դա շատ կարևոր է ներկայիս պատմական իրավիճակում, որը բնորոշվում է ծայրահեղականության բռնկումներով, որը «քմահաճորեն օգտագործում է քաղաքացիական և կրոնական սկզբունքներն ու խեղաթյուրում դրանք` ենթարկելով իրենց տիրապետության և մահվան գաղափարներին»:

     

    Անդրադառնալով բռնության և անհանդուրժողականության «վերահսկման բացակայությանը», որոնք հանգեցնում են մարդու և հասարակության զգալի կործանմանը` Ֆրանցիսկոս Պապը կոչ արեց հաշվի առնել ազգային, լեզվական, քաղաքական ու կրոնական տարբերություններն ու առանձնահատկությունները՝ որպես  փոխադարձ հարստացման աղբյուր ի նպաստ ընդհանուր շահերի: Որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոք «խաղաղության մեջ ապրի իր երկրում կամ էլ հանգիստ այնտեղ վերադառնա, եթե որևէ պատճառով ստիպված է եղել այն լքել»:

     

    Իր ողջույնի խոսքի ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց, որ Կաթողիկէ Եկեղեցին պատրաստ է «իր ներդրումն ունենալ` ակտիվորեն համագործակցելով իշխանության և քաղաքացիական հասարակութայն հետ», ինչպես նաև «նոր և զարգացող երկխոսության միջոցով՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու և երկրի մյուս կրոնական համայնքների հետ»:

     

    Ռադիո Վատիկանից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց