Սրբազան Քահանայապետի Վրաստան և Ադրբեջան կատարելիք հովվական այցի մանրամասները՝ մամլո ասուլիսում:
2016թ. սեպտեմբերի 30-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կմեկնի Վրաստան, ապա Ադերբեջան`ամբողջացնելով Կովկասյան տարածաշրջան իր առաքելական ճամփորդությունը, որը սկիզբ էր առել 2016թ. հունիսին Հայաստան` «առաջին քրիստոնյա երկիր», կատարած առաքելական պատմական այցելությամբ:
2016թ. սեպտեմբերի 26-ին Սուրբ Աթոռի Մամլո գրասենյակի տնօրեն Գրեգ Բուրկը Հովհաննես Պողոս Բ անվան սրահում մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեց Սրբազան Քահանայապետի միջազգային առաքելական ճամփորդության հայտագիրն ու նպատակակետերը:
Ֆրանցիսկոս Պապի վերոնշյալ առաքելական ճամփորդությունը միջազգային առաքելական 16-րդ ճամփորդությունն է:
Նշենք, որ մինչ Ֆրանցիսկոս Պապը՝ 1999թ-ին, Վրաստան է այցելել նաև Սուրբ Հովաննես Պողոս Բ Քահանայապետը, ով 2002թ-ին այցելել է նաև Ադրբեջան:
Այս երկու հովվական այցելություններն ունեն համամիութենական և միջկրոնական նշանակություն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վրաստանի 4,5 մլն բնակչության հավատացյալների մեծամասնությունը պատկանում է Ուղղափառ Եկեղեցուն, մինչդեռ Ադրբեջանի գրեթե 9 մլն բնակչության ճնշող մեծամասնությունը մահմեդականներ են:
Վրաստանի բնակչության հարյուրից միայն 0,8 % են կաթողիկէներ՝ լատին, քաղդեացի ու հայկական ծեսով համայնքներից: Վրաստանում ապրող կաթողիկէների ճնշող մեծամասնությունը հայ կաթողիկէներն են:
Վրաստան այցելության հայտագրի շրջանակներում Սրբազան Քահանայապետը, որպես Քաղդեական Եկեղեցու հետ մտերմության դրսևորում, պետք է հատուկ այց կատարի Թբիլիսիի Քաղդեացիների եկեղեցի՝ հանդիսանալով առաջին Քահանայապետը, ով կայցելի Քաղդեական եկեղեցի: Այս առիթով նրան պետք է դիմավորի Իրաքից ժամանած Քաղդեացիների Լուիս Ռաֆայել Սարգիս Պատրիարքը, ում կընկերակցեն Քաղդեացի Եկեղեցու 13 եպիսկոպոսներ:
Սրբազան Քահանայապետի վերոնշյալ առաքելական ճամփորդությանը, ինչպես միշտ, պետք է միանան միջազգային լրատվամիջոցները ներկայացնող 75 լրագրողներ, Քահանայապետական պատվիրակության մաս պետք է կազմեն Սուրբ Աթոռի Պետական Քարտուղար Կարդինալ Պարոլինին, Արևելյան Եկեղեցիների Սուրբ Ժողովի Կառավարիչ Կարդինալ Լեոնարդո Սանդրին և Քրիստոնյաների միության Քահանայապետական խորհրդի նախագահ Կարդինալ Քոխը, ինչպես նաև՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկների առաջնորդ Արհիապատիվ Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը:
Վրաստանում Սրբազան Քահանայապետը հանդիպումներ պետք է ունենա երկրի նախագահի ու պետական մարմինների հետ, ինչպես նաև Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իլիա Բ-ի հետ, այնուհետև հանդիպելու է քաղդեացի հասարակության հետ:
Ճամփորդության երրորդ օրվա՝ հոկտեմբերի 1-ի, հայտագիրը նախատեսում է Սուրբ Պատարագ՝ Թբիլիսիի մարզադաշտում, որին մասնակցելու են նաև Վրաստանի հայ կաթողիկէ համայնքների հարյուրավոր հավատացյալներ՝ իրենց հոգևորականների հետ միասին: Նրանց կմիանան նաև Հայաստանի ուխտավորները՝ հայ կաթողիկէ հոգևորականների և 300-ից ավելի հայ երիտասարդների խումբը, ինչպես նախատեսվում է:
Սբ. Պատարագին կհաջորդի հանդիպում հոգևորական դասի չորս ներկայացուցիչների հետ, նրանցից մեկը հայ կաթողիկէ քահանա է, ովքեր Սրբազան Քահանայպետին պետք է ներկայացնեն իրենց առաքելական փորձառության վկայությունները: Նորին Սրբությունը նույն օրը կայցելի նաև Քամիլիան միաբանության բարեսիրական հաստատություն, իսկ երեկոյան պաշտոնական այց կկատարի Վրաստանի Պատրիարքական Աթոռանիստ Եկեղեցի:
Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հոկտեմբերի 2-ին հրաժեշտ կտա Վրաստանին և կմեկնի իր ճամփորդության երկրորդ հանգրվան՝ Ադրբեջան, այնտեղ նա անմիջապես կայցելի Սալեզյան Միաբանության կենտրոն, որտեղ կմատուցի Սուրբ Պատարագ, ապա պաշտոնական այց կկատարի նախագահական պալատ և կայցելի երկրի Իմամին, այնուհետև կմասնակցի միջկրոնական հանդիմանը, որով և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կավարտի Իտալիայի սահմաններից դուրս իր 16-րդ միջազգային առաքելական ճամփորդությունը և կվերադառնա Վատիկան:
Թբիլիսիում Սբ. Պատարագին հայերի մասնակցության մասին տես նաև Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի հարցազրույցը:
Լուրն՝ ըստ Ռադիո Վատիկանի հայկական բաժնի: Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը